«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2007-09-27 | #176, 2007-09-28 | #177, 2007-09-29


ՔԱՈՍԱՅԻՆ ՎԻՃԱԿ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Քաղաքում շինարարություն անելու համար լուրջ նախագծային աշխատանքներ են պետք: Իսկ այսօր Երեւանի կենտրոնում կատարվող շինարարական աշխատանքներից պարզ է դառնում, որ թերի են այդ աշխատանքները: Նախ եւ առաջ կառուցվող եւ վերակառուցվող մայրաքաղաքի նորանոր շինություններն անանցանելի են դարձնում տրանսպորտային բոլոր միջոցների ազատ ընթացքը: Միակողմանի դարձած փողոցներով երթեւեկող մեքենաների վարորդներին կնախանձեր «ավտոռալլիի» բազմակի չեմպիոն Շումախերը, տեսնելով, թե ինչպես են մեկը մյուսին վազանցող մեքենաները մայթերով, սրճարանների միջով հասնում իրենց վերջնակետին: Այսօր ազատական տնտեսության պայմաններում դերակատարությունը տրված է առանձին անհատների, որոնք պարտավոր են հետեւել քաղաքաշինության նորմերին եւ որպես կանոն այս գործառույթը կարելի է իրականացնել հաշվի առնելով գլխավոր հատակագիծը: Ժամանակակից կառուցապատողներն իրենք ձեւավորում են իրենց միջավայրը, հաշվի չառնելով կանաչ գոտի հասկացությունը, բնակչության ապրումները եւ ամենակարեւորը` խախտում են կարեւոր նորմերը: Չէ՞ որ հաշվարկ է արված, թե յուրաքանչյուր անհատի ինչ չափով է կանաչ գոտի հարկավոր, բնակեցման համար որ տարածքն է ավելի նպատակահարմար: Իսկ քաղաքի կենտրոնն այսօր աստիճանաբար անապատի է վերածվում, զրկվելով առանց այն էլ բուսազուրկ տարածքներից: Կենտրոնը դարձել է մարտադաշտ, որտեղ ամեն մի թիզ հողի համար մեծ գումարներ են դրվում, նորանոր էլիտար շենքեր կառուցվում: Կառուցվող Հյուսիսային պողոտան նույնպես դարձավ բազմահարկ էլիտար շենքերի մի հավաքատեղի, իսկ մեքենաներից արտազատվող գազերը քաղաքը պատել են գորշ ամպերով: Չի պահպանված ոչ մի ֆիզիկական անվտանգություն, բնակչությունը հարմարավետ միջավայրի անհրաժեշտություն ունի: Կենտրոնի ճանապարհային ցանցը այնքան խոցելի է դարձել, որ չկան այն շրջանցող արագընթաց մայրուղիներ, ահռելի խորության հասնող փորված անցումներն էլ վտանգավոր են դառնալու ձմռանը երթեւեկելու համար: Այսօր կենտրոնում ապրելը ոչ միայն անհարմար է դարձել, այլեւ վտանգավոր: Մեր երկիրը երկրաշարժային գոտում է գտնվում, խիտ կառուցված շենքերը դժվարացնելու են փրկարարական աշխատանքները (Աստված մի արասցե): Մարդիկ ձգտում են ապրել այնպիսի գոտիներում, որտեղ գերիշխողը կանաչ տարածքն է: Դրա համար քաղաքը պետք է թեթեւացնել, չսահմանափակվել միայն Երեւանի տարածքով: Ահռելի գումարները, որոնք ծախսվում են քաղաքում նոր փողոց կառուցելու համար, հարկավոր է մի քիչ էլ տեղափոխել մարզեր, որտեղ ողբալի վիճակում են փողոցները եւ բնակելի տները:

Քաղաքաշինական մշակույթի նոր շերտ է առաջ գալիս` անճաշակ եւ շինարարական նորմերին ոչ համապատասխան: Մի՞թե սա էր Թամանյանի ուզածը: Այս քաղաքը մեր եկող սերունդների քաղաքն է եւ որպեսզի առողջ դառնա, պետք է կառուցել ոչ թե անձնական շահերից ելնելով, այլ մի քիչ էլ մտածել ընդհանուրի բարեկեցության մասին:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4