«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2007-09-21 | #173, 2007-09-25 | #174, 2007-09-26


ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄԵՆԻՑ ԱՐԱԳ ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻՑ Է

«Վիասֆեր տեխնոպարկում» բացվեց «Synopsys»-ի նոր շենքը

«Այսօր Հայաստանը աշխարհում ամենից արագ զարգացող երկրներից է: Եվ բարեփոխումների որակի առումով` լավագույններից մեկը: Մենք պետք է անենք հնարավորը, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը այնպիսի զարգացում ապրի, որ իր ծանրակշիռ դերն ունենա մեր տնտեսության մեջ: Շատ կարեւոր է նաեւ տեղեկատվական հասարակության գաղափարի ներդրումը:

Ավելի մեծ խնդիր է մասնագետների պակասը, իսկ այդ մասնագետների պատրաստումը որոշակի իներցիոն գործընթաց է, եւ ես համոզված եմ, որ այսպիսի ծրագրեր իրականացնելով հիմքեր են դրվում հետագայում ավելի լուրջ, ծանրակշիռ զարգացում ունենալու համար», երեկ «Վիասֆեր տեխնոպարկ»-ում «Synopsys Armenia» ընկերության վերանորոգված շենքի բացմանը հայտարարեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Երկրի նախագահը կարեւորեց Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող այլ ընկերությունների ներկայությունը: «Բայց «Synopsys»-ն այսօր շատ ֆունդամենտալ կերպով մտավ Հայաստան եւ սա կարող է լավ օրինակ ծառայել ուրիշ ընկերությունների համար», նշեց Քոչարյանը:

«Synopsys»-ի նախագահ եւ գլխավոր օպերացիոն տնօրեն Չի Ֆուն Չանը հանդիսությանը ներկայացրեց ընկերության գործունեությունը` որպես Հայաստանում լուրջ մոտեցման ու ներդրումների եւս մեկ ապացույց ներկայացնելով նախկին սովետական կիսահաղորդչային սարքերի արտադրամասի վերանորոգված, արդիականացված շենքը` նախատեսված մոտ 500 աշխատողի եւ ավելի քան 120 ուսանողի համար:

«Synopsys Armenia» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանն իր խոսքում հիշատակեց խորհրդային տարիներին գոյություն ունեցած արտադրամասն ու այն որակեց որպես հայ ժողովրդի ինտելեկտուալ կարողությունների ապացույց: 6,5 մլն դոլար արժեցած եւ տեխնիկական հնարավորությունների վերջին սարքավորումներով հագեցած շենքի բացմանը Գոլդմանը կոչ արեց, որ միջազգային այլ ընկերություններ հետեւեն «Synopsys Armenia»-ի օրինակին:

Հանդիսության ավարտին հանրապետության նախագահի անունից ՏՏ բնագավառում կրթական պարգեւներ հանձնվեցին: Դրանց արժանացած պատանիներն ու երիտասարդները նախագահի հետ զրույցում ներկայացրին կրթության, զբաղվածության խնդիրները, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաներին ծանոթանալու եւ դրանց յուրացման հնարավորությունների առնչությամբ:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4