Երեկ Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվեց լոնդոնաբնակ նկարիչ Արթուր Օշականցու հինգերորդ անհատական ցուցահանդեսը:
Արթուր Օշականցին ավելի քան 15 տարի բնակվում է Լոնդոնում: Ասում է, որ դեռեւս 70-ական թվականներից «հրաժարվեց խավարի գաղափարից ու գնաց դեպի լույսը»: Բայց Լոնդոնում էլ եղել են տառապանքի ու օտարության տարիներ: Սակայն այն տվել է իր արդյունքը: Այսօր Նյու Յորքի «Մետրոպոլիտենը» նրան համարում է աբստրակտ-նատուրալիզմի հիմնադիրը, ինչպես իրեն ներկայացրեց նկարիչը: Նկարում է տարբեր ոճերով` դասական ռեալիզմ, սյուրռեալիզմ, արտահայտում է հոգու ներդաշնակությունն ու հուզականությունը: Այս ցուցահանդեսին հիմնականում ներկայացված էին նկարչի ստեղծագործական սկզբնական փուլի աշխատանքներն ու այս տարի Հայաստանում ստեղծած գործերը (80 կտավ):
Գծի, գույնի եւ ձեւի յուրահատկությամբ հանդիսատեսի դատին են ներկայացվում Օշականի բնապատկերները, վառ կարմիր անապատն ու բնության երփներանգ շնչառությունը, Պ. Սեւակի հրաշալի դիմանկարն ու դարչնագույն ֆոնի վրա պատկերված Կոմիտասը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ