Երեկ տոնական տրամադրություն էր Սախարովի հրապարակում գտնվող բռնցքամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում: 1959-ին այն հիմնադրել էր օլիմպիական խաղերի չեմպիոն, մեր փառապանծ բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը: Հիմնադրման օրից մարզադպրոցը չէր հիմնանորոգվել եւ գտնվում էր անմխիթար վիճակում: Հարազատ մարզօջախին օգնության ձեռք մեկնեց դպրոցի նախկին սան, մոսկվաբնակ գործարար Լեւոն Հայրապետյանը: Նրա ֆինանսական միջոցներով (350 հազար դոլար) հիմնովին վերանորոգվել, ժամանակակից տեսքի են բերվել մարզադպրոցի մարզադահլիճներն ու սանհանգույցը, մարզումների համար նորմալ պայմաններ ստեղծելով շուրջ 500 պատանի բռնցքամարտիկների համար:
Հիմնովին վերակառուցման առթիվ երեկ տեղի ունեցավ մարզադպրոցի վերաբացման արարողությունը, որին ներկա էին նախկին բռնցքամարտիկներ, բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Լեւոն Հայրապետյանը, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, մարզաշխարհի ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ժապավենը կտրելու պատիվը տրվեց ֆեդերացիայի նախագահին: Բացման արարողության առիթով Հայաստան էին ժամանել նաեւ Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներըՙ ֆեդերացիայի փոխնախագահ Անդրեյ Կարաբկովը եւ պետական մարզիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն Վյաչեսլավ Յանովսկին: Նրանք իրենց հետ նվերներ էին բերել: Մարզադպրոցին ռինգ նվիրվեց, իսկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին ու Լեւոն Հայրապետյանին նրանք բռնցքամարտի բյուրեղապակյա ձեռնոցներ նվիրեցին:
Բացման արարողությունից հետո ներկաներին ողջունեց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը. «Լեւոն Հայրապետյանն այն անձանցից է, որոնք մեծ հանրօգուտ աշխատանք են կատարում Հայաստանի եւ Արցախի համար: Շնորհակալություն եմ հայտնում, որ նա զբաղվում է դպրոցաշինությամբ: Այսօր նրա շնորհիվ բռնցքամարտիկները հարմարավետ պայմաններում մարզվելու հնարավորություն են ստացել»: Այնուհետեւ Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ-ի շքանշանով պարգեւատրեց Լեւոն Հայրապետյանին:
Մոսկվաբնակ գործարարը մեզ հետ զրույցում հետեւյալն ասաց. «Այսօր ուրախության զգացում ունեմ, որ կարողացել եմ օգտակար լինել հայրենիքիս ու իմ ներդրումն ունենալ հարազատ մարզօջախի վերանորոգման գործում, նորմալ պայմաններ ստեղծել բռնցքամարտիկների համար: Մարզադպրոցը շատ վատ վիճակում էր եւ որոշեցի օգնության ձեռք մեկնել: Մարզօջախն ինձ հոգեհարազատ է, քանի որ հիմնադրել է անվանի բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը, որի գլխավորությամբ պատանեկան տարիներին մարզվել եմ այստեղ: Գտնում եմ, որ բռնցքամարտը Հայաստանի թիվ 1 մարզաձեւն է: Գիտեք, որ Հայաստանից օլիմպիական առաջին չեմպիոնը Վարազդատն է եղել, որը հետագայում թագավորել է երկրում: Հազարամյակներ անց օլիմպիական չեմպիոն դարձավ Վլադիմիր Հակոբյանը: Արցախում էլՙ Գանձասարում օրերս մարզադպրոց ենք բացել իր մարզադահլիճներով ու լողավազանով: Գոհ եմ շինարարների աշխատանքից: Կարեւորն այն է, որ այսուհետեւ բռնցքամարտիկները նորմալ պայմաններում կմարզվեն»:
Նշենք, որ Ռուսաստանի եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիաների միջեւ համագործակցության պայմանագիր է կնքվել, որի համաձայն ամեն տարի մարզադպրոցի 10 սաներ ռուսական կողմի հաշվին ուսումնամարզական համատեղ հավաքի կմասնակցեն:
Ինչ խոսք, միջոցառման ընթացքում լավ տրամադրության մեջ էր մարզադպրոցի տնօրեն, մեր անվանի նախկին բռնցքամարտիկ Սուրեն Ղազարյանը. «Ահավոր վիճակ էր տիրում մարզադպրոցում, նկուղային հարկում պարզապես անհնար էր նորմալ պարապմունքներ անցկացնել: Լեւոնի հետ այս մարզադպրոցում միասին ենք պարապել: Հետո նա մեկնեց Ռուսաստան, դարձավ գործարար: Անցած տարի հանդիպեցինք եւ երբ տեղեկացավ անմխիթար վիճակի մասին, անմիջապես գործի անցավ: Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցելուց հետո Լեւոն Հայրապետյանը ձեռնարկեց մարզադպրոցի շինարարության շնորհակալ գործը: Ու մենք այսօր երախտապարտ ենք նրան: Մեր մարզադպրոցը հարմարավետ պայմաններում հնարավորություն կունենա շարունակելու ավանդույթները: Ժամանակին այստեղ են մարզվել 250-ից ավելի սպորտի վարպետներ, որոնցից 60-ը նախկին ԽՍՀՄ-ի չեմպիոններ են դարձել: Անվանիներից կնշեի Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Նիկոլյանին, աշխարհի բրոնզե մեդալակիր Ալեքսան Նալբանդյանին, միջազգային կարգի սպորտի վարպետ Արթուր Դիմաքցյանին, աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր Մանվել Ավետիսյանին եւ էլի շատ հայտնի բռնցքամարտիկների, որոնց մեծ սպորտ ուղեգիր է տվել մեր մարզադպրոցը: Այժմ մարզադպրոցում աշխատում են 15 մարզիչներ, գործում է 38 խումբ, 500 երեխա է մարզվում: Մասնաճյուղեր ունենք նաեւ մարզերում: Մեր սաներից երկուսըՙ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ) եւ Դերենիկ Գիժլարյանը (57 կգ) ազգային հավաքականի կազմում կմասնակցեն Չիկագոյում կայանալիք աշխարհի առաջնությանը: Օգտվելով առիթից, մեկ անգամ եւս ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել բարերար Լեւոն Հայրապետյանից եւ նրան ցանկանալ ամենայն բարիք»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ