«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2007-09-21 | #173, 2007-09-25 | #174, 2007-09-26


ԿԱՐԵՎՈՐ Է, ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ԿԸՆՏՐՎԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ

Մոնոլի՞տ, թե՞ մրցակցային իշխանության կողմնակից է Վիկտոր Դալլաքյանը

ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը երեկ «Փաստարկ» ակումբում երկու թեմայից խոսեց` խորհրդարան եւ նախագահական ընտրություններ: Սահմանադրական փոփոխություններից հետո Ազգային ժողովի լիազորությունները մեծացել են, սակայն հենց առաջին նստաշրջանը ցույց տվեց, որ ԱԺ ներկա կազմն ի վիճակի չէ կատարելու այն խնդիրները, որոնք դրված են ԱԺ-ի առջեւ լիազորությունների հետ կապված, եւ, ըստ Դալլաքյանի, պրոֆեսիոնալ, քաղաքական եւ այլ որակներով էապես զիջում է նախորդ ԱԺ-ին, որը դարձյալ իր որակներով աչքի չէր ընկնում. ըստ էության ԱԺ-ն դարձել է կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունների դակիչ:

Իսկ իշխանության հարցը գործող սահմանադրությամբ լուծվում է խորհրդարանական ընտրությունների արդյունքում` խորհրդարանում կա մեծամասնություն, որը նշանակել է վարչապետ. այսինքնՙ խոսք է գնում ապագայում մոնոլիտ իշխանության ձեւավորման մասին, եզրակացրեց Դալլաքյանը: Եթե ապագա նախագահը լինի ոչ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ, ապա խորհրդարանական մեծամասնությունն օրենքներում փոփոխություն կատարելով` հարկայինի, մաքսայինի, ԱԱԾ, ոստիկանության ղեկավարներ կնշանակի, նախարարությունների թիվն ու բնույթն էլ կորոշեն խորհրդարանական մեծամասնությունն ու նրա վարչապետը: Դալլաքյանն ասում էր, որ նախագահական ընտրությունների գնալու երկու ճանապարհ կա. մեծամասնության ներկայացուցիչը նախագահ դառնա` մոնոլիտ իշխանություն ձեւավորի, եւ, հակառակ դեպքում` նախագահի ինստիտուտը կներկայացնեն կա՛մ ընդդիմությունը, կա՛մ չեզոք դաշտը, ու տվյալ պարագայում Հայաստանում կարող է ստեղծվել մրցակցային իշխանություն:

Ըստ Դալլաքյանի` միշտ չէ, որ մոնոլիտ իշխանությունն արդյունավետ է, «ավելի արդյունավետ է մրցակցային, բայց ոչ կոնֆրոնտային իշխանությունը»:

Առաջիկա ամենակարեւոր իրադարձությանը` նախագահական ընտրություններին թեկնածու կառաջադրեն իշխանական, ընդդիմադիր (իր տարբեր նրբերանգներով, միգուցե նաեւ` միասնական թեկնածուով, թեեւ դա տեսական է եւ հազիվ թե այդպիսի բան լինի) եւ չեզոք բեւեռի թեկնածուներ: Ընդդիմադիր եւ իշխանական դաշտում կլինեն մի քանի բեւեռներ: Միաժամանակ նա չբացառեց, որ ընդդիմադիր բեւեռի միասնական թեկնածուն, օրինակ, դառնա Լեւոն Տեր-Պետրոսյանը: Վերջինս թեեւ 10 տարի լռելուց հետո կոշտ էր իր գնահատականներում, բայց նաեւ հենց այդ կոշտ գնահատականների տրամաբանությունը Դալլաքյանին հուշում է, որ ՀՀ առաջին նախագահը պետք է առաջադրվի: Նրա եւ ՀՅԴ թեկնածուի առաջադրումը կարող է հետաքրքրություն մտցնել ընտրապայքարում, քանի որ ծրագրերի եւ ոչ թե կոմպրոմատների պայքար պետք է ընթանա: Չնայած ավելի ուշ, պատասխանելով «Ազգի» հարցին, թե ընդդիմադիր թեկնածուներից ո՞վ հնարավորություն ունի բեւեռներ ձեւավորելու` տվեց նաեւ Արտաշես Գեղամյանի, Արթուր Բաղդասարյանի, Արամ Կարապետյանի եւ Վազգեն Մանուկյանի, Ստեփան Դեմիրճյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի անուները` չնեղացրեց ոչ մեկին, եւ ասաց, թե Հայաստանի ընդդիմադիր դաշտը հարուստ է հետաքրքրական քաղաքական գործիչներով, նրանք կարող են ընդդիմադիր բեւեռներ ձեւավորել: Դալլաքյանի անձնական դիտարկմամբ` եթե ընդդիմությունը կարողանա համախմբվել մեկ միասնական թեկնածուի շուրջը, չգործի խորհրդարանական ընտրությունների սխալը եւ տարբեր ընդդիմադիր թեկնածուների վրա չփոշիացնի քվեները, դաշտը սեւ-սպիտակ կդառնա` ընդդիմության միասնական թեկնածուն լուրջ մրցակցություն կարող է առաջացնել իշխանական թեկնածուի հետ:

Ըստ Վ. Դալլաքյանի` իր համար ավելի կարեւոր է ոչ թե այն, թե ո՞վ կընտրվի երկրի նախագահ, այլ` թե ինչպե՞ս կընտրվի: Այսինքն` կարեւոր է երկրի նախագահի լեգիտիմության հարցը, չպետք է կասկածի առիթ տա թե՛ ներսում, թե՛ դրսում` նկատի ունենալով մարտահրավերները: Ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը մեր երկրի համար խիստ կենսական է` ի վերջո Հայաստանն այդպիսի ընտրություններ ապահովելով կարո՞ղ է դառնալ մրցակցային պետություն մեր տարածաշրջանում: Եվ, զարմանալիորեն, այդպիսի ընտրություններ ապահովելու դերակատարումը նա վերագրեց նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը քաղաքական կամք դրսեւորելով պետք է պատժի նախկին ընտրությունների կեղծարարներին, ընտրական օրենսգրքի այնպիսի փոփոխություն նախաձեռնի, որ ընդդիմությունն ու իշխանությունը հավասարաչափ ներկայացվեն ընտրական հանձնաժողովներում:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4