«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2007-09-26 | #175, 2007-09-27 | #176, 2007-09-28


«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ ՁԵՎԱԿԱ՞Ն Է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դեռեւս 2006-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանն է հասցեագրել թիվ 2-0240 գրությունը: Դրանով նա ուշադրության է արժանացրել «Տեղեկատվության ազատության մասին» 2003-ին ընդունված օրենքի կիրառման ոլորտում առաջացած եւ հրատապ լուծում պահանջող որոշ խնդիրներ, որոնք լուրջ խոչընդոտներ են ստեղծում քաղաքացիներիՙ տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքների իրականացմանը:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետին, որի համաձայն, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից տեղեկատվություն կամ կրկնօրինակ (պատճեն) տրամադրվում է ՀՀ կառավարության սահմանած կարգով:

Փաստը, սակայն, այն է, որ 2003-ի նոյեմբերի 15-ից, այսինքնՙ հիշյալ օրենքի ուժի մեջ մտնելուց մինչեւ օրս ՀՀ կառավարության որոշմամբ նման կարգ չի սահմանվել, ինչը տվյալ օրենքի ընդունումը եւ գոյությունը հիմնականում դարձրել է ձեւական: Օրենքը կարծես ընդունվել է սոսկ Եվրոխորհրդի պահանջը ձեւականորեն կատարելու եւ Հայաստանում ժողովրդավարության առկայության պատրանք ստեղծելու նպատակով:

Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, որոշ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ հրաժարվում են ըստ պահանջի տեղեկություն տրամադրելՙ պատճառաբանելով նշված կարգի բացակայությունը: Բացի այդ, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, տեղեկության տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել լիազորված պետական կառավարման մարմին կամ դատարան, սակայն ՀՀ կառավարությունն առ այսօր չի սահմանել այդ մարմինը: Ա. Հարությունյանի հավաստմամբ, ինքը նշված հարցերի կապակցությամբ պաշտոնական նամակով 2007-ի սեպտեմբերին կրկին դիմել է ՀՀ կառավարությանը: Հուսանք, որ գոնե այս անգամ չի անտեսվի նման լուրջ խնդրի լուծման կարեւորությունը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ուշադրություն է հրավիրում նաեւ լրագրողների դեմ կատարված ոտնձգությունների նկատմամբ: 2006-ին Հայաստանում արձանագրվել են լրագրողների նկատմամբ բռնության դեպքերՙ նրանց մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու նպատակով, ինչն սպառնում է Հայաստանում խոսքի ազատության իրավունքին: Արձանագրվել են ավտոմեքենայի հրդեհման, ծեծի եւ սպառնալիքի դեպքեր: Ա. Հարությունյանը խստորեն դատապարտում է ինչպես այդ, այնպես էլ այս տարվա անցած ամիսներին արձանագրված դեպքերը: Նա հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբՙ իրավապահ մարմիններին կոչ անելով առավել հետեւողական լինելՙ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու յուրաքանչյուր դեպքի բացահայտման եւ մեղավորներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

Ա. ՀՈՎՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4