«Ընդհանուր գնահատական ենք տվել ստեղծված իրավիճակին, քանի որ այսօր մեր տարածաշրջանում գլոբալ մակարդակով լուրջ զարգացումներ կան, նոր գործընթացներ են սկսվել, խորքային վերլուծություն է կատարվել, թե դրանք ինչ ազդեցություն կունենան տարածաշրջանի եւ Հայաստանի վրա, եւ ինչպիսի արտաքին քաղաքականություն է պետք», երեկ «Գոլդեն փալասում» տեղի ունեցած ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքը ներկայացրեց արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Հավաքում քննարկել են նաեւ մեր երկկողմ հարաբերությունները, բազմակողմ դիվանագիտությունը: Այս տարի հայ դիվանագետները հատուկ անդրադարձել են մշակութային դիվանագիտությանը որպես Հայաստանը արտերկրին ներկայացնելու միջոցի: Դիվանագետները քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ, ՆԱՏՕ-ի, ԵՄ ընդլայնումը, էներգետիկ, անվտանգության հարցեր, Իրանի նկատմամբ վարվող քաղաքականությունը, նախկին ԽՍՀՄ տարածքում կազմավորվող միավորները եւ այլն:
Նյու Յորքում սպասվող Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման նախաձեռնությունը, ըստ Օսկանյանի, երկուստեք է: «Թուրքիայի հետ միշտ էլ այդպիսին է եղել: Այդ հանդիպման ընթացքում մեզ համար հիմնական հարցն այն է, թե իշխանության վերահաստատումից հետո նոր մանդատով արդյոք թուրքական քաղաքականության մեջ կլինի՞ փոփոխություն Հայաստանի նկատմամբ: Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը` առանց նախապայմանների»:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան բանակցային գործընթացին, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ արդեն հստակ է հանդիպումը, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման առնչությամբ: Լեւոն Տեր-Պետրոսյանի` Ղարաբաղի հարցում զիջումների չգնալու ադրբեջանական կեցվածքի գնահատման կապակցությամբ Օսկանյանը նշեց. «Ղարաբաղի հարցի առնչությամբ որեւէ հայտարարություն պետք է զգուշավոր լինի: Սա բոլորիս խնդիրն է, համազգային խնդիր է, պետք է ուշադիր լինենք, որպեսզի ադրբեջանական կողմին լրացուցիչ պատճառ չտանք դիրքորոշումները փոխելու կամ կոշտացնելու: Ես ունեմ որոշ մտահոգություն, որ վերջերս արված հայտարարությունը կարող է նման հետեւանք ունենալ: Համենայն դեպս, կապրենք, կտեսնենք»:
Հայաստան-ՆԱՏՕ. առայժմ այլ ծրագիր չկա, բացի գործողից
«Մեր հարաբերությունները, ինչի մասին խոսել ենք նաեւ այս հավաքի շրջանակկներում, ՆԱՏՕ-ի հետ զարգանում են բնականոն, իրագործում ենք անհատական գործընկերության գործողության ծրագիրը, որի առաջին պաշտոնական գնահատումը եղավ այս տարվա սկզբին եւ ապրիլին Բրյուսելում կայացած 26+1 ձեւաչափով նիստը, որին մասնակցեց այն ժամանակ դեռեւս պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ այդ գնահատականը բավականին դրական էր: Հայաստանը գովեստի արժանացավ ծրագրի իրականացման իր ջանքերում, եւ մենք շարունակում ենք այդ աշխատանքները», նշեց ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Մկրտչյանը:
Դաշինքի հետ վերջին շրջանում պարբերաբար անց են կացվում բարձր մակարդակի քաղաքական խորհրդատվություններ: Մկրտչյանի խոսքերով, «Սեպտեմբերի 4-ին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպեց եւ լուրջ քննարկում անցկացրեց գլխավոր քարտուղար Յաափ դե Հոոպ Սխեֆերի հետ, փորձում ենք նաեւ ընդլայնել անհատական գործունեության գործողության ծրագրի շրջանակներում Հայաստանի այլ գերատեսչությունների եւ մարմինների ներգրավումը եւ դրանց խնդիրների լուծմանը դաշինքի աջակցությունը ստանալու»:
Այդ խնդիրները վերաբերում են մեր անվտանգության համակարգի բարեփոխմանը, որը ընդգրկում է ինչպես պաշտպանության ոլորտը, այնպես էլ անվտանգության համակարգի մյուս ոլորտները:
«Առայժմ միայն այս ծրագիրն է մեր օրակարգում, եւ այս տարվա վերջին կլրանա դրա իրականացման երկամյա ժամկետը, որից հետո կվերաբանակցենք այդ փաստաթուղթը եւ դրանից դուրս կթողնենք այն հատվածները, որոնք արդեն իրականացվել են, կավելացնենք նոր բաժիններ, նպատակներ, որը Հայաստանը նպատակահարմար է գտնում դաշինքի հետ իր հարաբերությունների զարգացման ենթատեքստում», ասաց ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցիչը:
Քննարկվում են նաեւ այնպիսի խնդիրներ, որ անդրադառնում են մեր տարածաշրջանին: Օրինակ, միջուկային պաշտպանության ծրագիրը, Ադրբեջանի հավանական ներգրավումը դրանում, կամ Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրի հավանական դադարեցման վտանգը եւ դրա հետեւանքները տարածաշրջանի համար:
Հայաստան-ՄԱԿ. հարցերի զգալի մասը դեռ քննարկման դնելու նպատակ չունե՞նք
ՄԱԿ-ում ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) նախաձեռնության հետեւանքով գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանի օրակարգում հայտնված ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող երկու կետերի կապակցությամբ («Ազգի» սեպտեմբերի 12-ի համարում մանրամասն անդրադարձ կա այդ կետերին ու դրանց հնարավոր հետեւանքներին «Սատանան այնքան սարսափելի չէ, որքան անունը» վերտառությամբ հոդվածում) ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ որեւէ լուրջ քայլ, որեւէ լուրջ ձեռնարկում մինչ օրս Ադրբեջանը չի կատարել:
«Ազգի» հարցին, թե ինչ է անում ի հակադրություն Հայաստանը, հատկապես եթե հաշվի առնենք, որ մեր երկիրը եւս կարող է ներկայացնել նույն այդ կետերին վերաբերող նախագծեր, Մարտիրոսյանը պատասխանեց, թե Հայաստանը սկզբունքորեն կարող է ներկայացնել, բայց դրա «քաղաքականապես նպատակահարմարությունը մենք այսօր դեռ չենք զգում»: ՄԱԿ-ում Հայաստանը կշարունակի իր աշխատանքները, եւ Մարտիրոսյանի խոսքերով, կշարունակի «թույլ չտալ, որ ընդունվի մի բանաձեւ, որ կարող է դեմ լինել մեր ազգային շահերին, չնայած ՄԱԿ-ի ԳԱ բանաձեւերը չունեն որեւէ իրավական, քաղաքական ուժ եւ նշանակություն, այսինքն` դրանք պարտադիր չեն կատարման համար, այլ ունեն, այսպես ասած, PR-ի նշանակություն»: ՄԱԿ-ում մեր ներկայացուցիչը կարծես այնքան էլ լավ չի տարբերում քաղաքական ու իրավական նշանակությունները, այլապես եթե հավատանք Մարտիրոսյանի խոսքերին, ՄԱԿ-ի ԳԱ-ն կարելի է համարել անիմաստ մի կառույց:
Ինչեւէ, «Ազգի» հարցին, թե ինչ է անում Հայաստանը շրջափակման եւ Ջուղայում խաչքարերի ոչնչացման խնդիրներն այդ նույն կառույցում բարձրացնելու ուղղությամբ, Մարտիրոսյանը պարզաբանեց, որ ՄԱԿ-ը ունի մասնագիտացված մարմին (հուշարձանների պահպանության գծով)` ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որտեղ հարցը քննարկվել եւ քննարկվում է: «Բայց զուտ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում բարձրացնել խաչքարերի հարց, դրա քաղաքական նշանակությունը մյուս խնդիրների հետ կապված այսօրվա դրությամբ դեռ նպատակահարմար չենք գտնում, քանի որ կա մասնագիտացված մարմին»: Ինչ վերաբերում է շրջափակման խնդրին, ապա այդ հարցը բարձրացվում է տնտեսական հարցերով հանձնաժողովում:
Հայաստան-Ռուսաստան. «պրոբլեմ չունենք», Վերին Լարսի անցակետն են խոսք տվել բացել 2008-ին
ՌԴ-ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանի խոսքերով, այս տիրույթում «մենք պրոբլեմներ չունենք, սուր անկյուններ չունենք մեր երկկողմ հարաբերություններում»: ՌԴ կառավարությունում էլ վարչապետի ու մի քանի նախարարների փոփոխությունը բացասական ազդեցություն չի ունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա: Դրական առումով դեսպանը նշեց, որ նորանշանակ ՌԴ վարչապետի առաջին իսկ հանդիպումը Հայաստանի վարչապետի հետ էր, որ ավարտվել է սեպտեմբերի 26-ին: «Փայլուն հանդիպումներ էին, բոլոր հարցերին մենք ստացանք պատասխաններ, ունենք նոր ծրագրեր, եւ ապրանքաշրջանառությունը, որ հասել է մոտ 700 մլն-ի, պիտի ձգտենք հասցնել միլիարդի: Այդպիսի ցանկություն կա, կա հնարավորություն, այնպես որ մեր հարաբերությունները շատ ակտիվ զարգանում են»:
Ինչ վերաբերում է զուտ տրանսպորտային խնդիրներին, մասնավորապես Ռուսաստան-Հայաստան ցամաքային ճանապարհի Վերին Լարսի անցակետին, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ փակ է 2006-ի ամառվանից, Սմբատյանը նշեց. «Ստացել ենք պատասխան, որ խոսք են տալիս, որ 2008-ին Վերին Լարսը, ինչպես ասում են, պետք է բացեն: Բայց մեզ համար ամենակարեւորը լաստանավերի հարցն է, որոնցից մեկն աշխատում է, խոսք են տալիս, որ 2008-ի սկզբից կաշխատի երկրորդը»:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ