«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2007-09-21 | #173, 2007-09-25 | #174, 2007-09-26


ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ԼՂՀ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ ստորագրել է հրամանագիր նոր կառավարության ձեւավորման մասին: Նախագահի հրամանագրով նշանակվել են կառավարության նոր անդամները:

Նախկին կառավարությունից իրենց պորտֆելները պահպանել են ֆինանսների եւ էկոնոմիկայի, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները, ինչպես նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը: Տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքների զարգացման նախարար Արմո Ծատրյանը նշանակվել է գյուղնախարար` միաժամանակ ստանձնելով փոխվարչապետի պաշտոնը:

Հրամանագրով արդարադատության նախարար է նշանակվել ՀՅԴ Արցախի գրասենյակի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը, առողջապահության նախարար` «Արեւիկ» մանկական բուժմիավորման (նախկին հանրապետական մանկական հիվանդանոց) գործադիր տնօրեն Արմեն Խաչատրյանը, սոցապ նախարար` ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Նարինե Ազատյանը, քաղաքաշինության նախարար` նույն նախարարության «Կապիտալ շինարարություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ալեքսանդր Մամունցը: Իսկ ահա վերակազմավորված տնտեսական զարգացման նախարարությունը կգլխավորի ԼՂՀ ազգային վիճակագրության ծառայության տնօրեն Բենիկ Բաբայանը: Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով վերջինս ազատվել է ԱՎԾ տնօրենի պաշտոնից:

Կառուցվածքային փոփոխության է ենթարկվել կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը: Այս կառույցի տրոհմամբ ձեւավորվել են երկու առանձին` կրթության եւ գիտության ու մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարություններ, ինչպես նաեւ մեկ պետական կոմիտե: Կրթության եւ գիտության նախարար է նշանակվել ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Վլադիկ Խաչատրյանը, իսկ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար` Արցախի հանրային հեռուստատեսության գլխավոր խմբագիր Նորեկ Գասպարյանը:

Ինչպես «Ազգի» թղթակցին տեղեկացրին կառավարության մամուլի ծառայությունում, այսօր վարչապետ Արայիկ Հարությունյանը նորանշանակ նախարարներին կներկայացնի համապատասխան գերատեսչություններում: Կառավարությանն առընթեր մյուս կառույցներում փոփոխություններն ավարտվելու են առաջիկա օրերին` ոչ ուշ, քան մինչեւ հոկտեմբերի 1-ը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4