ԱՄՆ-ը եւ ԵՄ-ը կճանաչեն Կոսովոյի անկախությունը, եթե նա իրեն անկախ հռչակի մինչեւ երկկողմ բանակցությունների համար շփման խմբի հատկացրած ժամկետի ավարտը: Այդ մասին գրում է Փարիզում լույս տեսնող «Ինտերնեշնըլ հերալդ թրիբյուն» ամերիկյան թերթը, վկայակոչելով եվրոպացի եւ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետների:
«Խաղի ծրագիրն արդեն հաստատված է: Բանակցությունները կավարտվեն դեկտեմբերի 10-ին: Եթե զգացվի, որ Սերբիան եւ Կոսովոն չեն կարողանում համաձայնության գալ երկրամասի ապագայի շուրջը, ապա Կոսովոն միակողմանի կարգով անկախություն կհռչակի: Ընդսմին թե՛ ԱՄՆ-ը եւ թե՛ եվրոպացիները կճանաչեն անկախությունը, որպեսզի միասնական մնան», թերթին հայտնել է մի դիվանագետ իր անունը չհրապարակելու պայմանով:
Թերթը գրում է, որ Եվրոմիությունը կպաշտպանի ԱՄՆ-ի դիրքորոշումը, չնայած նախապատվությունը տալիս է ՄԱԿ-ի մասնակցությամբ խնդրի լուծմանը: Սակայն ԵՄ 27 երկրների համար դժվար կլինի «միաձայն խոսել»: Եվրոպական մի շարք երկրներ ոգեւորված չեն Կոսովոյի անջատման հեռանկարից, վախենալով, որ այդ դեպքում առանց ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի «միակողմանիորեն» անկախանալու նախադեպն օրինակ կծառայի անջատական մյուս շարժումների համար: