Օկրուաշվիլին մեղադրվում է միլիոններ յուրացնելու մեջ
«Դաս ինձ համար», այսպես է որակել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլու հայտարարությունները երկրի նախագահ Մ. Սաակաշվիլին, որն այս օրերին պաշտոնական այցելությամբ գտնվում է Հունաստանում: «Գլխումս չի տեղավորվում, որ երկրում իմ ղեկավարության օրոք որեւէ մեկը կարող էր այդքան միլիոններ գողանալ: Սա դաս է ինձ համար», «Newsgeorgia.ru» կայքէջի փոխանցմամբ, Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի նախագահը:
Սաակաշվիլին, բնականաբար, հերքել է իրեն ներկայացված Օկրուաշվիլու բոլոր մեղադրանքները, ընդգծելով. «Ինձ համար մարդկայնորեն բարդ է այն, ինչ արեց Օկրուաշվիլին: Ես սովոր եմ ամեն տեսակի մեղադրանքների ինչպես իմ նկատմամբ, այնպես էլ իմ մտերիմների: Բայց այս դեպքում մեղադրում է մի մարդ, որը հաստատ գիտի, որ իր ասածները սուտ են ի տարբերություն շատ այլ մարդկանց, ովքեր խոսել են այդ մասին»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ի երեկոյան սեփական կուսակցության գործունեության սկիզբը ներկայացնելիս Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, երկրի նախագահ Մ. Սաակաշվիլու նախկին մտերիմներից Իրակլի Օկրուաշվիլին հայտարարեց, թե 2005 թվականի հուլիսին Վրաստանի նախագահը հանձնարարել է չեզոքացնել հայտնի գործարար Բադրի Պատարկացիշվիլուն:
Ավելի վաղ Օկրուաշվիլին հայտարարել էր, թե Վրաստանի նախագահը քանիցս հանձնարարել է վերացնել ազդեցիկ մարդկանց, վախեցել է իրականացնել Ցխինվալը վերադարձնելու արդեն իսկ ծրագրված գործողությունները, ատելություն ունի վրաց եկեղեցու հանդեպ եւ այլն: Նույն օրը վրացական «Իմեդի» հեռուստաընկերության ուշ երեկոյան եթերում Օկրուաշվիլին հայտարարեց նաեւ, թե Պատարկացիշվիլուն վերացնելու Սաակաշվիլու այդ որոշումը հենց փոխվել է ամերիկյան ազդեցությամբ, որի օգնությանն է դիմել Օկրուաշվիլին:
Ի թիվս այլ միջադեպերի, Օկրուաշվիլին անդրադարձել էր նաեւ Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքներին: Ըստ այդմ, 2005-ի փետրվարի 3-ի գիշերը Թբիլիսիի կենտրոնի բնակարաններից մեկում հայտնաբերված Ժվանիայի դիակը բնավ էլ գազի թունավորման հետեւանք չի եղել, քանի որ Ժվանիային արդեն մահացած են բերել այդ բնակարան: Օկրուաշվիլին, սակայն, այլ մանրամասներ չէր հաղորդել, ընդգծելով, որ որեւէ տեղեկություն չունի, թե Ժվանիային սպանել են: Սակայն թե ով է հիշյալ բնակարան տեղափոխել Ժվանիայի դիակը, Օկրուաշվիլին չէր ցանկացել ասել:
Սեպտեմբերի 27-ի երեկոյան արդեն Օկրուաշվիլուն ձերբակալեցին` շատ յուրօրինակ մեղադրանքներով: Ձերբակալությունը առանձնակի անսպասելի լուծում չէր, բայց որոշ հանգամանքներ ուղղակի բացառիկ էին: Մասնավորապես, Վրաստանի նախագահին ոչ սովորական մեղադրանքներ ներկայացնող Օկրուաշվիլուն ձերբակալեցին հինգշաբթի երեկոյան, սեփական գրասենյակում, երբ Վրաստանից բացակայում էր ոչ միայն նախագահ Սաակաշվիլին, այլեւ վարչապետ Նողաիդելին:
Ինչեւէ, Սաակաշվիլու նշած «դաս լինելու» հանգամանքը վերաբերում է հենց Օկրուաշվիլուն ներկայացված մեղադրանքներին` արտահայտված «բազմաթիվ միլիոններով»: Օկրուաշվիլու ձերբակալության հիմք է նշվել պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքը, ինչպիսին նա արդեն մի երկար ժամանակ չունի: Բացի այդ, ներկայացվել են պաշտոնավարման ընթացքում «դրամաշորթության, փողերի լվացման» մեղադրանքներ:
«Ազգը» ուրբաթ օրվաՙ սեպտեմբերի 29-ի համարում ներկայացրել է որոշ մոտեցումներ ու հնարավոր վարկածներ` բացատրելու, թե ինչը կարող էր այսօրինակ զարգացումների հիմք, սցենար կամ իրագործման նպատակ լիներ: Հիշեցնենք, որ թերեւս ամենակարեւոր հանգամանքը 2008-ի վերջին կամ 2009-ի սկզբին Վրաստանում սպասվող նախագահական ընտրություններն են, որոնք Էլ ամենայն հավանականությամբ որոշեցին Օկրուաշվիլու հայտարարությունների ժամկետը, քանի որ նա գրեթե մեկ տարի տառացիորեն լռություն էր պահպանում` որեւէ կերպ եւ ոչ մի հայտարարությամբ հանդես չգալով այն օրից, երբ սեփական հրաժարականի համաձայն, մեկ շաբաթ աշխատելուց հետո հեռացավ Վրաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնից:
Ինչ վերաբերում է Օկրուաշվիլուն ներկայացվող մեղադրանքին, ապա գլխավոր դատախազության համաձայն, ներկա դրությամբ կարող է վերջավոր չլինել, մինչդեռ եղածն էլ բավարար է, որպեսզի Իրակլի Օկրուաշվիլին ազատազրկման դատապարտվի 25 տարի ժամանակով: Վրաստանի գլխավոր դատախազի խոսքերով, Օկրուաշվիլին իր մտերիմների հետ պարտադրել է «Geocell» ընկերության բաժնետերերից մեկին 1,8 մլն դոլար արժեթղթերը «վաճառել» 250 հզ-ով:
Այդօրինակ գործարք է իրականացվել, համաձայն դատախազության, նաեւ ՊՆ պատվերով շինարարություն իրականացնելիս, որտեղ շրջանառվող գումարը կազմել է ավելի քան 80 մլն դոլար: Նորահայտ կուսակցության գրասենյակի առնչությամբ մեղադրանքներին էլ մեր ընթերցողներն արդեն ծանոթ են: Բացի անմիջականորեն պաշտպանության նախկին նախարարին մեղադրելուց, կաշառակերության մեջ մեղադրվում են նաեւ նրա ղեկավարության օրոք ՊՆ-ի մի շարք աշխատակիցներ: Առայժմ արդեն իսկ առկա որոշմամբ, Օկրուաշվիլին երկու ամիս կանցկացնի նախնական կալանքի տակ:
Ուշագրավ է, որ մինչեւ ձերբակալությունը «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որ եթեր հեռարձակվեց վերջերս, Օկրուաշվիլին խոսել է սեփական ձերբակալության հավանականության մասին: Օկրուաշվիլու խոսքերով, Սաակաշվիլին իշխանությունը կորցնելու վտանգի զգացումից կարող է զոհել իր մերձավորներից յուրաքանչյուրին: Ամեն դեպքում, Օկրուաշվիլին կարծես իր ձերբակալությունն ավելի ուշ էր պատկերացնում, մտածելով, թե դեռեւս Սաակաշվիլու համար իշխանությունը կորցնելու վախի որեւէ հիմք չկա:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ