«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2007-09-21 | #173, 2007-09-25 | #174, 2007-09-26


ՄԵԾ ՊԱՍ

Ծոմապահություն հանուն որկրամոլության

Վերջին ընտրություններից հետո երկրում տեղի ունեցան մի քանի սկզբունքային փոփոխություններ, որոնք իրենց կնիքը կդնեն ապագա նախագահական ընտրությունների վրա:

1. Խորհրդային ժամանակներից սկսած` առաջին անգամ ԱԺ-ում մեկ կուսակցությունը որոշեց եւ ստացավ բացարձակ մեծամասնություն:

2. Ընդդիմությունը կամ, ավելի ճիշտ, կուսակցությունները, որոնք հանդես էին գալիս ընդդիմության դրոշով, ջախջախվեցին, եւ սկսվեց «նոր» ընդդիմության ձեւավորումը:

3. Այս ամենը իրականացվեց մեկ կենտրոնից եկող որոշումով:

Կատարված փոփոխությունների հետեւանքները դեռեւս լիովին գիտակցված չեն: Հայտնի են միայն մակերեսին եղածները, օրինակ` անորոշ զգացումը, թե մենք ապրում ենք խորհրդային ամենաայլանդակ դրսեւորումներ ունեցող համակարգում (միակուսակցական համակարգ, սպասարկող մտավորականության ճանաչելի շերտ, լաքեյական շոու-բիզնես, միակենտրոն տնտեսություն), շոշափելի որոշակիություն ստացավ:

Կառավարման կենտրոնի` հասարակական գիտակցության նկատմամբ իրականացրած աճպարարությունը, հոգեւոր եւ բարոյական միջավայրի քայքայումը, ազգային արժանապատվության, մշակութային ժառանգության նկատմամբ բացասական վերաբերմունքի ձեւավորումը, մեր հասարակությանը փորձում են դարձնել հոգեզուրկ, ընդհանուր նպատակներ չունեցող մարդկային մի հավաքականություն, որի հետ կարելի է վարվել ուզածիդ պես: Երկիրը ոչ թե կառավարվում է, այլ տիրապետվում:

Ռեժիմը ենթադրում է, որ կապահովի իր հաղթանակը առաջիկա ընտրություններում` կիրառելով մինչ այդ եղած ընտրական կեղծարարության փորձված մեթոդները: Ովքեր պայքարում են ռեժիմի դեմ եւ մտադիր են հասնել հաջողության, պետք է կարողանան զրկել նրան իր ունեցած գլխավոր առավելությունից` վարչական ռեսուրսից, որը բոլոր պարագաներում զիջում է հասարակության հավաքական ուժին: Ի վերջո Հայաստանում 1995-ից սկսած ոչ մի ընտրություններում իշխանությունները դե ֆակտո հաղթանակ չեն տարել: Այս ամենի արդյունքում հասարակական քննարկման նյութ են դարձել մի քանի նախագծեր:

Նախագիծ թիվ 1. Միասնական թեկնածու

Ըստ այս նախագծի կողմնակիցների, եթե տեղի ունենա հայտնի քաղաքական կուսակցությունների համաձայնություն` իրենցից մեկի ղեկավարին պաշտպանելու մասին, դա կբերի հասարակական համախմբման բավարար մակարդակի` իշխանության վարչական առավելությունը չեզոքացնելու եւ հետեւաբար հաղթանակի հասնելու համար: Նախագծի դրականն այն է, որ կան միասնական թեկնածուի հասարակական պահանջ, նախադեպեր (1996-2003), ինչպես նաեւ չափազանց թարմ են վերջին ընտրությունների դառը դասերը: Բացասականն այն է, որ միասնական թեկնածու առաջադրելու մեխանիզմները շատ արհեստական են (ինչի վրա էլ հույսը դրել է ռեժիմը): Հաջողությունը կախված է թեկնածուի անձից` X-ը գուցե հաղթի, բայց Y-ի դեպքում համախմբում չի լինի: Մի դեպքում կարգախոսը պետք է պարունակի հստակ ձեւակերպում` ինչի համար է իշխանափոխությունը, հետո միայն միասնական թեկնածուի անձնավորում: Սակայն առայժմ փնտրտուքը գնում է հակառակ ուղղությամբ` տեսնենք ով է, հետո կասենք, թե ինչի համար: Ցավոք, սա նույնպես աճպարարություն է: Այս պարագայում գլխավոր կարգախոսը անհրաժեշտաբար կլինի` իշխանափոխություն հանուն իշխանափոխության:

Նախագիծ թիվ 2. «Զապադ նամ պոմոժետ»

Անհրաժեշտ է գտնել այն թեկնածուին, որի միջոցով կարելի է համաձայնության գալ Արեւմուտքի ազդեցիկ ուժային կենտրոնների հետ, որոնք «հայտնի մեթոդներով» երկրում կիրականացնեն տարագույն իշխանափոխություն: Սրա կողմնակիցների մեջ թերեւս լինեն արեւմտյան արժեքներ կրող ազնիվ մարդիկ, որոնց շարժիչ ուժը ռեժիմի նկատմամբ ունեցած ատելությունը կամ արհամարհանքն է, ինչը զգալիորեն բթացնում է վտանգի զգացողությունը: Առանց կասկածի այս նախագծի իրականացման գլխավոր խաղաքարտը Ղարաբաղն է: Գլխավոր կարգախոսը` ավելի լավ է լինել Արեւմուտքի ճորտը, քան Ռուսաստանի:

Նախագիծ թիվ 3. Վազգեն Մանուկյան - Լեւոն Տեր-Պետրոսյան տանդեմ

Այս նախագծի կողմնակիցները հիմնականում քաղաքական գործընթացները հասկացող եւ գործնական քաղաքականությանը տիրապետող մարդիկ են: Նրանք կարծում են, որ տանդեմը հնարավորություն կտա առաջացնելու հասարակական ակտիվության բավարար մակարդակ եւ համախմբում: Նախագիծն ունի 2 էական թերություն` Վազգեն Մանուկյան - Լեւոն Տեր-Պետրոսյա՞ն, թե՞ Լեւոն Տեր-Պետրոսյան - Վազգեն Մանուկյան. հերթականությունից է կախված հաջողությունը: Երկրորդ թերությունըՙ տանդեմ կառուցելու հավանականությունը շատ փոքր է` ելնելով այս գործիչների կառավարման հիմքում եղած գաղափարական սկզբունքների եւ աշխարհընկալման տարբերություններից:

Գլխավոր կարգախոսը` 20 տարի անց:

Նախագիծ թիվ 4. Լեւոն Տեր-Պետրոսյան

Այս նախագծի դրական կողմը թերեւս այն է, որ հնարավոր կլինի կենցաղային մակարդակով չամաչել երկրի նախագահի համար: Նախագծի կողմնակիցները ՀՀՇ-ի 1/10-րդ մասն են, ունենալով որոշակի փորձ, նախկինում տիրապետելով իշխանական լծակներին եւ ունենալով վերադառնալու գերագույն նպատակ` չունեն այլ միջոց, քան փորձել դա անել Լեւոն Տեր-Պետրոսյանի միջոցով: Նախագծի առանձնահատկությունը հետեւյալն է` այն չունի ընտրություններում հաղթելու ոչ նպատակ եւ ոչ էլ հնարավորություն: Եվ փաստորեն միակն է, որն ի սկզբանե իշխանափոխություն չի ենթադրում: Հենց սա էլ հնարավոր է դարձնում պայմանավորվածության ձեռքբերումը ռեժիմի հետ: Գլխավոր նպատակը` այս գործչի ռեաբիլիտացիայի հնարավորության եւ ապագայում ընդդիմության լիդերի կարգավիճակի ձեռքբերումն է: Չափազանց դժվար կլինի ձեւակերպել այլ կարգախոս, քան` ամեն ինչի մեղավորը հայտնի ուժերն էին:

Նախագիծ թիվ 5. Վազգեն Մանուկյան

Այս գործիչը Հայաստանի քաղաքական դաշտի ամենահակասական եւ վառ կերպարն է: Նախագծի կողմնակիցները մասամբ համընկնում են երրորդ նախագծի կողմնակիցների հետ: Դրանց թվում է նաեւ հասարակության ինտելեկտուալ շերտը` անկախ զբաղեցրած պաշտոնից: Դրական կողմերն են` սովետատիպ իշխանության դեմ պայքարի հաջող փորձը, զբաղեցրած պաշտոններում արձանագրած հաջողությունները: Ապացուցված է համարվում, որ նա արծաթասեր չէ ու չի վաճառվում:

Անխոնջ պայքարող է, քաղաքական եւ մարդկային սկզբունքներին չի դավաճանել: Բացասական կողմերը` «վոլկ օդինոչկա» է, ենթակա է լիակատար հեռուստաշրջափակման: Գլխավոր կարգախոսը` սա իմ երկիրն է:

Մնացած նախագծերը թերեւս այս կամ այն նախագիծը սպասարկելու նպատակ եւ գործառույթ ունեն ու դուրս են այս քննարկման շրջանակներից:

ՎԱՉԵ ՄԵՍՐՈՊՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4