ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրերով փոփոխություններ են կատարվել հանրապետության իրավապահ մարմինների ղեկավար կազմում: Մասնավորապես, զբաղեցրած պաշտոնից ազատվել եւ նախագահի խորհրդական է նշանակվել կառավարությանն առընթեր ոստիկանության ծառայության պետ, գեներալ-լեյտենանտ Արմեն Իսագուլովը: Այդ պաշտոնում նրան փոխարինել է մինչ այդ ԼՂՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արշավիր Ղարամյանը:
ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար, գեներալ-մայոր Վիկտոր Քոչարյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում: Վերոհիշյալ երկու ծառայությունների նորանշանակ ղեկավարներին համակարգերի անձնակազմերին երեկ անձամբ ներկայացրել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Իր դիմումի համաձայն, զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաեւ կառավարությանն առընթեր հարկային ծառայության պետ Հակոբ Ղահրամանյանը, որին ըստ նախագահի հրամանագրի` փոխարինել է «Արցախբանկ« ՓԲԸ պատասխանատու աշխատակից Արտակ Բալայանը:
ԼՂՀ ԿԱ հարկային ծառայության պետի տեղակալ Մանուշ Մինասյանը նշանակվել է ԼՂՀ ազգային վիճակագրության ծառայության ղեկավարի պաշտոնում, որտեղ մինչեւ նոր նշանակումն աշխատում էր էկոնոմիկայի զարգացման ներկայիս նախարար Բենիկ Բաբայանը:
Կառավարությունում վերջերս իրականացված կառուցվածքային փոփոխությունների հետեւանքով նոր ստեղծված սպորտի պետական կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել է Լեռնիկ Ղալայանը:
Նշված կառույցների ղեկավարներին համապատասխան մարմիններում անձնակազմերին ներկայացրել է վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ