«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2007-09-21 | #173, 2007-09-25 | #174, 2007-09-26


«ԳԻՆԻՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ»

Մ. Նահանգների հողագործության դեպարտամենտի ֆինանսավորմամբ Երեւանի Ագրարային բիզնեսի եւ գյուղական վայրերի զարգացման կենտրոնը լույս է ընծայել Ս. Հարությունի, Ա. Քալանթարյանի եւ Հ. Պետրոսյանի հեղինակած «Գինին ավանդական հայկական մշակույթում» 306 էջանոց աշխատությունը, բաղկացած գունավոր լուսանկարներից եւ 40-ից ավելի երկլեզու (հայերեն եւ անգլերեն) հոդվածներից, որոնցում շարադրված է Հարավային Կովկասի գինեգործական արդյունաբերության պատմությունը:

Գիրքն ավելի մեծ եւ արագ արձագանք է գտել արտասահմանում, օտարների շրջանում, քան Հայաստանում հավանաբար այն պատճառով, որ շատ թանկ արժե` 100 դոլար: Գրքի մասին գրախոսական է գրել Ջոն Գրեփինը «Թայմսի» «Թայմս լիտրըրի սափլիմենտ» գրական հավելվածի օգոստոսյան համարում, նշելով որ բոլոր հայտնի տվյալներով (հնէաբանական, լեզվական եւ այլն) կարելի է ենթադրել, որ գինին առաջինը արտադրվել է Հայաստանում: Այս կարծիքը հաստատելու համար նա գրախոսականում մի շարք փաստարկներ է առաջ քաշել, որոնցից մեկն այն մասին է, որ մ. թ. ա. 7-րդ դարից պահպանված հսկայական գինու սափորներ (տակառներ) եւ շտեմարաններ են հայտնաբերվել ուրարտական տարածքներում: Հերոդոտը պատմել է նավերով Հայաստանից Բաբելոն գինու փոխադրման մասին: Այնուհետեւ նա անցնում է «գինի» բառի ծագումնաբանությանը եւ նշում, որ այդ բառի սկզբնական, նախապատմական ձեւը հայերի մոտ եղել է «ուոյն», որը հետագայում` գրաբարում դարձել է «գինի» ըստ որոշակի հնչյունաբանական օրենքների: Դրանից վրացիները կազմել են իրենց «գվինի» բառը, իսկ վաղ շրջանի հույները` «(ու)օյնոս» բառը, որն էլ անցնելով լատիներենին դարձել է «վինում» եւ տարածվել ամբողջ Եվրոպայով (գերմաներեն` «վայն», ֆրանսերեն` «վեն», անգլերեն` «ուայն» եւ այլն): Վաղ շրջանի հայերենից փոխառություններ հայտնվել են նաեւ եբրայերենում («յային») եւ օգտագործվել Հին կտակարանում, ինչպես նաեւ միջնադարյան արաբերենում («ուայն») «սեւ խաղող» նշանակությամբ:

«Հայաստանն այսօր էլ բավական մեծ քանակությամբ գինի է արտադրում եւ կոնյակ, որը Ուինստոն Չերչիլի նախասիրած խմիչքն էր», գրում է այնուհետեւ Գրեփինը եւ եզրափակում իր հոդվածը նշելով, որ հայերն առանձնապես դրսից գինի ներմուծելու կարիք չունեն, սակայն հարեւան Վրաստանի սպիտակ գինիները կարելի է ըմբոշխնել:

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4