Իսկ թանգարանի միջադեպերը կարծես անցած փուլ են
«Հայաստանում թանգարանագիտությունը նոր-նոր է քայլեր անում, իսկ աշխարհը մեծ քայլերով առաջ է գնում: Ես բացել եմ թանգարանի դռները, որ ներս թափանցեն համաշխարհային միտումները: Թումանյանն այնքան նյութ է թողել թանգարանը հրաշալի միջավայր դարձնելու համար», երեկ «Ուրբաթ» ակումբում Թումանյանի անվան թանգարանի առաջիկա ծրագրերի մասին խոսելիս ասաց թանգարանի նոր տնօրեն Նարինե Թուխիկյանը: Թանգարանի տնօրենը ներկայացրեց իրենց առաջիկա ծրագրերը` ընդգծելով, որ դրանց հիմնական նպատակը թանգարանն այցելուների համար ավելի մատչելի եւ գրավիչ դարձնելն է: Որպես հիմնական նպատակ Նարինե Թուխիկյանը նշեց թանգարանային ցուցանմուշների պահպանման, ապա եւ ճանաչելի ու սիրելի դարձնելու հարցերը:
Հին թանգարանագիտական մոտեցումներին վերջ տալու համար, երբ դպրոցականներին ստիպողաբար բերում են թանգարան, տնօրեն Նարինե Թուխիկյանը կարեւորեց թանգարանում գրավիչ միջավայր ստեղծելու հանգամանքը. «Թանգարանը պետք է դառնա միջավայր, որտեղ ոչ թե ստիպողաբար են գալիս, այլ գալիս են որպես իրենց տուն, իրենց համալսարան»: Թանգարանի տնօրենը նշեց, որ գրավիչ դարձնելու խնդիրը լուծելու համար միայն ցուցանմուշները բավական չեն, հարկավոր է, օրինակ, Թումանյանի հայրենագիտական բազում խաղերը, հեքիաթները դարձնել խաղեր, որոնք խաղալու համար երեխաները պետք է սովորեն տվյալ հեքիաթը. «Դրանով լուծում ենք միանգամից երկու խնդիրՙ երեխան ե՛ւ զբաղմունք է ունենում, ե՛ւ գիտելիք ստանում»: Նախատեսում են նաեւ Թումանյանի հեքիաթների թեմաներով գլուխկոտրուկներ արտադրել: Հովհաննես Թումանյանի հեքիաթները խաղեր դարձնելով եւ արտադրություն իջեցնելով, տնօրենի համոզմամբ, թանգարանում կստեղծվի այնպիսի միջավայր, որտեղ այցելելը հաճույք կլինի բոլոր տարիքի մարդկանց համար: Թուխիկյանը նշեց, որ այժմ իրենք զբաղվում են մարկետինգային խնդիրներով եւ շուտով կկազմակերպվի խաղերի արտադրությունը:
Թանգարանի տնօրենությունը նպատակ ունի առաջիկայում նաեւ թանգարանի ինտերնետային կայքը ստեղծել, թողարկել ձայնասկավառակ, ինչպես նաեւ հայտարարել թարգմանչական մրցույթ. «Կթարգմանենք Թումանյանի գործերը եւ կտեղադրենք կայքում: Հետո էլ նեղանում ենք, որ մեզ չեն ճանաչում, իսկ ի՞նչ ենք արել, որ մեզ ճանաչեն»: Թանգարանի աշխատակիցները մտածում են նաեւ բացիկների արտադրության մասին, որն իրականություն կդառնա շուտով:
Նարինե Թուխիկյանը թանգարանի տնօրեն է դարձել վերջերս, իսկ թանգարանի տնօրենի ընտրությունը հայտնի է աղմկալի պատմությամբ` ըստ որի հակասություններ են եղել Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Վերժինե Մովսիսյանի եւ ընտրությանը մասնակից, Թումանյանի մասին մենագրությունների հեղինակ Սուսաննա Հովհաննիսյանի միջեւ: Թուխիկյանին աջակցողը եղել է Վերժինե Մովսիսյանը, իսկ Սուսաննա Հովհաննիսյանի թեկնածության կողմնակիցները` Թումանյանի թոռնուհին` Իրմա Սաֆրազբեկյանն ու նրանց ընտանիքը: Այդ միջադեպերի առնչությամբ երեկ հնչած հարցին Նարինե Թուխիկյանը պատասխանեց, որ ինքը չի հետաքրքրվում այդ խոսակցություններով եւ զբաղված է ավելի կարեւոր աշխատանքով: Սուսաննա Շահինյանի կողմնակիցներից Գուրգեն Կարապետյանը Թուխիկյանին համարում է նախկին տնօրենի դրածոն եւ դժգոհում, որ Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնում թումանյանագետ չի հայտնվել: «Ազգն» այս առիթով մեկնաբանություն խնդրեց Ն. Թուխիկյանից, որն արձագանքեց. «Ես դրածո չեմ, համենայն դեպս ես այդպես եմ կարծում, ինչպես ուզում են, թող մեկնաբանեն: Չանցավ (Ս. Հովհաննիսյանի չընտրվելը նկատի ունի- Գ.Գ.), ի՞նչ անեմ, թող սովորեն նաեւ պարտվել»:
Թանգարանի տնօրենը տեղեկացրեց, որ իրենք Թումանյանի թոռնուհուն նամակով առաջարկել են ընդգրկվել գիտական խորհրդի կազմում, ինչը Իրմա Սաֆրազբեկյանը մերժել է: Իսկ Սուսաննա Հովհաննիսյանին գիտխորհրդի կազմում ընդգրկելու համար, Թուխիկյանի խոսքով, իրենք չեն դիմել:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հ. Գ.- Տուն-թանգարանը գրավիչ դարձնելու միտումը շատ գովելի է, սակայն կարծում ենք, որ այն պետք է սկսել թանգարանի մուտքիցՙ աջ եւ ձախ կողմերում խոտը խուզելուց եւ ծաղիկներ ցանելուց: