Նախկին մտերիմներ Սաակաշվիլին եւ Օկրուաշվիլին հաշիվներ են մաքրում մինչեւ նախագահական ընտրություններ
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլու ձերբակալությունը առանձնակի անսպասելի լուծում չէր երկրում ստեղծված իրավիճակի պարագայում: Սակայն, ինչպես երեկվա համարում տեղեկացրել էր «Ազգը», որոշ հանգամանքներ ուղղակի բացառիկ են:
Մասնավորապես, Վրաստանի նախագահին ոչ սովորական մեղադրանքներ ներկայացնող Օկրուաշվիլուն ձերբակալեցին հինգշաբթի երեկոյան, սեփական գրասենյակում, երբ Վրաստանից բացակայում էր ոչ միայն նախագահ Սաակաշվիլին, այլեւ վարչապետ Նողաիդելին:
Վարկածներ այս առնչությամբ կարելի է բազմաթիվ տարբերակներով ներկայացնել: Առավել հետաքրքրական է, որ Օկրուաշվիլու ձերբակալության հիմք է նշվել պաշտոնական դիրքի չարաշահումը, թեեւ նա արդեն մի երկար ժամանակ պաշտոն չունի: Եթե զուտ տեսականորեն մոտենանք, ապա կարելի է ենթադրել, թե Օկրուաշվիլին գիտեր իր ձերբակալության հավանականության մասին, ուստի նախընտրեց քաղաքական բեմականացում իրականացնել ու այնպիսի մեղադրանքներ ներկայացնել երկրի նախագահին ու իր երբեմնի համախոհին, որ ձերբակալության «իրական» հիմքերը դառնային անընդունելի:
Մյուս կողմից, եթե Օկրուաշվիլու ձերբակալությունը իսկապես հիմնվում է նրա պաշտոնավարման ընթացքում «դրամաշորթության, փողերի լվացման մեղադրանքների» իսկության վրա, ապա ինչո՞ւ էին հապաղում վրաց իրավապահները եւ ինչո՞ւ ձերբակալեցին հենց պաշտպանության նախկին նախարարի սենսացիոն հայտարարություններից հետո, որոնց, ի դեպ, մինչեւ օրս չի արձագանքել Վրաստանի նախագահը, որը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանին:
Վրաստանի նախագահ Սաակաշվիլու փոխարեն հայտարարություն է արել երկրի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին, նշելով, թե Վրաստանի նախագահը չի փոփոխի իր ծրագրերը երկրում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով: Ավելին, Բեժուաշվիլու խոսքերի համաձայն, որ փոխանցում են վրացական լրատվամիջոցները, Սաակաշվիլին արտգործնախարարի ուղեկցությամբ դեռ հոկտեմբերի 1-2-ին էլ պաշտոնական այցով կլինի Հունաստանում: Տիպիկ վրացական ու թերեւս դիվանագիտական կեցվածքի վկայություն են Բեժուաշվիլու այն խոսքերը, թե իր տեղեկությունները բավարար չեն Օկրուաշվիլու ձերբակալության մասին, այդ իսկ պատճառով էլ չի կարող որեւէ մեկնաբանություն տալ:
Այնուամենայնիվ, վրաց իշխանությունները չեն կարող չհամաձայնել, որ Վրաստանի նախկին գլխավոր դատախազ, նաեւ պաշտպանության նախարար եղած Իրակլի Օկրուաշվիլու նորաստեղծ կուսակցությունն արդեն շատ համախոհներ ունի: Իսկ մինչ այդ կուսակցության ծնունդն էլ գործող ընդդիմադիր կառույցներից շատերը իրենց համակարծությունն են հայտնել Օկրուաշվիլուն` երկրում իրավիճակի փոփոխության անհրաժեշտության առնչությամբ:
Ընդդիմադիր դիրքորոշում ունեցող վրացական կուսակցությունների ներկայացուցիչների համոզվածությամբ, Օկրուաշվիլու ձերբակալությունն սպասելի էր եւ բնավ էլ կարեւոր չէ, թե ինչ մեղադրանքներ կներկայացվեն նրան: Այդ ձերբակալության համար միակ պատճառն ընդդիմադիրները համարում են Օկրուաշվիլու` ազդեցիկ մարդկանց վերացնելու հրամաններ տալու մասին Սաակաշվիլուն ուղղված մեղադրական հայտարարությունները:
Շուրջ 3 տարի Սաակաշվիլու ամենամտերիմ շրջանակին պատկանած Օկրուաշվիլու մեղադրանքների առնչությամբ էլ վրաց նախագահի ամենանեղ շրջանակին պատկանող պատգամավոր Գիգա Բոկերիան իր հերթին նախ հայտարարեց, թե անլուրջ են մեղադրանքները, ուստի պետք չէ դրանց որեւէ կերպ վերաբերվել:
Մյուս կողմից, ընդամենը մի քանի ժամ անց նույն Բոկերիան հայտարարեց, թե պետության դեմ քայլերին նույն այդ պետությունը կարձագանքի շատ խիստ: Բնականաբար, ակնկալելի է, որ Օկրուաշվիլու դեմ ի ցույց կդրվեն շատ ավելի լուրջ նյութեր, քան զուտ ձերբակալությունն է պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով:
Փորձագետների կարծիքով, Վրաստանը բավականին լուրջ քաղաքական խնդրի առաջ է կանգնած ու եթե Իրակլի Օկրուաշվիլու ձեռնարկումը հասցնի արձագանքել, ապա հավանական կարող են դառնալ ամենահամարձակ կանխատեսումները իշխանական նոր փոփոխությունների մասին, որ ավելի շուտ թելադրված կլինեն ընդդիմության դիրքորոշմամբ:
Այս ամենով հանդերձ, թերեւս ամենակարեւոր հանգամանքը, ավելի շուտՙ իրադարձությունը, եթե կուզեքՙ երեւույթը 2008 թվականի վերջին Վրաստանում սպասվող նախագահական ընտրություններն են, որոնք էլ ամենայն հավանականությամբ որոշեցին Օկրուաշվիլու հայտարարությունների ժամկետը, քանի որ նա գրեթե մեկ տարի տառացիորեն լռություն էր պահպանում` որեւէ կերպ եւ ոչ մի հայտարարությամբ հանդես չգալով այն օրից, երբ սեփական հրաժարականի համաձայն, մեկ շաբաթ աշխատելուց հետո հեռացավ Վրաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնից:
Նախագահական ընտրությունների ֆոնին Օկրուաշվիլու` նախագահ դառնալու ցանկությունը դառնում է բավականին ակնհայտ, մինչդեռ Սաակաշվիլին եւս դժվար թե պատրաստ է լինելու հարավկովկասյան երկրների նախագահներից առաջինը, որ չի կրկնապատկի նախագահության իր ժամկետը: Ուրեմն եւ հաշիվներ մաքրելու հարցում կարող են կիրառվել շատ ավելի կոպիտ մեթոդներ, քան զուտ հայտարարություններն ու ձերբակալություններն են: Ընդ որում, այդպիսի վարվելակերպը չի կարող վերագրվել միայն Օկրուաշվիլուն: Նախկին պաշտպանության նախարարի ձերբակալությունը եւս կարող է լիուլի համարվել Սաակաշվիլու հաշվեհարդարի մի մասը, անգամ եթե դա իրագործվում է կոռուպցիայի դեմ մեծաջանք պայքարի քողի տակ:
Ինչեւէ, ինչպիսին էլ լինի ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը, այնուամենայնիվ, Իրակլի Օկրուաշվիլու մեղադրանքներում կան այնպիսի հայտարարություններ, որոնց առնչությամբ հենց Սաակաշվիլին ստիպված կլինի տալ բացատրություններ: Իսկ եթե ճիշտ են Օկրուաշվիլու այն խոսքերը, թե կան նաեւ փաստաթղթային ապացույցներ, ուրեմն եւ ամերիկյան իրականության հովերով առաջնորդվող Վրաստանում թերեւս դատական մի գործընթաց իրականացվի բավականին հրապարակային: Բայց այս ամենը կարող է եւ չլինել, քանի դեռ հստակ չէ, թե ինչպիսի ավարտ կունենա ձերբակալությունը Օկրուաշվիլու համար. այդպիսի պայմաններում կարելի է մարդկանց հետ շատ բաներ պայմանավորվել...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ