21-րդ դարում` ողջ աշխարհի աչքի առաջ
«Ո՛չ բոլոր ժամանակների բոլոր ցեղասպանություններին» կոչով երեկ Հայաստանում տեղի ունեցավ մի ակցիա, որ խորհրդանշում է հայ ժողովրդի սրտակցությունը Դարֆուրում 2003-ից մինչ օրս ցեղասպանվող ժողովրդին:
Քաջատեղյակները փաստում են, որ 1994-ի Ռուանդայի ցեղասպանությունից ի վեր աշխարհը դեռ չի տեսել տեղահանման, սովի, բռնաբարության եւ զանգվածային ջարդերի այնպիսի կանխամտածված արշավ, ինչպիսին Դարֆուրինն է: 21-րդ դարի առաջին այս ցեղասպանությանն արդեն զոհ են գնացել 400 հազար անմեղ քաղաքացիներ, բռնի տեղահանվել են 2 միլիոնից ավելի քաղաքացիներ, 3,5 միլիոնից ավելի մարդիկ գոյատեւում են զուտ մարդասիրական օգնության հաշվին:
Աշխարհը մարդասիրությունից մղված փորձում է ամեն կերպ դադարեցնել ցեղասպանությունը, որ ամոթալի ապտակ է քաղաքակիրթ համարվող 21-րդ դարի մարդկության երեսին: Երեկ Հայաստանն ի դեմս Ամերիկայի հայկական համագումարի եւ «Երազանք հանուն Դարֆուրի» կազմակերպության ջանքերի, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հանդիսապետությամբ եւ Սբ. Էջմիածնում հյուրընկալված Քենթրբերիի արքեպիսկոպոս Ռուան Ուիլյամսի եւ այլ պաշտոնական հյուրերի ուղեկցությամբ միացավ քարոզարշավին, որ անցկացվում է «Օլիմպիական երազանք հանուն Դարֆուրի» ծրագրի շրջանակներում:
Առավոտյան ծաղկեպսակներ դրվեցին Եղեռնի զոհերի հուշարձանին, ապա հայ եւ դարֆուրցի վերապրողների ձեռքով վառվեց օլիմպիական ջահը, որ ներկաները միմյանց փոխանցեցին` ի նշան հորդորի, որ 2008 թվականի օլիմպիական խաղերի կազմակերպիչ եւ անցկացնող Չինաստանը վերանայի իր քաղաքական դիրքորոշումը եւ համոզի պաշտոնական Խարթումին (Սուդան) թույլատրելու, որ խաղաղապահ ուժեր տեղակայվեն հակամարտության վայրում: (Պաշտոնական Պեկինը տնտեսական լծակներ կարող է գործադրել հանուն դարֆուրցիների անվտանգության):
Ընդդեմ ցեղասպանության միջոցառումը Հայաստանում իրականացրեց Ամերիկայի հայկական համագումարի հայաստանյան եւ արցախյան ներկայացուցչությունը: Տարածաշրջանային կազմակերպության տնօրեն Արփի Վարդանյանը տեղեկացրեց, որ մարդասիրական այս ակցիային հրավիրել են մասնակցելու բոլոր հայտնի սպորտսմեններին ու արվեստի գործիչներին, որպեսզի նրանց հեղինակությունը եւս ծառայի հասարակության իրազեկման բարձրացմանը: 13-ամյա Հրանտ Հայրապետյանը քիգբոքսինգի բազմաթիվ հաղթանակների ու շքանշանների չեմպիոն է: «Ցանկանում եմ, որ երբեք ցեղասպանություն չկատարվի, որովհետեւ դա ամենամեծ ոճրագործությունն է», ասում է նա:
«Ցեղասպանությունը հանցագործություն է ոչ թե մեկ մարդու կամ մեկ ժողովրդի, այլ համայն մարդկության դեմ: Եթե մենք չենք ուզում, որ ցեղասպանությունները կրկնվեն, պիտի դատապարտենք դրանք: Ինչ վերաբերում է Դարֆուրին, ինչպե՞ս կարող ենք լռել, երբ դրա ականատեսն ենք եւ հատկապես ինչպե՞ս կարող ենք պահանջել, որ աշխարհն ընդունի այն, ինչ կատարվեց մոտ 100 տարի առաջ մեզ հետ, եթե չընդունենք այն, ինչ տեսնում ենք», ասաց քաղաքագետ, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը:
Ուշագրավ էր դարֆուրցի վերապրող Օմար Իսմայիլի ելույթը, որը համեմատությամբ խոսեց. «Մեզ տարբերում են մեր կրոնը, մեր մշակույթն ու մաշկի գույնը, բայց մեզ միավորում է ցեղասպանությունը, որ առաջինը վերապրեցիք դուք` անցյալ դարասկզբին, մենք` առաջինը այս դարասկզբին: Ցեղասպանություններ, որոնք ճանաչված չեն: Մեր երկու ժողովուրդն էլ ցեղասպանության պատմության մասին պատմող գրքի մաս են կազմում»:
Երեւանում անցկացվող քարոզչական արշավը շարունակվեց Հանրապետության հրապարակում, ուր յուրաքանչյուր հայ սեփական մոմը վառելով փորձեց միանալ համամարդկային կանչին` դադարեցրեք կոտորածը Դարֆուրում: Կանչն, իհարկե, առաջին հերթին Սուդանին է ուղղված, որի քաղաքականության պատճառով արյուն է հեղվում մեր օրերում եւս:
Հայաստանը երրորդ երկիրն է, որ մասնակցում է «Դարֆուրից Պեկին» օլիմպիական ջահի խորհրդանշական փոխանցման նախաձեռնությանը: Միջազգային այս երթը ոտքի է հանելու այն երկրների ժողովուրդներին, ում պատմությունը գրանցել է ցեղասպանության արյունածոր էջեր:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ