Անմիջական հրապարակման համար Օհայոյի Հայ դատի գրասենյակից ստացված մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 10-ին եւ 11-ին Ցինցինատիի (Օհայոյի նահանգ) տարբեր վայրերում («Ազատության կենտրոնում», «Հյուսիսային Կենտուկի համալսարանում», «Էսքուայր» թատրոնում) տեղի է ունենալու «Ճչացողները» («Screamers») ֆիլմի պրեմիերան, հովանավորությամբ մի շարք կազմակերպությունների («Հոլոքոսթի եւ մարդասիրության իրազեկման կենտրոնի», «Ֆրանցիսկան համացանցի», Ցինցինատի համալսարանի «Հանուն արդար հասարակության նախաձեռնության» եւ այլն), որոնք արձագանքել են Հայ դատի գրասենյակի կոչին:
Պրեմիերային ներկա են լինելու ֆիլմի մրցանակակիր ռեժիսոր Կառլա Կարապետյանը եւ Դարֆուրի ողբերգությունների ականատես, դերասան Նիք Քլունին: Ցուցադրումներից ստացված հասույթը տրամադրվելու է Դարֆուրին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հիմնադրամին:
«Տխուր փաստ է, որ մենք այստեղ ավելի շատ ուշադրություն ենք դարձնում ոչնչացման եզրին կանգնած կենդանիներին, քան ցեղասպանության ենթարկված եւ ենթարկվող մարդկանց: Ե՞րբ են մեր առաջնորդները վերջապես առաջն առնելու Դարֆուրի կոտորածների, ե՞րբ են նրանք ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Հիմա պետք է նրանք կատարեն այդ քայլերը», նշել է այս առթիվ Հայոց դատի Օհայոյի գրասենյակի տնօրեն Դավիթ Գրիգորյանը:
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ