Ադրբեջանը հերթական անգամ նախընտրում է կեղծիքը
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ադրբեջանի ներկայացրած «զինված բախումների ժամանակ մշակութային ժառանգության պաշտպանության» բանաձեւը Հայաստանը գնահատում է որպես եւս մեկ քայլ որեւէ կերպ ղարաբաղյան հարցի կարգավորման խնդիրը ՄԱԿ-ի շրջանակներ ներմուծելու ուղղությամբ: Ադրբեջանական այդ բանաձեւի առնչությամբ «Ազգի» հետ հեռախոսազրույցում այսպիսի մեկնաբանություն տվեց ՄԱԿ-ի ժնեւյան գրասենյակում ՀՀ ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը ստեղծվել է 2006-ին` փոխարինելով նախկինում գործող Մարդու իրավունքների հանձնաժողովին, որի անդամ են ՄԱԿ-ի 47 անդամ պետություններ: 2002-2006 թթ. ընթացքում լինելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ` Հայաստանը ներկայումս ՄԻԽ-ում ունի դիտորդի կարգավիճակ:
Մարդու իրավունքների խորհրդի 6-րդ նստաշրջանում ընդունված ադրբեջանական բանաձեւին զուգահեռ ընդունվել է նաեւ Հայաստանի ներկայացրած ավելի ընդգրկուն «Մշակութային ժառանգության պաշտպանությունը որպես մշակութային իրավունքների խրախուսման եւ պաշտպանության կարեւոր բաղադրիչ» բանաձեւը: Այն ՄԱԿ-ում մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին կոչ է անում ուշադրություն դարձնել եւ առաջ տանել մշակութային հուշարձանների խնդիրը հենց մարդու իրավունքների կտրվածքով:
Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի վեցերորդ նստաշրջանում Հայաստանի նախաձեռնությամբ եւ Եգիպտոսի, Ալժիրի, Թունիսի, ՌԴ-ի, Ղազախստանի, Եթովպիայի, Բելառուսի եւ այլ երկրների համահեղինակությամբ ընդունված բանաձեւում, ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, ընդգծվում է, որ մշակութային ժառանգությունը ժողովուրդների եւ անհատների մշակութային ինքնության բաղադրիչ է:
Ըստ այդմ, յուրաքանչյուր մշակույթ կրում է արժանապատվություն եւ արժեք, որ պետք է հարգվի եւ պահպանվի: Բանաձեւում մշակութային ժառանգության ավերումը բնութագրվում է որպես մշակութային իրավունքների խախտում: Շեշտվում է նաեւ, որ մշակութային ժառանգության միտումնավոր ավերումը կարող է դառնալ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության քաջալերում կամ հրահրում: Խիստ մտահոգություն հայտնելով, որ աշխարհի տարբեր վայրերում շարունակվում են մշակութային ժառանգության միտումնավոր ավերման դեպքերը` բանաձեւն ընդգծում է երկրների պատասխանատվությունը ինչպես միտումնավոր ավերման, այնպես էլ չկանխելու, չդադարեցնելու եւ մեղավորներին չպատժելու համար:
Նույն նստաշրջանում Հայաստանը որպես պաշտոնական փաստաթուղթ ՄԻԽ անդամների ուշադրությանն է ներկայացրել Ջուղայի հայկական միջնադարյան գերեզմանոցի եւ ընդհանրապես Նախիջեւանում հայկական մշակութային ժառանգության ավերման նյութեր: Ինչպես տեղեկացրեց Զոհրաբ Մնացականյանը Ժնեւից, Հայաստանը մշակութային ժառանգության ավերման խնդրում նախաձեռնություններ է ցուցաբերում նաեւ եվրոպական համապատասխան կառույցներում, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ում, աշխատում է դիտարկման առաքելությունների կազմակերպման ուղղությամբ: Ավելին, ՄԻԽ շրջանակներում Ջուղայի խաչքարերի ու շիրմաքարերի ավերման մասին տարածված նյութերը, Զոհրաբ Մնացականյանի խոսքերով, տեղադրված են խորհրդի կայքէջում:
Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի ՄԻԽ-ում բանաձեւերի ուժին եւ ազդեցությանը, ինչպես պարզաբանեց Մնացականյանը, դրանք, այսպես կոչված, փափուկ օրենք են, օրենսդրական համակարգի զարգացման տարրեր: Դրանց հիման վրա ստեղծվում են օրենքներ, կոնվենցիաներ, բացի դրանից, այս բանաձեւերն ունեն քաղաքական տարրեր որպես, ասենք, մշակութային իրավունքի խախտմանն առնչվող փաստաթղթեր:
Առավել հետաքրքրական է, որ ադրբեջանական արտաքին քաղաքականության հերթական «հաղթանակ» ներկայացվող բանաձեւը, ինչպես եւ Հայաստանի ներկայացրածը, ուղղված չէ կոնկրետ երկրի դեմ, չի պարունակում ոչ մի թիվ, թեեւ ադրբեջանական կայքէջերում հիշատակվում է չգիտես ինչ կարգով բացահայտված վիճակագրություն ադրբեջանական հուշարձանների ոչնչացման մասին: Ընդ որում, դրանցում անտեղի հոլովվում է անվտանգության գոտու հանգամանքը, մինչդեռ նման բան չկա բանաձեւում: Ավելին, բանաձեւերում ոչ Հայաստան է նշվում, ոչ էլ Ադրբեջան:
Սեպտեմբերի 28-ին Հայաստանի նախաձեռնությամբ Ժնեւում Մարդու իրավունքների խորհուրդն ընդունեց որոշում նաեւ ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ: Այն ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ ՄԱԿ-ում Հայաստանի նախկին նախաձեռնությունների շարունակությունն է եւ նպատակ ունի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՄԱԿ-ի հիմնական մարմնի շրջանակներում զարգացնելու վաղ կանխարգելման խնդիրները:
Այս բանաձեւը եւս մեկ քայլ է մեկ կողմից ՄԱԿ-ի մարդու իրավունքների հիմնական մարմնի, ներառյալ դրա շրջանակներում գործող տարբեր մեխանիզմները եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարը, մյուս կողմից ՄԱԿ գլխավոր քարտուղարի հիմնած Ցեղասպանության կանխարգելման հատուկ խորհրդականի միջեւ համակարգված ու կանոնավոր փոխգործակցության համակարգի զարգացման ուղղությամբ: Որոշումը համահեղինակել են 62 պետություններ, ինչը նախաձեռնության քաղաքական պահանջարկի եւ լայն աջակցություն վայելելու եւս մեկ ապացույց է:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ