ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը «շատ հուզական» ձեւով կարծիքներ են փոխանակել Իրանի նկատմամբ պատժամիջոցների ձեռնարկման հարցով: Այդ մասին հաղորդում են լրատվական գործակալությունները, վկայակոչելով «Մեծ ութնյակի» երկրների արտգործնախարարների դռնփակ ճաշկերույթի մասնակիցներին:
BBC-ն մանրամասնում է, որ ճաշկերույթի ժամանակ վեճ է ծագել Իրանի միջուկային ծրագրի պատճառով: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարկ Մալլոքը Ռոյթեր գործակալության թղթակցին պատմել է, որ ծավալված բանավեճը «բավական կոպիտ»է եղել:
Ի պատասխան այն հարցի, թե հաջողվե՞ց արդյոք առաջընթացի հասնել Իրանի հարցի քննարկման մեջ, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները ծիծաղելով ասել էՙ ոչ:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ասոշիեյթեդ պրես գործակալության թղթակցին ասել է, որ վեճը ծագել է այն կապակցությամբ, թե ներկա պահը հարմա՞ր է արդյոք Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ ձեռնարկելու համար:
Ի տարբերություն Վաշինգտոնի եւ Փարիզի, Մոսկվան դեմ է հակաիրանական պատժամիջոցների խստացմանը: ՌԴ իշխանությունները նշում են, որ Իրանը գործակցում է ՄԱԳԱՏԷ-ի հետ, եւ որ հարկավոր է նրան հնարավորություն տալ կատարելու ՄԱԿ-ի այդ գործակալության պահանջները: «Մենք ուզում ենք հիմք ընդունել ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների գնահատականը», ընդգծել է Լավրովը:
Ճաշկերույթի մասնակիցները Ռոյթերի թղթակցին պատմել են, որ Լավրովն առանձնակի խստությամբ քննադատել է Արեւմուտքի այն դիրքորոշումը, որ ՄԱԿ-ին շրջանցելով միակողմանիորեն հակաիրանական պատժամիջոցներ կձեռնարկվեն, եթե չհաջողվի հարցը լուծել ՄԱԿ-ի ԱԽ-ում: