Երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը եւ մեկնաբանեց վերջին օրերի քաղաքական զարգացումները: Անդրադառնալով Դաշնակցության նախագահի երկու թեկնածու, այնուհետեւ մեկ թեկնածու առաջադրելուն, նշեց. «Անկեղծ ասած, ՀՀԿ-ն այդ կապակցությամբ ոչ զարմանում է, ոչ էլ զայրանում է, որ մեր գործընկերները նախագահական թեկնածու են առաջադրում, դա իրենց իրավունքն է... Զարմանք են առաջացնում հետեւյալ հայտարարությունները, որ ասում ենՙ մենք այլընտրանք ենք ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը: Եթե ՀՅԴ-ն մասնակցել է կառավարության ձեւավորմանը, ապա իրենք էլ իշխանություն են եւ այլընտրանք չի կարող լինել... Եվ եթե իշխանական ուժը փորձում է ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալել, խեղճ ընդդիմադիրները ո՞ր դաշտում պիտի ծավալեն»: Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, այն անվանեց «քաղաքական իրադարձություն 10 տարվա լռությունից հետո, երբ առաջին անգամ խոսեց ու եղան տարբեր մեկնաբանություններ»: Նշեց, որ ուշադիր ընթերցելով ելույթը, նկատել է, որ այնտեղ կար «ընդդիմադիր քաղաքական ուժի վերաբերմունք իշխանությանը: Նա նշեց, որ այդպիսի դիրքորոշում ունեն եւ արտահայտվել են շատ ընդդիմադիր քաղաքական գործիչներ: Իսկ անդրադառնալով Լ. Տեր-Պետրոսյանի ելույթի այն մասին, որը վերաբերում է ԼՂՀ-ին, նշեց. «Որեւէ նոր բան չասաց, ասվեց այն, ինչը ես բնութագրում եմ պարտվողական, խուճապային տրամադրություններ առաջացնող... Մի բանում մենք պետք է համոզված լինենք, որ յուրաքանչյուր նման հայտարարություն ոգեւորում է ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Ադրբեջանի հասարակությանը, եւ օգտվելով դրանից պատերազմի սպառնալի կոչեր են անում: Նման ելույթներով Ադրբեջանի ջրաղացին ջուր են լցնում»:
«Հայաստանն այժմ կայուն զարգանում է, դա ներկայիս իշխանության վաստակն է, մենք հաղթել ենք եւ հաղթելու ենք», հստակ նշեց Սամվել Նիկոյանը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ