Արձագանքելով մի շարք լրատվամիջոցների, այդ թվումՙ թուրքական «Հուրիեթ» թերթի նյութերին, համաձայն որոնց իբր ինքն իր հերթական հոդվածով սփյուռքահայերին է դիմել Մեսրոպ Բ պատրիարքին դեմ դուրս գալու եւ Ջորջթաուն համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում նախատեսված նրա ելույթն արգելելու կոչով, «Կալիֆոռնիա կուրիերի» հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը գրում է.
«Փաստերն այլ են: Ես պարզապես ահազանգ հնչեցրի, որ Անկարան պատրիարք Մութաֆյանին Վաշինգտոն էր գործուղել Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկման նախօրեին: Իմ հոդվածում ես պարզապես քննադատում էի թուրքական կառավարությանը պատրիարքին որպես «քարոզչական գործիք» օգտագործելու, Հայոց ցեղասպանությունը ժխտելու եւ պատրիարքին` քաղաքական հարցերի մեջ խրվելու համար:
Ամերիկայի Հայ դատի գրասենյակը նույնպես առնչություն չունի ելույթի չեղյալ համարվելու հետ: Գրասենյակի աշխատակիցները պարզապես նամակներով իրազեկել էին Կոնգրեսի անդամներին բանաձեւը տապալելու թուրքական կառավարության օգտագործած տարբեր միջոցների մասին:
Նշեմ սակայն, որ ըստ տեղեկությունների, անհատ քաղաքացիներ Ջորջթաուն համալսարանին են դիմել բողոքելով, որ վերջինս ամբիոն է տրամադրում մեկին (պատրիարքին), որն այնքան էլ ազատ չէ արտահայտելու իր մտքերն անկեղծորեն եւ ստիպված է ժխտողական հայտարարություններ անել: Անշուշտ նման մարդկանց իրավունքն էր իրենց կարծիքը արտահայտել համալսարանին:
Ջորջթաունի ելույթը չեղյալ էր համարվել Թուրքիայի կառավարության կողմից, նույնիսկ պատրիարքի Վաշինգտոն ժամանումից էլ առաջ: Համալսարանը պարզապես չէր ցանկացել մեղսակից դառնալ Անկարայի ժխտողական դիրքորոշումներին:
Անհրաժեշտ եմ համարում նշել, որ եթե գերմանացի մի քաղաքացի ցանկանար Մ. Նահանգներ այցելել հրեական ողջակիզումը ժխտելու նպատակով, վստահ եմ, Ամերիկայի կառավարությունը նրան մուտքի վիզա անգամ չէր տրամադրի:
Հուսով ենք, շարունակում է Սասունյանը, որ այս սկանդալային շրջագայությունից հետո, ինչպես պատրիարքը, այնպես էլ թուրքական կառավարությունը համապատասխան դասեր կքաղեն: Վերջինս երեւի հասկանա, որ պատրիարքին պետք է հանգիստ թողնել զբաղվելու իր հոտի խնդիրներով: Իսկ պատրիարքը պետք է գիտակցի, որ քաղաքական հարցերին միջամուխ լինելով ոչ միայն իրեն է վնասում, այլեւ ամբողջ համայնքին: Եթե նա չի կարողանում դիմադրել կառավարության ճնշումներին, ապա չպետք է թույլ տալ, որ Թուրքիայի այդ «ճնշող բազուկը» երկարի օվկիանոսից այն կողմ` հասնելով ազատության երկրի ամենահեղինակավոր հաստատություններից մեկին»:
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ