«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2007-09-26 | #175, 2007-09-27 | #176, 2007-09-28


ՎԱՅ ՄԵԶ, ՑՈՐԵՆԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է

Ներքին շուկայում գները թռել են. հացն արդեն հերթական անգամ, կարագն ու ձեթըՙ նույնպես: Նկատի ունենալով աշխատավարձերի ու թոշակների չափերը, այդ եւ առաջին սպառման այլ ապրանքների թանկացումը առավել սուր զգացնել է տալիս իրեն, դժվարին կացության մատնելով համեստ եւ անգամ միջին եկամուտների տեր մեր ազգաբնակչությանը: Հարցին առավել լայն հայացքով է նայում ստորեւ տպագրվող հոդվածը, որին հետագա օրերին հաջորդելու են ուրիշներ:

Հայաստանաբնակներս թերեւս այսկերպ արձագանքենք ողբերգության համարժեք այս իրողությանը: Ըստ ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ուսումնասիրությունների, միջին հայաստանցու օրվա սննդաբաժնում հացամթերքները 2004 թվականին կազմել են 53 տոկոս: Համոզված կարելի է ասել, որ այսօր էլ էապես չի նվազել: Եվ հարցըՙ համաշխարհային շուկայում ցորենի գնի բարձրացումը ի՞նչ խուճապ կառաջացնի մեզանում, դառնում է մտահոգիչ, թեեւ այս գործընթացն առաջին կամ վերջին անգամ չէ, որ արձանագրվում է: Ուրեմն ի՞նչ անել այն հիմնավորապես մեղմելու համար:

Ժողովրդական ասացվածքը հուշում է. հաց չկաՙ գաթա կուտենք: Քաղաքակիրթ աշխարհում գաթան չգիտեն ինչ է, նախապատվությունը հիմնականում տալիս են կենդանական ծագման սննդատեսակներինՙ կաթին ու մսին, դրանց վերամշակումներին: Թանկ հաճույք էՙ կասի մեր համերկրացին. նրան էլ հիշեցնենք ժողովրդական մի այլ իմաստությունՙ թանկից էժանը չկա: Զգում եմ այն մարդկանց տարակուսանքը, ովքեր պատրաստված են արտաբերել «հալվա-հալվա ասողի բերանը չի քաղցրանա» խոսքերը: Այո, ասելուց առավել պետք է քայլեր ձեռնարկել հացի գերսպառման փոխարեն առաջարկվող կաթն ու միսն ունենալու ուղղությամբ: Բարդ կամ անլուծելի խնդիր չէ, եթե նկատի ունենանք, որ աշխարհի հարյուրավոր երկրներ, մեզնից շատ ավելի անբարենպաստ հողային ու բնակլիմայական պայմաններ ունեցող, հաջողությամբ լուծել են:

Երբ զրուցում էի մի պաշտոնյայի հետ, առարկեց, թե կաթնամսամթերքներով երկրի վիճակը կարգաբերելուց առաջ առավել կարեւոր այլ խնդիրներ կան լուծելու: Որպես ապացույց նշեց Միացյալ Արաբական Էմիրությունների ու Սինգապուրի օրինակը, ուր իբր գյուղատնտեսությունը որեւէ տեղ չունի: Անշուշտ, արդեն կայացած երկրների պարագայում գյուղարտադրանքը երկրի համախառն ներքին արդյունքում էական թիվ չի կազմում: Օրվա ընթացքում սպառելով մի քանի դոլարի պարենամթերք, մարդ արարածը տասնյակ դոլարներ է ծախսում կյանքի այլ հաճույքներից օգտվելու նպատակով. ավտոմեքենաներ ու սառնարաններ է գնում, ինքնաթիռներից ու հյուրանոցներից է օգտվում: Նրա այս բարեկեցությունը ոչնչի կվերածվի, եթե իր երկիրը չապահովի կաթնամսամթերքների պահանջվող հաշվեկշիռը: Ասվածը փորձենք հիմնավորել Միացյալ Արաբական Էմիրությունների օրինակով:

Անապատում գտնվող այս երկիրը հայտնի է որպես նավթի խոշոր շտեմարան: 2,6 մլն բնակչություն եւ 83,6 հզ. քկմ տարածք ունեցող երկրագնդի այս հատվածում վարելահողերը 1980-ին կազմել են ընդամենը 16 հազար հեկտար, 2006-ինՙ 60 հզ. հա, տարածքի հազիվ 0,7 տոկոսը: 1 բնակչի հաշվով ստացվում է ընդամենը 230 քմ վարելահող: Ըստ ՄԱԿ-ի ուսումնասիրությունների, 2004-ին Էմիրությունները արտադրել է 4,7 մլրդ դոլարի գյուղարտադրանք, 1 բնակչի հաշվովՙ 1.800 դոլար, որպիսի ցուցանիշ չունի աշխարհի եւ ոչ մի երկիր: 1.800-ին մոտ թվեր ունեն Դանիան ու Ֆրանսիան, համապատասխանաբար 800 եւ 600 դոլար: Ընթերցողն անշուշտ կտարակուսի. հողազուրկ այս երկրում ի՞նչ գյուղատնտեսության մասին կարելի է խոսել: Պարզվում է, խոսելու բան կա, անգամ շատ բան: Երկիրը պահում է 115 հզ. գլուխ խոշոր եղջերավոր, 2,1 մլն մանր եղջերավորներն էլ այնքան կաթ ու միս են տալիս, որքան շատ այլ երկրների խոշոր կենդանիները: Հավելենք այս ամենին 15 մլն հավերը եւ կենդանական ծագման գյուղարտադրանքի հանդեպ Էմիրություններում ցուցաբերվող պատրաստակամությունը կամբողջանա: 2004-ին մսի արտադրությունը կազմել է 90 հզ. տոննա, նույն տարում ՀՀ-ումՙ 54 հզ. տոննա: Անշուշտ, սակավահող Էմիրությունները գյուղարտադրանքներ ներմուծող է, որը 2004-ին կազմել է 4 մլրդ դոլար: Բայց արի ու տես, որ այս փոքրիկ երկիրը հասցրել է նույն այդ տարում 1,5 մլրդ դոլարի գյուղարտադրանք արտահանել: Իր այգիներոմ մշակվող հիմնական մշակաբույս արմավի կողքին արտահանել է ներմուծված 10 մլն դոլարի գարու 2,5 մլն դոլարը, 328 մլն դոլարի բրնձի 52 մլն դոլարը, 174 մլն դոլարի ցորենի 47 մլն դոլարը: Առավել հետաքրքրական է եգիպտացորենի ներկրման ու արտահանման պատկերը. 2004-ին ներկրվել է 36,5 մլն դոլարի եգիպտացորեն, արտահանվել 86 մլն դոլարի: Թե ինչ խաղեր են խաղում Էմիրությունների վերամշակողներն իրենց պատվիրատուների գլխին, թերեւս միայն իրենց է հայտնի: Ստացվում է, որ Արարիչը նրանց միայն նավթ չէ, որ տվել է, այլեւ փող շինելու մեզ անհայտ ունակություններ:

Դիտարկելով 1980-2000 ՄԱԷ-ում վարելահողերի աճի ցուցանիշը, կարելի է ենթադրել, որ մինչ տողերիս հեղինակը ավարտեց սույն հոդվածը, այս երկրում վարելահողերը ավելացան մի քանի հեկտարով, որով է նաեւ պայմանավորված Էմիրությունների վաղվա զարգացումը: Չէի ասի նույնատիպ, սակայն յուրօրինակ գործընթացներ են ծավալվում Սինգապուրում: 4,5 մլն բնակիչ ունեցող այս երկիրը տեղավորված է Երեւանի 3 չափն ունեցող ասֆալտածածկ տարածքում: Ըստ արդեն հիշատակված ՄԱԿ-ի տվյալների, պահում են 250 հզ. խոզ, 2 մլն հավ, քիչ քանակովՙ խոշոր: Հավի մսի տարեկան արտադրությունը 2004-ին կազմել է 69 հզ. տոննա (ՀՀ-ումՙ 4 հզ. տոննա), խոզինըՙ 20 հզ. տոննա: Անշուշտ, թե՛ ՄԱԷ-ի 110 մլրդ դոլար ՀՆԱ-ի, թե՛ Սինգապուրի 125 մլրդ դոլար ՀՆԱ-ի պարագայում կաթնամսամթերքների այս ծավալները որոշիչ թվեր չեն, այս երկրները կարող են իրենց պահանջները բավարարել 100 տոկոս ներկրումների միջոցով: Սակայն գերադասում են սեփական տարածքից գյուղարտադրանք ստանալ, անգամ արտահանումներ իրականացնել (Սինգապուրումՙ 3 մլրդ դոլարի): Էմիրություններում կյանքի միջին տեւողությունը 76 է, Սինգապուրումՙ 82, ՀՀ-ումՙ 72:

Դժվար է գնահատել այս երկրների գյուղատնտեսական ոլորտին պետության մասնակցությունը: Փոխարենը վստահաբար կարելի է նշել Հայաստանում ինչ-ինչ ծավալներով օժանդակության իրականացումը, սերմեր ու տնկանյութեր են տրամադրվում, պարարտանյութ ու տեխնիկա է ձեռքբերվում, համեմատաբար մատչելի վարկեր են տրվում, լրավճարային քաղաքականություն է իրականացվում, գյուղատնտեսության աջակցության մարզային համակարգն է գործում, ապահովագրական ոլորտն է ուրվագծվում... բայց համաշխարհային շուկայում ցորենի գնի բարձրացումից սկսվող անհանգստությունը չի նվազում: Ինչո՞ւ. այս հարցի պատասխանը կոչված է տալ հայ հանրության մասնագիտական ու տնտեսվարական միտքը, եւ առաջին հերթինՙ կառավարությունը:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4