«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2007-09-27 | #176, 2007-09-28 | #177, 2007-09-29


312 ՀԱՅ 100 ՏԱՐԵԿԱՆԻՑ ԲԱՐՁՐ ԵՆ

Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է, ինչի կապակցությամբ ուղերձ էր հղել ՄԱԿ-ի քարտուղար Պան Գի Մունը: Ուղերձում գլխավոր քարտուղարը խոսել է տարեց մարդկանց սոցիալական վիճակի, կենսաթոշակների եւ առողջապահական հարցերի մասին: Նշենք, որ Հայաստանում բնակչության 12.7%-ը կամ 408 հազարը 65 տարեկանից բարձր է, իսկ 312-ի տարիքը անցնում է 100-ից, 2-ը 112 տարեկան են:

Աշնանային զորակոչը սկսված է

Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել 2007-ի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Ըստ հրամանագրի, 2007 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացվի Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը: 2007 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

«Ժառանգությունը»ՙ ի պաշտպանություն Սեֆիլյանի

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել ի պաշտպանություն Ժ. Սեֆիլյանի, Վ. Մալխասյանի եւ Վ. Արոյանի: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ «սեպտեմբերի 25-ին կայացված մեղադրական դատավճիռը վերստին փաստում է, որ դատական իշխանության իրականացման քողի ներքո սահմանափակվում են խոսքի ու քաղաքացիական ազատությունները»: Կուսակցությունը հատկապես շեշտում է, որ «ազգի նվիրյալների ապօրինի դատապարտումը դառնում է ողջ հասարակության խնդիրը, նրա քաղաքացիական հասունության վկայագիրը»:

Հյուրանոցային նոր համալիր Սիլիկյան թաղամասում

Երեկ Սիլիկյան թաղամասում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կտրեց «Արմենիան ռոյալ փելես» հյուրանոցային նոր համալիրի խորհրդանշական կարմիր ժապավենը: Հյուրանոցի սեփականատեր Ազատ Սաֆարյանը նշել է, որ համալիր կառուցելով նպատակ է ունեցել հյուրանոցային տնտեսությունը զարգացնել ոչ միայն կենտրոնում, այլեւ ծայրամասերում: Հյուրանոցի սեփականատերը տեղեկացրեց, որ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն են դիմել չորս աստղ ստանալու համար:

Եվրոպական դատարանը ընդդեմ Ադրբեջանի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է ընդունել Ադրբեջանի քաղաքացի Վալենտինա Ակիմովայի օգտին, պարտավորեցնելով Ադրբեջանի իշխանություններին երեք ամսվա ընթացքում լուծել Ակիմովայի բնակարանը սեփականատիրոջը վերադարձնելու կամ դրա դիմաց նյութական եւ բարոյական փոխհատուցում կատարելու հարցը եւ այդ մասին տեղեկացնել իրեն: Իր իրավունքների խախտման համար Ակիմովան Ադրբեջանի կառավարությունից պահանջել է 51 հազ դոլար նյութական եւ 30 հազար դոլար բարոյական վնասի փոխհատուցում: Ադրբեջանում անհանգստացած են, որ այս որոշումը նախադեպ կհանդիսանա 1990-ականներին Բաքվից քշված 300 հազարից ավելի հայերի բնակարանների դիմաց փոխհատուցում պահանջելու հարցում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4