Թայլանդում վերջնագծին է մոտենում ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Առայժմ միակ մեդալը Հայաստանի հավաքականին է պարգեւել գյումրեցի Գեւորգ Դավթյանըՙ մինչեւ 77 կգ քաշային կարգում նվաճելով աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը:
Հայ մարզասերներն առանձնակի սպասելիքներ ունեին Հռիփսիմե Խուրշուդյանից, որն ապրիլին Ստրասբուրգում կայացած Եվրոպայի առաջնությունում գերազանց ելույթ էր ունեցելՙ երկամարտի 262 կգ (122+140) արդյունքով նվաճելով մայրցամաքի չեմպիոնուհու տիտղոսը: Սակայն ցավոք այդ սպասելիքները չարդարացան: Պոկում վարժությունը Հռիփսիմեն սկսեց 110 կգ-ով: Այդ քաշը նրան հաջողվեց բարձրացնել միայն երկրորդ փորձից, իսկ երրորդ մոտեցմամբ նա հաղթահարեց 115 կգ-անոց ծանրաձողը: Մինչդեռ մեդալների համար պայքար մղող մարզուհիները բավական բարձր արդյունքներով ավարտեցին առաջին վարժությունը: Ամենահաջողը ռուսաստանցի Նատալյա Զաբոլոտնայայի արդյունքն էր, որը պոկում վարժությունում բարձրացրեց 131 կգ եւ նվաճեց փոքր ոսկե մեդալ: 128 կգ արդյունք ցույց տվեցին չին մարզուհի Ցաո Լեյը եւ ռուսաստանցի Նադեժդա Եվստյուխինան: Խուրշուդյանի արդյունքը 4-րդն էր:
Մեր մարզուհուն, բնականաբար, շատ դժվար էր կորցրածը հետ բերել հրում վարժությունում: Նա հաջորդաբար բարձրացրեց 130 եւ 135 կգ, բայց չկարողացավ հաղթահարել 140 կգ-անոց ծանրաձողը: Հրում վարժությունում Հռիփսիմեի արդյունքը 6-րդն էր, իսկ երկամարտում հայ մարզուհին 250 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Հարկ է նշել, որ մեր մարզուհին 28 կգ-ով զիջեց ռուսաստանցի Նադեժդա Եվստյուխինային, որը դարձավ բրոնզե մրցանակակիր: Իսկ աշխարհի չեմպիոն հռչակվեց չին մարզուհի Ցաո Լեյըՙ 286 կգ (128+158): Արծաթե մրցանակակիր Նատալյա Զաբոլոտնյայան ցույց տվեց 281 կգ (131+150) արդյունք: Նշենք, որ Զաբոլոտնյայան պոկում վարժությունում մեկ կգ-ով գերազանցեց իրեն իսկ պատկանող համաշխարհային ռեկորդը: Իսկ աշխարհի չեմպիոնուհի Ցաո Լեյը կրկնեց Սվետլանա Պոդոբեդովայի երկամարտի համաշխարհային ռեկորդը:
Տղամարդկանց մինչեւ 105 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանացավ բելառուսցի ծանրորդ Անդրեյ Արամնովը, որը երկամարտում ցույց տվեց 423 կգ (195+228) արդյունք: Արծաթե մեդալի արժանացավ բուլղարացի Ալան Ցագաեւըՙ 411 կգ (180+231): Նույնպիսի արդյունքով (190+221) բրոնզե մրցանակակիր դարձավ ռուսաստանցի Դմիտրի Կլոկովը: Հայաստանը ներկայացնող Արթուր Բաբայանը երկամարտում ցույց տվեց 375 կգ (170+205) արդյունք:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ