ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պաշտոնավարման հարյուրօրյակի կապակցությամբ Արմենպրեսի մամուլի սրահում հրավիրած ասուլիսում ավետիս ուներ հայտնելուՙ Սեւանա լճի մակարդակը տարեսկզբի համեմատ բարձրացել է 63 սմ-ով եւ կազմում է 1898,86 մ: Ճիշտ է, միանշանակ ավետիս համարել այս տվյալը դժվար է, նկատի առնելով Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետ կապված խնդիրները, որոնք անգամ կառավարության մակարդակում լուծում ստանալու կասկածելի հեռանկար ունեն: Իսկ նախարարի հայտնած տեղեկությունների շարունակությունը լճի առնչությամբ հետեւյալն էՙ այս տարի Սեւանա լճից ջրի բացթողումները հունիսին սկսվել են եւ սեպտեմբերի 26-ի դրությամբ կազմել 144,4 մլն խմ: Լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրի տակ մնացող 95 հա անտառածածկ տարածքի 72 հա-ն է մաքրվել:
Նախարարի տվյալներով, Սեւանա լճում էնդեմիկ ձկնատեսակների` գեղարքունի, ամառային իշխան եւ կողակ, համալրման նպատակով այս տարի պետբյուջեից հատկացվող միջոցները ավելացել են 20 մլն դրամով (մոտ 58 հազար ԱՄՆ դոլար), հասնելով 29 մլն 995 հազար դրամի: Տարվա ընթացքում լիճ է բաց թողնվել 20 մլն դրամ ընդհանուր արժողությամբ 15119 հատ 4 գրամից ավելի եւ 84 հազար մանրաձուկ:
Բնապահպանության նախարարությունը քաղաքաշինության նախկին նախարարի պաշտոնավարման օրերին
Նախարարության բնապահպանական տեսչության 519 տնտեսվարող սուբյեկտներում իրականացրած ստուգումներով ու ստուգայցերով արձանագրվել է բնապահպանական 492 խախտում: 198 պարտադիր կատարման հանձնարարականներ են տրվել խախտումները վերացնելու համար, կազմվել է վարչական տուգանքի 347 ակտ` 22,2 մլրդ դրամի չափով, եւ բնությանը հասցված վնասի 118 արձանագրություն` 49 մլն դրամի չափով: Կիրառված պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 29,2 մլն դրամ:
Հարյուրօրյակի ընթացքում աչքաթող չեն արվել հանրապետության արգելոցները եւ «Սեւան», «Դիլիջան» ազգային պարկերը: Դրանցում առաջնահերթ կերպով վերահսկողություն է իրականացվել եւ ինչպես հավաստեց մասնագիտությամբ շինարար բնապահպանության նախարարը, նշված վայրերում ավարտվել է վարչական շենքերի վերանորոգումը: Իսկ նշված տարածքների կառավարման, հետագա պլանները կազմելու, սահմանները ճշգրտելու եւ քարտեզագրման աշխատանքների վերաբերյալ բնապահպանները մասնագիտական ցուցումներ են տվել:
Կասկածելի աշխատունակությո՞ւն ներկայիս նախարարի, թե՞ նկատելի ծուլություն նախկինի օրոք
Պաշտոնավարման հարյուր օրերին Արամ Հարությունյանի ուշադրությունը ներառել է նաեւ Ալավերդու պղձամոլիբդենային ձեռնարկության գործունեությունըՙ իհարկե բնապահպանական նորմերի տեսանկյունից. նախարարության աշխատակազմն այցելել է ձեռնարկություն, տեղում քննարկել արտանետումների, մթնոլորտի աղտոտվածության նվազեցումն ապահովող սարքավորումների ձեռքբերման-տեղադրման հարցերը: Ու տեղեկացել է ոչ երեկ հայտնի դարձած վիճակինՙ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն, որը շահագործում է Ալավերդու պղնձի հանքավայրը, մշակել եւ ՀՀ բնապահպանության նախարարություն է ներկայացրել Ալավերդու մետալուրգիական գործարանի արտանետումները նվազեցնելու համապատասխան միջոցառումների ծրագիր, որի իրականացմամբ ծծմբի արտանետումները զգալիորեն կնվազեն: Ծրագրի իրականացման ընթացքըՙ այս, իսկ ավարտը նախատեսված է արձանագրել 2008 թվականին:
ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի մոնիտորինգի կենտրոնի տվյալներով, ներկայումս Ալավերդու օդային ավազանում ծծմբի միջին օրական պարունակությունը տարվա առաջին կիսամյակում սահմանային թույլատրելի նորման գերազանցել է 11,4 անգամ: Միայն նախորդ տարի ծծմբի արտանետումները մթնոլորտ կազմել են շուրջ 2 տոննա` թույլատրելի 1,5 տոննայի փոխարեն:
Ներկայացվածից զատ նույն 100 օրերի ընթացքում անշարժ աղբյուրներից վնասակար նյութերի արտանետումների կառավարումը կատարելագործելու նպատակով լրամշակվել է նաեւ «Մթնոլորտային օդի աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունների սահմանային թույլատրելի արտանետումների» կարգը: Այս ամենից զատ կրկին նույն հարյուրօրյակում նախապատրաստվել ու հաստատման են ներկայացվել շուրջ 30 կազմակերպության սահմանային թույլատրելի արտանետումների վերաբերյալ նախագծեր: Սա էլ կատարված աշխատանքի վերջը չէ, համաձայն նախարարի հաղորդած տվյալների, կրկին նույն 100 օրերի ընթացքում նախարարությունում միջնաժամկետ ծախսային երկու ծրագիր է մշակվելՙ նպատակը տրանսպորտային միջոցների արտանետումների նվազեցումն ու անդրսահմանային աղտոտման դեմ արդյունավետ պայքարն է:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հ.Գ.- Շարունակաբար չլուծվող բնապահպանական խնդիրների առատությունից չազատվող Հայաստանի բնապահպանության նախարարությունը գուցե ավելի վաղ էր պետք Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտն ավարտած Վարդան Այվազյանից վերցնել ու հանձնել Երեւանի ճարտարապետաշինարարական ինստիտուտն ավարտած Արամ Հարությունյանին: Եթե իհարկե երեկ ներկայացվածին հավատալու լինենք եւ շատ կարճ հիշողություն դրսեւորենք նախկին պաշտոններում նշված երկու անձանց գործունեության չափ ու ձեւը, բովանդակությունն ու արդյունավետությունը: