«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2007-09-27 | #176, 2007-09-28 | #177, 2007-09-29


ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐ ԲԵՄ Է ԲԱՐՁՐԱՑՎՈՒՄ, ԹԱՏՐՈՆ ՉԷ..

Երեկ «Տեսակետ» ակումբի հյուրերն էին Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղ. ղեկավար Արմեն Խանդիկյանը եւ Կամերային թատրոնի գեղ. ղեկավար Արա Երնջակյանը: Պրն Խանդիկյանը նշեց, որ գոհ են ու շնորհակալ, որ «Լինսի» հիմնադրամի ցանկում իրականացվեց թատրոնի վերանորոգումը եւ այն իր դռները բացեց թատերասերների առջեւ 39-րդ անգամ, խաղացանկում ընդգրկելով 16 տարբեր բեմադրություններ, որոնցից 4-ը` շեքսպիրյան: Հաջորդ տարի դրամատիկականը պատրաստվում է տոնել իր 40-ամյակը: Հոկտեմբերի 13-ին կկայանա այս թատերաշրջանի առաջին պրեմիերան` Ստանիսլավ Ստրատիեւի «Մաքսիմալիստը» պիեսի բեմականացմամբ (բեմադրիչ` Արմեն Բարսեղյան): Միաժամանակ ընթանում են նոր գործի փորձերը` կինոբեմադրիչ Վիգեն Չալդրանյանի եւ դրամատուրգ Գուրգեն Խանջյանի ստեղծած պիեսով, որի պայմանական վերնագիրն է «6-րդ պատվիրան»: Այս գործը երկու դերասաններով է բեմադրվում` Հրաչյա Հարությունյան եւ Լուիզա Ղամբարյան, մինչեւ տարվա վերջ կներկայացվի հանդիսատեսի դատին:

Իհարկե, թատրոնը չի մոռացել նաեւ մանուկներին ու նրանց համար կբեմադրվի ամանորյա մանկական հեքիաթ: Այժմ զուգահեռ փորձեր են գնում եւ փետրվարին կհանձնվի եվրոպացի դրամատուրգ Գերբերտ Բերգերի «Եվս մեկ Ջակսոն» կոմեդիան, որի բեմադրիչն է թատրոնի դերասան Ռոբերտ Հարությունյանը: Իսկ Արմեն Խանդիկյանը, թատերագետ Լեւոն Մութաֆյանի հետ աշխատում են մի պիեսի ստեղծման վրա, «Մենանվագ», որը հատուկ գրվել է ՀՀ ժող. արտիստ Վլադիմիր Մսրյանի համար: Ընթացքում են նաեւ երկու երիտասարդ ռեժիսորների ներկայացրած նոր գործերը, տեղեկացրեց Արմեն Խանդիկյանը:

Արա Երնջակյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի լրանում է թատրոնի ստեղծման 25-ամյակը, որը կտոնվի պետական հոբելյանական միջոցառումների ցանկի շրջանակում: Հատուկ շնորհակալություն հայտնեց հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, որի ջանքերի շնորհիվ թատրոնը ունեցավ նոր լուսային ու ձայնային սարքավորումներ: Թատրոնին աջակցել են նաեւ Կարեն Ճշմարիտյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը ու Երեւանի քաղաքապետը: Այս տարվա խաղացանկում ընդգրկված են 12 ներկայացումներ, ընթացքի մեջ են եւս երկու ներկայացումներ` «Ժան եւ Բեատրիս», որը կանադացի հեղինակ Քեռլ Շերետտի դրաման է, բեմադրում է, ի դեպ, առաջին անգամ, Լուսինե Երնջակյանը: Դեկտեմբերին կլինի Արա Երնջակյանի պիեսի հիման վրա բեմադրած մի նոր գործ, որի փակագծերը պրն Երնջակյանը չբացեց, որ ավելի հետաքրքրական լինի հանդիսատեսի համար: Այսօրվանից Կամերային թատրոնը հյուրախաղերի կմեկնի Գորիս, Կապան եւ Արցախ երկու ներկայացումներով, հոկտեմբերի 30-ին Մինսկում կմասնակցի Հայաստանի օրերին մեկ ներկայացումով: Իսկ դրամատիկականը Գյումրիում կմասնակցի երիտասարդ բեմադրիչների փառատոնին:

Երկու թատրոնների ղեկավարները, պատասխանելով լրագրողների հարցերին նշեցին, որ հեռուստատեսություններն ու շատ անձեր անում են ամեն ինչ, որ հանդիսատեսին վանեն թատրոնից, եւ թատրոնը իբր թե մեռել է, հայտարարություններ անելով շեղում են թատերասերներին, իրենց մատուցած անճաշակ ու անտաղանդ կլիպներով, անտաղանդ դերասանների ծամածռություններով, հիմար սերիալներով ու շոուներով, շեշտեց Արա Երնջակյանը: «Իհարկե դեռ չկայացած թատրոններ կան, որոնք գուցե հետո լուրջ թատրոն դառնան, նշեց Ա. Խանդիկյանը, եւ կոմերցիոն կոչված թատրոնները փակվեն, դա դեռ հարցի լուծում չէ: Այն, ինչ կատարվում է բեմում, դեռ թատրոն չէ եւ ամեն թատրոն` դեռ ստեղծագործություն չէ ինձ համար, սա պետք է զանազանել»:

Տարին հոբելյանական է դրամատիկականի համար, քանի որ կնշվեն ՀՀ վաստ. արտիստ Լեւոն Շարաֆյանի (ԱՄՆ-ում բնակվող), ՀՀ վաստ. արտիստ Ռուբեն Կարապետյանի, ՀՀ ժող. արտիստ Արթուր Ութմազյանի 60-ամյակները, ՀՀ վաստ. արտիստուհի Ժասմենա Մսրյանի հոբելյանական տարեդարձը, ՀՀ ժող. արտիստ Գուժ Մանուկյանի, ՀՀ ժող. արտիստ Վլադիմիր Մսրյանի 70-ամյակները, թատրոնի գլխ. նկարիչ Կարեն Գրիգորյանի 50-ամյակը, իսկ թատրոնի 40-ամյակի հետ կտոնվի թատրոնի հիմնադիր` Հրաչյա Ղափլանյանի 85-ամյակը: Հենց այդ առիթներով հանգուցյալ վարչապետը ֆինանսավորել էր թատրոնի 5 մենագրությունների հրատարակությունը եւ 9 բեմադրության ծախսերը:

Ամփոփելով ծավալուն զրույցը, արվեստի նվիրյալները հատուկ նշեցին, որ այսօր թատրոնը լուրջ ու պարբերաբար գովազդի կարիք ունի, որը պետական աջակցությամբ պետք է լուծվի:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4