«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2007-09-21 | #173, 2007-09-25 | #174, 2007-09-26


ՄԻԱԿ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՈՆԵՑ ԱՐՈՆՅԱՆԸ

Շախմատի աշխարհի առաջնության 10-րդ տուրում միակ հաղթանակն իր օգտին գրանցեց Լեւոն Արոնյանը: Հայ գրոսմայստերը սպիտակներով առավելության հասավ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ: Այդ հաղթանակի շնորհիվ Արոնյանը վաստակեց 5 միավոր:

Տուրի կենտրոնական հանդիպումն աշխարհի չեմպիոն Կրամնիկի եւ մրցաշարի առաջատար Վիշվանաթան Անանդի մրցավեճն էր: Ռուսաստանցի գրոսմայստերը ձգտում էր շտկել մրցաշարային վիճակը եւ հաջող խաղ ցուցադրել նախորդ տուրում Մորոզեւիչից կրած պարտությունից հետո: Իսկ ահա Անանդին ձեռնտու էր ոչ-ոքի արդյունքը, որի շնորհիվ նա կշարունակեր միանձնյա գլխավորել աղյուսակը: Սկզբնախաղում Կրամնիկին հաջողվեց որոշակի առավելության հասնել, սակայն հնդիկ գրոսմայստերը հստակ պաշտպանություն էր կառուցել եւ 39-րդ քայլում մրցակիցները հաշտություն կնքեցին: Անանդը 6,5 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը, իսկ Կրամնիկը վաստակեց 5 միավոր: Նույնպիսի արդյունք ունի Պետեր Լեկոն: Բորիս Գելֆանդի հետ մրցավեճում հունգարացի գրոսմայստերը կես միավոր վաստակեց: Մրցակիցները հաշտություն կնքեցին արդեն 24-րդ քայլին:

Ոչ-ոքի ավարտվեց նաեւ Սվիդլեր-Մորոզեւիչ պարտիան: Մորոզեւիչը Գրիշչուկի հետ վաստակել է 4,5 միավոր, իսկ Սվիդլերը 4 միավորով եզրափակում է աղյուսակը:

Մրցաշարի ավարտին մնացել է 4 տուր, որոնց արդյունքներով էլ կորոշվի աշխարհի չեմպիոնը: 11-րդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի Լեկոյի հետ: Մեր շախմատիստն այնուհետեւ կխաղա Գելֆանդի, Սվիդլերի եւ Կրամնիկի հետ: 11-րդ տուրում կկայանան նաեւ Գելֆանդ-Սվիդլեր, Գրիշչուկ-Կրամնիկ եւ Անանդ-Մորոզեւիչ պարտիաները:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4