«Իմ ոգեշնչման աղբյուրը կյանքն է, իմ պոեզիայի մեջ երաժշտություն է հնչում, իսկ երաժշտության մեջ պոեզիա է թաքնված: Ես երջանիկ մարդ եմ, որովհետեւ ստեղծագործում եմ այդ երկու ոլորտներում», ասում է Կամիլան, ով բանաստեղծուհի եւ դաշնակահարուhի լինելուց զատ, զբաղվում է նաեւ նկարչությամբ:
Բանաստեղծուհին իր կյանքի 26 տարիների ընթացքում հասցրել է հեղինակել 5 ժողովածու, որոնցից վերջինըՙ «Բառահանդեսը», տպագրվել է այս տարի: Այն լույս է տեսել Երեւանի «Ամարաս» հրատարակչատանը, իսկ կազմի վրա եւ գրքում Կամիլայի գծանկարներն են զետեղված:
Ամուսնանալով Լիբանանումՙ արդեն չորրորդ տարին բնակվում է այնտեղ, բայց ողջ էությամբ կապված է հայրենիքին ու հայրենակիցների հետ: Թերեւս այդ կապով, կարոտի ու սիրո զգացումներով է պայմանավորված, որ այդչափ արագ ծնունդ են առնում նրա բանաստեղծությունները (Կամիլան ստեղծագործում է նաեւ արձակ ժանրերումՙ գրելով նովելներ ու պատմվածքներ):
Սեպտեմբերի 19-ին Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) Լոռու մարզային բաժանմունքում կայացավ Կամիլայի «Բառահանդես» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Նրա բանաստեղծությունների ասմունքով հանդես եկավ Ջիվան Սարգսյանը, ապա Կամիլայի կենսագրությունը ներկայացրեց ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի քարտուղար, բանաստեղծուհի Լենա Անթառամյանը: Իր եւ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի անունից բանաստեղծուհուն շնորհավորեց մարզպետի օգնական, դրամատուրգ Սամվել Խալաթյանը:
- Ես վաղուց եմ ճանաչում Կամիլային եւ ինձ թվում էրՙ նա ընտրելու էր երաժշտությունը, բայց երեւի թե պոեզիան ավելի ուժեղ գտնվեց,- ասաց նա:
Ժողովածուի մասին խոսք ասաց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ Մելս Սանթոյանըՙ նշելով, որ բանաստեղծություններում առկա են ավելի շատ բանականի, քան հուզականի տարրեր:
- Բանաստեղծությունը պիտի լինի հուզականի եւ բանականի զուգորդում: Բայց նրա ստեղծագործություններում գերակայում է վերջինը,- ասաց նա:- Սքանչելի են բանաստեղծուհու ընծայումները մորը, հորը, Տերյանին եւ Կոմիտասին, կան նաեւ բարձրարժեք այլ գործեր:
Ելույթ ունեցան ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Հրաչյա Սարուխանը, բանասիրական գիտությունների թեկնածուներ, դոցենտներ Վալերի Փիլոյանը եւ Գայանե Մալումյանը:
- Կամիլայի ժողովածուի մեջ հաջողվել են այն բանաստեղծությունները, որոնցում ավելի շատ է դրսեւորված զգացմունքային շերտը: Բանաստեղծությունը ժամանակի դեմքն է, եւ կցանկանայի, որ նրա վաղվա բանաստեղծություններում փոփոխություններ նկատվեին, իսկ ընթերցողը նրանցում մի նոր բան գտներ,- ասաց Վ. Փիլոյանը:
Կամիլային «արվեստով լցված տիրույթ» բնորոշելովՙ բանաստեղծ Ռազմիկ Պողոսյանը նշեց, որ նրա տողերում թարմ, գեղեցիկ պատկերներ կան, եւ դա ուրախալի է:
Իրենց դիտարկումները ներկայացրին բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանը եւ բանաստեղծ Մանվել Միկոյանը:
- Չնայած դու ապրում ես Լիբանանում, բայց հավատացած եմ, որ շարունակելու ես մտածել եւ ստեղծագործել հայերեն: Քո բանաստեղծությունները դիպչում են մարդու սրտին եւ ընթերցողին թվում էՙ ինքը տեսել եւ զգացել է այն, ինչի մասին գրված է: Ես ծանոթ եմ քո նախորդ ժողովածուներին, եւ սա առաջընթաց է նախորդների համեմատ, ինչը ողջունելի է,- ասաց Խ. Գասպարյանը:
- Կամիլայի բանաստեղծություններում շատ ամուր են տրամաբանական կառույցները: Զգացվում է լուրջ վերաբերմունք պոեզիայի եւ գրականության նկատմամբ: Ե՛վ հայրենասիրական, ե՛ւ սիրային, ե՛ւ խոհական բանաստեղծություններում դրսեւորվում է երեւույթները յուրովի ընկալելու նրա կարողությունը,- նկատեց Մ. Միկոյանը:
Կամիլայի ժողովածուից բանաստեղծություն ընթերցեց ասմունքող Ինգա Գալոյանը:
Վերջում ներկաներին ողջունեց եւ իր բանաստեղծություններից կարդաց օրվա հերոսուհին:
Մեր զրույցի ժամանակ Կամիլան նշեց, որ «Բառահանդես» ժողովածուի շնորհանդեսը եղել է նաեւ Արցախում եւ Երեւանում: Առաջիկայում նա պատրաստվում է գիրքը ներկայացնել լիբանանահայ ընթերցողի դատին:
ՄԵԼԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ