Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի նախկին ութ պետքարտուղարները համատեղ նամակ են գրել խոսնակ Նենսի Փելոսիին` կոչ անելով նրան կանխել 106-րդ բանաձեւի քննարկումը: Այս առիթով Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն իր վրդովմունքն ու խիստ մտահոգությունն է հայտնել նշելով, որ «Թուրքիայի վարձու լոբբիստները, սարսափելով Կոնգրեսի մեծամասնության աջակցությունից, հուսահատությունից դարձել են Թուրքիային հաճոյանալու ԱՄՆ-ի կառավարության ձախողված քաղաքականության «ճարտարապետները»: Համբարյանը հիասթափություն է հայտնել, որ ԱՄՆ-ի իրար հաջորդող վարչախմբերը չկարողացան իրենց մեջ բարոյական խիզախություն գտնել եւ վերջ դնել ցեղասպանությունների շղթային` Կամբոջայից մինչեւ Ռուանդա, իսկ այսօր նաեւ Դարֆուր: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Մադլեն Օլբրայթը, Ջեյմս Բեյքեր III-ը, Ուորեն Քրիստոֆերը, Լորենս Իգլբուրգերը, Ալեքսանդր Հեյգը, Հենրի Քիսինջերը, Քոլին Փաուելը եւ Ջորջ Շուլթսը նամակ էին հղել Ն. Փելոսիին` հորդորելով նրան կանխել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: