«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2007-09-28 | #177, 2007-09-29 | #178, 2007-10-02


«ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՁ ԴՐԴԵՑ ՅԱՍԻՆ ՀԱՅԱԼԸ, ԹՄՐԱՆՅՈՒԹ ԷԻ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ»

Հայտարարում է Հրանտ Դինքին սպանողը դատական նիստում

Երեկ Ստամբուլի քրեական 14-րդ դատարանում գումարվել է Հրանտ Դինքի սպանության գործով դատական երկրորդ նիստը, որտեղ մեղադրյալի աթոռին են նստել 19 կասկածյալներ, որոնցից 8-ի համար որպես խափանման միջոց կիրառվում է կալանքը: Դատարանի առաջին նիստը տեղի էր ունեցել հուլիսի 2-ին: Դատախազությունը որպես պատժամիջոց վերոհիշյալ 19 մեղադրյալների համար պահանջել է 7,5 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն:

Այնուամենայնիվ, սպանությանը սերտորեն առնչվող բազմաթիվ փաստեր անհասանելի են մնացել դատախազների համար: Նշելով այդ մասին հոկտեմբերի 1-ի համարում, «Ռադիկալը» գրում է, որ փաստերի քողարկումը քրեորեն պատժելի հանցագործություն է, անհրաժեշտ էր սպանությունից հետո վարչական միջոցների դիմել գործին առնչվող անվտանգության բոլոր աշխատակիցների նկատմամբ, որովհետեւ փաստերը ոչնչացվում են:

Ըստ «Ռադիկալի», Դինքի սպանությունից հետո դրա կազմակերպիչներից Էրհան Թունջելը իսկույն կանչվել է Տրապիզոնի անվտանգության վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժին: Նրան այնտեղ 14 ժամ պահելուց հետո ազատ են արձակել առանց որեւէ արձանագրություն կազմելու: Այսպիսով, անհայտ է մնացել, թե ինչի մասին են խոսել Թունջելի հետ բաժնի աշխատակիցները:

«Ռադիկալի» վկայությամբ, Դինքի սպանության հարցում բացահայտման վճռականություն ցուցաբերող իշխանություններն այնուհետեւ տեղի են տվել: Թուրքական այս թերթը նույն օրվա համարում նշում է, որ դատախազությունը դիմել էր նաեւ Ստամբուլի փոխնահանգապետ Էրգուն Գյունգորինՙ ճշտելու համար Ազգային անվտանգության կազմակերպությանՙ MIT-ի երկու աշխատակիցների անունները, որոնք 2005-ին փոխնահանգապետի սենյակում սպառնացել էին Հրանտ Դինքին: Դիմումից հետո պարզվել է, որ Գյունգորը փոխնահանգապետ է նշանակվել Չանքըրիում:

Սեպտեմբերի 30-ի համարում Էրհան Թունջելի առնչությամբ «Ռադիկալին» է լրացնում «Սաբահ» թերթը: Պարզվում է, նախքան Թունջելին Տրապիզոնում ահաբեկչության դեմ պայքարի բաժին կանչելը, նրա հետ հեռախոսակապ է հաստատել բաժնի աշխատակից Մուհիթդին Զենիթըՙ հարցնելով. «Մահացա՞վ»: Թունջելն ասել է. «Իհարկե, պարզապես սպանողը չպետք է փախուստի դիմեր»: «Սաբահի» վկայությամբ, հեռախոսազրույցի ընթացքում բաժնի աշխատակից Զենիթը, նկատի ունենալով Հրանտ Դինքին, Թունջելին ասել է. «Դե ինչ, սատկել է, թող սատկի»: 2007-ի ապրիլի 5-ին, երբ այս հեռախոսազրույցին արձագանքել են թուրքական թերթերը, Ստամբուլի դատախազությունը հարցաքննել է Զենիթին, իսկ նա պատասխանել. «Ես այդ հեռախոսազրույցն ունեցել եմ վերադասներիս պահանջով, նպատակը Թունջելից խոսք քաշելն էր»:

Ինչ վերաբերում է դատական երկրորդ նիստին, ապա դահլիճում բացի Դինքի ընտանիքի անդամներից, դատապաշտպանից, ներկա են եղել նաեւ Գերմանիայի «Կանաչների միության» համանախագահ Կլոդիա Ռութը եւ Մեջլիսի անկախական պատգամավոր Ուֆուք Ուրասը: Մինչ դատախազները մեղադրյալներին ամբաստանել են հանցավոր կազմակերպություն ստեղծելու մեջ, վերջիններս սկսել էլ միմյանց մեղադրել:

Մարդասպան Օգյուն Սամասթը, որն առաջին նիստում անմեղության կանխավարկածի իրավունքով լռություն էր պահպանել, զղջացել է կատարվածի համար, ասել է, որ ինքը սպանությունից առաջ թմրանյութ է օգտագործել, եւ ավելացրել է. «Սպանությունն ինձ պարտադրեց Յասին Հայալը»: Վերջինն իր հերթին մեղադրել է Էրհան Թունջելին, որն էլ արդարացել է, թե ծրագրվող սպանության մասին նախապես տեղյակ է պահել իրավապահ մարմիններին: Այդ ընթացքում Թուրքիայի ազգային մեծ ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի որոշմամբ ստեղծվել է լրագրող Հրանտ Դինքի սպանության ուսումնասիրման ենթահանձնաժողով:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4