Պատճառը թարգմանիչների հայերենի վատ իմացությունն է
Հանրային հեռուստատեսությունն ամեն երեկո հեռուստադիտողին է հրամցնում հիմնականում ամերիկյան կատաղի մարտաֆիլմեր, համեմված գռեհիկ արտահայտություններով, հայհոյանքներովՙ «արի ձվերդ ջարդեմ», «ոնց կշինեի դրան», «ես քո մերը», «բոզի մեկը»: Ոմանց դա իսկապես դուր է գալիս, մյուսներինՙ նողկանք պատճառում: Առաջինները շարունակում են դիտել այդ ֆիլմերը, որովհետեւ զվարճանում են այդ խոսքերից, իսկ երկրորդները փոխում են հեռուստաալիքը, որովհետեւ նողկում են այդօրինակ ֆիլմերից եւ արտահայտություններից: Պետական բյուջեից սնվող Հանրային հեռուստատեսությունն այդպիսի ֆիլմեր է ընտրում հենվելով հասարակական պահանջարկի վրաՙ վարկանիշային սանդղակը մշտապես ցույց է տալիս, որ մեր հասարակության գերակշիռ զանգվածը, մոտ 80 տոկոսը նախընտրում է դիտել ծեծուջարդ, ալան-թալան, բռնաբարություն եւ այլ բաներ, իսկ լուրջ ֆիլմեր դիտողները հազիվ 10 տոկոս են կազմում: Ու քանի որ նրանք փոքրամասնություն են, ուրեմն թող իրենց հավանած կինոռեժիսորներ Ինգմար Բերգմանի, Յոս Ստելինգի, Ֆեդերիկո Ֆելինիի եւ այլոց ֆիլմերը դիտեն կեսգիշերից հետո: Այդպես էլ անում են:
Երես են թեքում Հանրայինից մինչեւ կեսգիշեր, եթե, իհարկե, այդ օրվա ծրագրում պատահաբար տեղ չի գտել որեւէ արժեքավոր ֆիլմՙ կրկնօրինակված գրագետ հայերենով ու դերասանների գրավիչ ընթերցմամբ: Ցավոք, դա պատահում է ոչ հաճախ, քանի որ այդպիսի ֆիլմեր պատրաստող խմբագիրները մեզանում քիչ են, նրանց անունները թվարկելու համար ձեռքի մատները նույնիսկ շատ են: Կինոգետ Զավեն Բոյաջյանը, որը նաեւ Հանրային հեռուստաընկերության կինոցուցադրումների եւ կրկնօրինակման բաժնի խմբագիրն է, այդ անուննենախաձեռնած րից է: Հենց նա էլ երեկ հրավիրված էր «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հրավիրած «Արտասահմանյան ֆիլմերի հայաստանյան կրկնօրինակման որոգայթներում» քննարկմանըՙ մասնակցությամբ կինոքննադատների, դերասանների, լրագրողների: Նա խոսեց ֆիլմերի հայերեն կրկնօրինակման դրական ու բացասական կողմերի մասին, նախապես հայտնելով, որ որպես կինոգետ ընդհանրապես դեմ է կրկնօրինակմանը, մանավանդ լիակատար կրկնօրինակմանը, երբ բնօրինակ տեքստը բոլորովին չի հնչում: «Համոզված եմ, որ եթե կինոն ընկալում ենք որպես արվեստի գործ, ուրեմն կրկնօրինակումն այս կամ այն չափով միջամտություն է արվեստի ստեղծագործությանը, որի արդյունքը որքան էլ գոհացուցիչ լինի, այնուամենայնիվ խաթարում է գեղարվեստական ստեղծագործության կուռ կառուցվածքը եւ առանձնահատկությունները: Իդեալական տարբերակը համարում եմ ենթագրային թարգմանությունը, որը մի ժամանակ կիրառվում էր Հանրայինում: Բայց դա այնպիսի բողոքի ալիք բարձրացրեց, որ ստիպված եղանք դադարեցնել: Գրագիտության մակարդակն այսօր ողբալի վիճակում է, շատերը հազիվ են հայերեն կարդում, ուր մնաց թե կարողանան միաժամանակ հետեւել պատկերաշարին եւ ենթագրերին: Հայաստանի պարագայում որպես միջանկյալ օղակ կրկնօրինակումն անհրաժեշտ է, թեկուզ նկատի ունենալով միայն այն հանգամանքը, որ եթե հայերենը մեր պետական լեզուն է, ուրեմն կինոարտադրանքը պետք է ընկալելի լինի լայն զանգվածներին: Խորապես համոզված եմ, այն մարդիկ, ովքեր ընդհանրապես դեմ են կրկնօրինակմանը, փաստորեն դեմ են վատ կրկնօրինակմանը, որովհետեւ հաջողված կրկնօրինակման դեպքերը բավականին սակավ են», ասաց Բոյաջյանը:
Կրկնօրինակման բացասական կողմը քննելիս նա նկատեց, որ հայերեն ֆիլմերն ահավոր, մղձավանջային անվանողներից ոչ մեկը չի ցանկանում խորանալ ու տեսնել այդ աշխատանքի ծանրությունը: «Հանրայինի ամբողջ կինոարտադրանքը հայերեն է, ի տարբերություն մյուս հեռուստաընկերությունների, որոնք թարգմանում են միայն պղպջակային օպերաներ: Թերություններով հանդերձ, Հանրայինում իսկապես կատարվել է եթերային հեղափոխություն, որովհետեւ կարողացել ենք թոթափել խորհրդային տարիների իներցիայի բեռը, որ կինոարտադրանքը պետք է անպայման լինի ռուսերեն: Ոմանք հենց այդ պատճառով չեն կարողանում ընկալել հայերեն կրկնօրինակումները», հավելեց նա:
Արտասահմանյան ֆիլմերի գեղարվեստական թարգմանությունը պահանջում է ամենից առաջ գրագետ թարգմանիչներ, որոնք օտար լեզվից առավել պետք է տիրապետեն մայրենիին, այլապես կընկնեն ողորմելի ու խղճուկ վիճակի մեջ, դառնացնող թե՛ իրենց, թե՛ ունկնդրին: Ամեն ինչ սկսվում է թարգմանությունից, որը ողբալի վիճակում է: Բոյաջյանի ասելով, ամբողջ օրն իրենք զբաղված են ավգյան ախոռներ մաքրելով, որովհետեւ գեղարվեստական թարգմանություն անողներ գրեթե չկան: Այս առումով դիպուկ էր քննարկմանը մասնակցող դերասանուհիներից մեկի ակնարկըՙ «Թարգմանիչներ կան, որոնց թարգմանությունից կարելի է մի «յաչեյկա» ձու հանել»:
Անկախ իրենց կամքից, քննարկման մասնակիցներից մի քանիսը Հանրային հեռուստատեսությունից իրենց բողոքը ուղղեցին Բոյաջյանինՙ մոռանալով բուն հասցեատիրոջը: Ժողովրդական դերասան Կարեն Ջանիբեկյանն արտահայտեց ներսում կուտակված զայրույթը «Մի վախեցիր» ֆիլմից: «Եթե այդ թափթփուկներն են արցախյան պատերազմը հաղթել, ես ցավում եմ դրա համար: Իբր ֆիլմ են նկարել, դեռ ցուցադրելուց հետո էլ հայտարարում են, թե ժողովրդի պահանջով կրկնում են ցուցադրությունը:
Հեռուստատեսությունն ամբողջապես հիմնված է բիզնեսի, փողի վրա, հոգեւորը բացակայում է, հակադաստիարակչական քարոզ է տարվում: Պետք է բարձրացնել ժողովրդի մակարդակը, այլ ոչ թե իջնել նրա մակարդակին», ասաց նա:
Աժ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը փորձեց կրքերը մեղմել ասելով, որ առաջիկա քառօրյայում Ազգային ժողովում լսվելու է Հանրային հեռուստաընկերության նախագահի հաշվետվությունը, որի ժամանակ ինքն անպայման հանդես կգա հնչած հարցադրումներով:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ