«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2007-09-26 | #175, 2007-09-27 | #176, 2007-09-28


ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՄՐՑՈՒՄ ԵՆ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի անցկացրած հանրային կարծիքի ուսումնասիրման հարցման արդյունքներով Գյումրիում ամենամեծ վարկանիշ ունեցող նախագահի թեկնածուներն են ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, վարչապետ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Հանրային հարցումը, որը ժուռնալիստների ակումբն անցկացրել է օգոստոսի 15-31-ը, մասնակցել են հազար գյումրեցիներ: Պարզվում է, գյումրեցիները բավական ժողովրդավար եւ պրագմատիկ են, քանի որ հազար հարցվածների 80,6 տոկոսը համոզմունք է հայտնել, որ վստահաբար մասնակցելու է գալիք նախագահական ընտրություններին: Նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հարցին հազար գյումրեցիներից 118-ը կամ 11,8 տոկոսը տվել է «ոչ» պատասխանը, իսկ չկողմնորոշվածները 73-ն են կամ հարցվածների 7,3 տոկոսը:

«Ո՞ւմ կտայիք Ձեր քվեն, եթե այսօր լինեին նախագահական ընտրություններ» հարցի համար «Ասպարեզ» ակումբը ներկայացրել է բավական ուշագրավ մի ցանկ, որում կան բոլոր այն անունները, որոնք այս ընթացքում բարձրաձայնել են նախագահական մարաթոնին մասնակցելու մասին: Առաջարկված ցանկում են խորհրդարանական կուսակցությունների ղեկավարները, արտախորհրդարանական քաղաքական դեմքերը, ՀՅԴ-ական մի քանի ներկայացուցիչներ, առաջին եւ երկրորդ նախագահները: Հազար հարցվածներից ամենաշատը` 149 մարդ նշել է, որ իր ձայնը կտա «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին: Երկրորդ տեղում վստահության ամենաշատ քվեն ստացել է վարչապետ Սերժ Սարգսյանը (113 ձայն), երրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը (102 ձայն), որին ոչ նշանակալի ձայների քանակով հաջորդում են «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Տիգրան Կարապետյանը: Մեկական ձայներ ստացել են վերջին երեք հորիզոնականներում հայտնված Արամ Գասպարի Սարգսյանը, Արամ Զավենի Սարգսյանն ու ԺՈՒԿ նախագահ Մանուկ Գասպարյանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանին ձայն է տվել հարցվածներից 22-ը, գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանինՙ 14-ը: 55-ը չկողմնորոշվածներն են, բոլորին դեմ են 26-ը: Ուշագրավ է, որ Տեր-Պետրոսյանին ձայն տվածներն ավելի շատ են եղել, քան գործող նախագահի օգտին արտահայտվողները: Այնուամենայնիվ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման երրորդ ժամկետին համաձայն է եղել հարցվածների 29,6 տոկոսը, 48, 3 տոկոսը դեմ է արտահայտվել, 7-ը չի իմացել հարցին ինչ պատասխանել, իսկ 21,2 տոկոսն էլ նշել է, որ կցանկանար, եթե սահմանադրությամբ Ռոբերտ Քոչարյանն ունենար ընտրություններին երրորդ անգամ մասնակցելու իրավունք:

Հարցմանը մասնակցել են 18 տարեկանից մինչեւ 65 եւ ավելի տարիք ունեցողները, որոնց մեծ մասը` 57,8 տոկոսը ամուսնացած է: Հարցման մասնակիցների զգալի մասը` 68,2 տոկոսը կանայք են եղել, իսկ 31,8 տոկոսըՙ տղամարդիկ: Սոցհարցմանը մասնակից հազար գյումրեցիներից 45 տոկոսը գործազուրկ է եղել, մասնակիցները` հիմնականում միջնակարգ կրթություն ստացածներ (33,6 տոկոս): Ի դեպ, հազար մասնակիցներից 802-ը նշել է, որ իրենց ընտանիքից Հայաստանից դուրս գտնվող մարդ կա: Իսկ թե ինչո՞ւ են մարդիկ գնում Հայաստանից, երեւի ոչ մեկի համար գաղտնիք չէ: Միգուցե երկրի վիճակը փոխելու մեծ ցանկությո՞ւնն է պատճառը, որ գյումրեցիների շատ մեծ մասն է ցանկացել մասնակցել նախագահական ընտրություններին` հեռահար նպատակ ունենալով հայրենիք վերադարձնել հարազատներին:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4