Հայաստանի պետական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանի եւ կոմպոզիտոր-կատարող Կոնստանտին Օրբելյանի համատեղ ասուլիսը նվագախմբի նոր համերգաշրջանի կապակցությամբ էր: Սակայն նկատի առնելով մաեստրո Օրբելյանի հազվադեպ ներկայությունըՙ լրագրողների հարցերն ասուլիսի թեմայից ավելի լայն շրջանակ ընդգրկեցին:
Հերթական նոր համերգը
Հայաստանի պետական կամերային նվագախումբը սեպտեմբերի 29-ին կբացի 2007-2008 թվականների համերգաշրջանը: Այս անգամ էլ կամերայինը, հավատարիմ մնալով երաժշտասեր հասարակությանը նորով ներկայանալու սեփական սկզբունքին, համերգային ծրագրում սպասված անակնկալ կմատուցի: Համերգում իր «Նվիրում» ստեղծագործությունը նվագախմբի հետ կներկայացնի վաստակաշատ կոմպոզիտոր-կատարող Կոնստանտին Օրբելյանը, որը տասնամյակներ ղեկավարել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: Հանդես կգա նաեւ երիտասարդ կոմպոզիտոր-կատարող Կարեն Անանյանն իր «Կոնցերտ ֆանտազիա» ստեղծագործությամբ, որն առաջին անգամ կներկայացվի հայ երաժշտասերին: Կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանի գնահատականով. «Վաստակաշատ երաժշտի, մաեստրոյի մասնակցությունը համերգին առանցքային դեր ունի եւ պատիվ է նման պրոֆեսիոնալի հետ համատեղ հանդես գալը»: Կոնստանտին Օրբելյանն էլ տեղեկացրեց, որ համերգին մասնակցությունը դեռ փորձերից սկսած իրեն հաճելի է. «Եկել եմ հատուկ այս համերգին մասնակցելու համար եւ երեկ կայացած նվագախմբի հետ փորձից հետո անհամբեր սպասում եմ համերգինՙ սեպտեմբերի 29-ին»:
Կարեն Անանյանի կատարումն ու ստեղծագործությունն էլ, Արամ Ղարաբեկյանի խոսքով, կարեւոր է ոչ միայն ստեղծագործությունն առաջին անգամ Հայաստանում ներկայացնելու, այլեւ համերգի ամբողջականության տեսանկյունից: Համերգի մասնակից երկու վաստակաշատ եւ երիտասարդ կոմպոզիտոր-կատարողների գործերն ունեն մեկ ընդհանրությունՙ դրանք ձոն են. «Նվիրումը»ՙ Ջորջ Գերշվինին, «Կոնցերտ ֆանտազիան»ՙ Կոմիտասին: Վերջինը գրվել է 2006 թվականին: Ծրագրում ներառված մյուս գործը 1984 թվականին Բոստոնում է գրվել, եւ Արամ Ղարաբեկյանն էլ եղել է առաջին ունկնդիրներից. «Մի օր Բոստոնում Թոմաս Օբոյ Լին զանգեց, թե երեկ ակումբում մի իմպրովիզ ենք արելՙ պետք է լսես: Լսելուց հետո ասացիՙ լավ կլիներ գրի առնեիր, մենք էլ կկատարենք: «Մորանգո...գրեթե տանգո» ստեղծագործությունն էր, որը եւ կկատարենք»: Համերգի այցելուները կունկնդրեն նաեւ Դվորժակի Սերենադը լարայինների համար:
Պնդման հավասարազոր ցանկություն
Հայաստանի պետական կամերային նվագախումբն այս անգամ էլ համերգը կներկայացնի Ռուս-հայկական սլավոնական համալսարանի մոտ 500 տեղանոց դահլիճում: Ունկնդիր չունենալու մտավախությունից չէ, ընտրվում է նշված դահլիճը, ինչպես Արամ Ղարաբեկյանը փաստեց. «Այդ դահլիճը կամերային նվագախմբի համար առավելագույն հարմարն է Երեւանում եղածներից, ճիշտ ակուստիկ հնարավորություններ կան: Բացի դրանից, համալսարանի ղեկավարությունն անհրաժեշտության դեպքում դահլիճն առանց խնդիր առաջացնելու տրամադրում է նաեւ փորձերի համար»: Առհասարակ անդրադառնալով համերգասրահներինՙ Ղարաբեկյանը կրկին հայտարարեց. «Դահլիճը ճիշտ զգեստն է երաժշտությունը լավագույնս ներկայացնելու եւ Հայաստանում ուղղակի անհրաժեշտություն է ակուստիկ, դահլիճի, փորձասենյակների ժամանակակից հնարավորություն ունեցող համերգասրահը, որը չունենք: Մինչդեռ այդպիսի դահլիճում աշխատելու, հանդես գալու արժանի արտիստները Հայաստանում քիչ չեն: Շատ կցանկանայի, որ իշխանություններն ուշադրություն դարձնեին այս խնդրին»: Նաեւ ընդգծեց, որ համապատասխան մասնագետների միջամտությամբ լիովին հնարավոր է բարելավել գոնե մեծ համերգասրահների ակուստիկ հնարավորությունները:
Եղել ու մնում եմ երեւանցի
«Իմ ժողովուրդն ու իմ տունն է Հայաստանում: Երեւանցի եղել եմ ու մնում եմ երեւանցի: Այստեղ ապրում, Միացյալ Նահանգներում աշխատում եմ: Հայաստանի էստրադայինը ղեկավարելու 36 տարիները շատ հագեցած էին, տարվա 8 ամիսը հյուրախաղերում էին անցնում, ստեղծագործելու շատ քիչ ժամանակ էր մնում: Իսկ հիմա հենց ստեղծագործելով եմ զբաղված: Չնայած լավագույն ստեղծագործություններս հենց այնՙ էստրադայինի տարիներին եմ գրել», իր ներկայիս գործունեության մասին պատմեց Կոնստանտին Օրբելյանը հավելելով, որ արդեն 8 CD է թողարկել եւ դրանցից մեկըՙ իր ջազային գործերը ներկայացված են «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության, չնայած դեռ պայմաններին համապատասխանեցնելու խնդիր կաՙ տեւողությունը 35-ից պետք է հասցվի 55 րոպեի: Ունկնդրի առումով ընդգծված տարբերություն չառանձնացնելով` մաեստրոն ասաց, որ շարունակում է իր գործերը Հայաստանում ձայնագրել եւ բարձր է գնահատում մերօրյա կատարողներին, եթե անգամ չի համագործակցում նրանց հետ. «Լավատես եմ եւ ամեն տարի Հայաստան գալով լսած-տեսածումս աճ եմ գտնում, բայց մի դժգոհություն ունեմՙ ճաշակի ու պրոֆեսիոնալիզմի պակաս կա: Այս տեսանկյունից գեղարվեստական խորհուրդները, որ նախկինում գործում էին, իրոք նշանակություն ունեին եւ հիմա էլ չէին խանգարի: Պրոֆեսիոնալիզմի մասին շատ ավելի մանրամասն զրույցը տեղին կլիներ մեր երգիչների հետ: Եթե լիներ խոսելու այդ հնարավորությունը, շատ ասելիք կունենայի նրանց»: Իսկ մեզՙ լրագրողներիս միայն փաստեց. «Չեմ տեսնում վառ հիշվող երգ, երաժշտություն: Կատարողներն ավելի լավն են, քան այն, ինչ կատարում են: Հնչում են կասկածելի որակի երգեր»: Եվ երբ հավաստիացում ստացավ, որ հայկական էստրադայում հիմնականում իրենք գրում, իրենք երգում են, ուղղակի ասաց. «Դե, վատ են անում, թող ամեն մարդ իր գործով զբաղվի»:
Արտեմի Այվազյանի, Առնո Բաբաջանյանի եւ այլոց ավանդների հիմքով արժեքներ ստեղծելու հարցին պատասխանելով, մաեստրոն կարեւորեց. «Նրանք 50-60 տարվա ստեղծագործական կյանքով ապացուցել են իրենց տաղանդի բարձրությունը եւ այսօր սպասել երիտասարդների նույն ուժով արված գործերՙ երեւի այնքան էլ տեղին չլինի: Նրանց էլ ժամանակ է պետք»:
Ի վերջո Կոնստանտին Օրբելյանը չբացառելով մի օր էլ էստրադային նվագախմբի հետ Հայաստանում հանդես գալու հեռանկարըՙ փաստեց. «Չհամաձայնեցի իմ հոբելյանը Հայաստանում նշել, որովհետեւ վստահ չեմ, թե կգտնեմ այնպիսի երաժիշտներ, ինչպիսի երաժիշտների հետ աշխատել եմ տասնամյակներով: Ուզում եմ ժողովրդի մեջ կենդանի մնա այն տարիների եւ այն հնչողության ու որակի հիշողությունը: Հիասթափեցնելն ինձ համար չէ»:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ