Շախմատի աշխարհի առաջնության մասնակիցները 12-րդ տուրից առաջ վերջին անգամ հնարավորություն ունեցան մեկօրյա դադար վերցնելու: Ինչպես երեւում է, այդ հանգիստը բարերար ազդեցություն է գործել շախմատիստների վրա, որոնք թարմ ուժերով կրկին պայքարի մեջ ներգրավվեցին: Կայացած չորս պարտիաներից երեքն արդյունավետ ելք ունեցան:
Ցավոք, տուրն անհաջող էր Լեւոն Արոնյանի համար, որը սպիտակներով մրցում էր Բորիս Գելֆանդի հետ: Առաջին շրջանի մրցախաղում հայ գրոսմայստերը սեւերով զիջել էր Գելֆանդին: Ռեւանշը չկայացավ: Արոնյանը մի քանի սխալ թույլ տվեց եւ ի վերջո ստիպված էր ընդունել հերթական պարտությունը: Դա մրցաշարում Լեւոնի կրած երրորդ պարտությունն էր: Բացի Գելֆանդից, Արոնյանի նկատմամբ առաջին շրջանում հաղթանակ է տոնել նաեւ Վիշվանաթան Անանդը:
Արդյունավետ ելք ունեցավ նաեւ Վլադիմիր Կրամնիկի եւ Պետեր Լեկոյի մրցավեճը: Աշխարհի չեմպիոնին հաջողվեց իրացնել առավելությունը: Մորոզեւիչն էլ Գրիշչուկի նկատմամբ հաղթանակի հասավ: Միակ ոչ-ոքի արդյունքը գրանցվեց Պյոտր Սվիդլերի եւ Վիշվանաթան Անանդի մրցավեճում: Սվիդլերը միակ շախմատիստն է, որ առայժմ չի ճաշակել հաղթանակի քաղցրությունը: Նա անցկացրած 12 պարտիաներից 10 ավարտել է ոչ-ոքի:
Եվ այսպես, մրցաշարի ավարտից 2 տուր առաջ աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Վիշվանաթան Անանդը (8 միավոր): Բորիս Գելֆանդին հաջողվեց կես միավորով կրճատել Անանդից ունեցած միավորների տարբերությունը: Նա վաստակել է 7 միավոր: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար տեսականորեն Անանդին անհրաժեշտ է 1,5 միավոր վաստակել ավարտական 2 տուրում: Իսկ գործնականում, կարծում ենք, 1 միավորն էլ բավական կլինի ուժեղագույնի տիտղոսը նվաճելու համար: Չէ՞ որ Գելֆանդին դժվարին մրցախաղեր են սպասում Կրամնիկի եւ Մորոզեւիչի հետ, իսկ Անանդը մրցելու է Գրիշչուկի եւ Լեկոյի հետ: Փաստորեն, Անանդի եւ Գելֆանդի միջեւ է այժմ ծավալվել մրցակցությունը չեմպիոնի տիտղոսի համար:
Լեւոն Արոնյանը 5,5 միավորով 4-6-րդ տեղերն է բաժանում Ալեքսանդր Մորոզեւիչի եւ Պետեր Լեկոյի հետ: Իսկ 3-րդ հորիզոնականը 6,5 միավորով զբաղեցնում է Վլադիմիր Կրամնիկը: 5-ական միավորով աղյուսակը եզրափակում են Ալեքսանդր Գրիշչուկն ու Պյոտր Սվիդլերը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ