Մոսկվայում հարձակման ենթարկված ԱԺ պատգամավոր, 41-ամյա գործարար Տիգրան Արզաքանցյանն իր դեմ սպանության փորձից հետո վիրահատվել է եւ այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այդ մասին «Ազգը» տեղեկացավ ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության մամուլի պատասխանատու Գեւորգ Մինասյանից: Իսկ երեկ երեկոյան դեսպան Արմեն Սմբատյանը տեղեկացրեց, որ «կատարվածը դժբախտություն է եւ կարծես թե վտանգը անցել է, Ա. Արզաքանցյանի առողջական վիճակը նորմալանում է, կյանքին վտանգ չի սպառնում»: Նա նաեւ տեղեկացրեց, որ դեպքի բացահայտմանը ներգրավվել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը:
«Ազգը» փորձեց ՀՀ գլխավոր դատախազությունից նոր տեղեկություններ ստանալ: ՌԴ -ում ՀՀ դատախազության ներկայացուցիչ Կամո Ավակումյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է ՌԴ դատախազության աշխատակիցների եւ նախաքննությունն իրականացնող քննչական խմբի հետ: Վերջիններս տեղեկացրել են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները սպանության փորձի հանգամանքները պարզելու, մեղավոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Քրեական գործը գտնվում է Տվերի տարածքային քննչական բաժնի վարույթում: Քննչական խմբի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀՀ դատախազության ներկայացուցիչը պարբերաբար տեղյակ կպահվի քրեական գործի ընթացքի մասին, ասված է դատախազության մամլո հաղորդագրությունում: Պարզվել է նաեւ, որ խաղատանը մշտապես աշխատող տեսախցիկները արձանագրել են դեպքը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ