«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2007-09-28 | #177, 2007-09-29 | #178, 2007-10-02


ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ PKK-Ն ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ ՀԵՏԱԳԱ ՊԱՅՔԱՐԻՑ

Դրա անհրաժեշտ նախապայմանը քրդական հարցի լուծման նախադրյալների ստեղծումն է երկրում

2007-ի հունվար-սեպտեմբերին սպանվել են 191 PKK-ականներ, 142-ըՙ ձերբակալվել է, իսկ 84-ըՙ հանձնվել թուրքական անվտանգության ուժերին: Այսինքնՙ ընդհանուր թվով չեզոքացվել է 417 PKK-ական: Այդ մասին երեկ նշել էր «CNN-Turk»-ը: PKK-ականների չեզոքացումը, սակայն, ամենեւին չի հանգեցնում թուրքական անվտանգության ուժերի հետ բախումների դադարեցմանը: Ավելին, դրան չեն նպաստում ԱՄՆ-ի հետ Թուրքիայի բանակցությունները, ոչ էլ ահաբեկչության դեմ պայքարի մասին Իրաքի հետ ստորագրված պայմանագիրը:

Բանակցություններն ընդամենը սրում են թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը, իսկ Անկարա-Բաղդադ երկկողմ պայմանագիրը բուռն հակազդեցություն է առաջացնում Հյուսիսային Իրաքի դե ֆակտո անկախ «Քուրդիստան» շրջանում: Իսկ հակազդեցությանը նպաստում է ԱՄՆ Սենատի սեպտեմբերի 27-ի որոշումն, ըստ որի Իրաքի կազմում ստեղծվում են երեք առանձին դաշնային շրջաններ: Փաստորեն որոշումն օրինականացնում է դեռեւս հակաիրաքյան պատերազմի ավարտին շրջանառության մեջ դրված Իրաքի մասնատման ամերիկյան ծրագիրը:

Վերոհիշյալ զարգացումները սերտորեն կապակցված են: Տրամաբանական է, որ կապակցված պետք է լինեն նաեւ այդ զարգացումներին առնչվող բանակցություններն ու հանդիպումները, դրանց հաջորդականությունըՙ նմանապես: Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանն ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ հանդիպմանն ամերիկյան կողմից պահանջում է Հյուսիսային Իրաքում ձերբակալել PKK-ի ղեկավարներին եւ հանձնել թուրքական իշխանություններին:

Դրան ի պատասխան պետքարտուղարն ասում է, որ PKK-ի ահաբեկչությունը պետք է արմատախիլ արվի ոչ միայն Իրաքում, այլեւ ողջ աշխարհում: Թերեւս դրանով էլ Կոնդոլիզա Ռայսը դիվանագիտական քաղաքավարության շրջանակներում մերժում է Հյուսիսային Իրաքում տեղակայված PKK-ի առաջնորդներին Թուրքիային հանձնելու Բաբաջանի պահանջը:

Նույն օրը ԱՄՆ Սենատն արտահայտվում է Իրաքի կազմում առանձին դաշնային շրջանների ստեղծման օգտին: Սեպտեմբերի 28-ին Անկարայում Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայն ահաբեկչության դեմ համատեղ պայքարի մասին պայմանագիր է ստորագրում Իրաքի ներքին գործերի նախարար Ջավադ Բոլանիի հետ եւ, չնայած թուրքական կողմի համառ պահանջներին, իրաքյան կողմը նույն համառությամբ առարկում է ահաբեկիչներին հետապնդելու վերաբերյալ հոդվածին, որը Հյուսիսային Իրաքում ռազմական գործողություններ ծավալելու հնարավորություն կտար Թուրքիային:

Հոկտեմբերի 1-ին Հյուսիսային Իրաքի «Քուրդիստան» շրջանի խորհրդարանի փոխնախագահ Քեմալ Քերքուքին Անկարայում ստորագրված պայմանագրի առնչությամբ, այնուամենայնիվ, դատապարտում է նախարար Բոլանիին, ընդգծելով. «Իրաքի ներքին գործերի նախարարն առանց Իրաքի խորհրդարանի եւ կառավարության հավանության չի կարող այսպիսի պայմանագիր ստորագրել: Մեր խորհրդարանը ոչ մի դեպքում թույլ չի տալու, որ արտաքին ուժերը խախտեն «Քուրդիստան» շրջանի սահմանները»: Իսկ քրդական կառավարության խոսնակ Ջամալ Աբդուլլան ավելացնում է. «PKK-ն եւ նրա իրանական թեւըՙ PJAK-ն ապաստանել են անառիկ լեռներում: Անկարան եւ Թեհրանը մեծ ջանքեր են գործադրում նրանց հասնելու համար, սակայն ամեն անգամ մատնվում են անհաջողության»:

Վերոհիշյալ զարգացումներն ու հայտարարությունները բոլոր հիմքերը տալիս են ենթադրելու, որ թուրքական անվտանգության ուժերի դեմ PKK-ի զինյալ պայքարը, Թուրքիայում առկա քրդական հարցի, ինչպես նաեւ Հյուսիսային Իրաքում ամերիկյան քրդական ծրագրերի արձագանքն է, իսկ այդ ծրագրերը պայմանավորում են Իրաքի մասնատումը:

Այս պայմաններում մտածել, որ PKK-ն կհրաժարվի հետագա պայքարից, իրատեսական չէ: Դրա համար անհրաժեշտ է, որ թուրքական իշխանությունները ձեռնամուխ լինեն քրդական հարցի կարգավորման նախադրյալների ստեղծմանը, որի անհրաժեշտ նախապայմանը PKK-ի գործունեության քաղաքականացումն է:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4