Մեր երկրում լայն տարածում ունեցող սողանքային երեւույթները, մասնագետների հավաստմամբ, վերջին տարիներին ակտիվացել են: Դրանք լրջորեն սպառնում են բնակչության անվտանգությանը, բնակավայրերի կայուն զարգացմանը, տարածքների էկոլոգիական վիճակին, հաղորդակցության համակարգին:
Ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարության գիտատեխնիկական քաղաքականության վարչության պետ Ալեքսանդր Մովսիսյանի, մինչեւ 1990-ականների վերջը հանրապետությունում չի իրականացվել համակարգված մոտեցում սողանքային երեւույթների հետազննման եւ միջոցառումների իրականացման ոլորտում:
Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող վերոհիշյալ խնդրի լուծումը նախատեսված էր ՀՀ կառավարության 2001-ի. թիվ 1074 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում հակասողանքային առաջնահերթ միջոցառումների» ծրագրով: Վերջինիս իրականացումը նախատեսված էր 2002-2004 թվականներին, իհարկե, համապատասխան ֆինանսական միջոցների ապահովման պարագայում: Սակայն ծրագրի իրականացման համար նախատեսված 1924 մլն դրամից 2004-2005 թթ. հատկացվել է ընդամենը 243,8 մլն դրամ, որից բուն սողանքային հետազննություններին տրամադրվել է միայն 111,4 մլն դրամ: Դրանով իրականացվել են սողանքային 18 տեղամասերի ինժեներաերկրաբանական հետազննություն, ռեժիմային դիտարկումների (մոնիտորինգի) ցանցի ստեղծում, ինչպես նաեւ հանրապետության բնակավայրերից 32-ի 792 բնակելի տան տեխնիկական վիճակի հետազննություն, որպեսզի հնարավոր լինի բացահայտել այն տները, որոնց բնակիչները ենթակա են առաջնահերթ վերաբնակեցման: Վթարային տներից բնակիչների վերաբնակեցման համար հատկացվել է 132,4 մլն դրամ:
Հաշվի առնելով վերը նշվածը, 2006-ից սողանքային տարածքների վթարային տների բնակիչների վերաբնակեցման խնդիրը լուծվում է «Սողանքային գոտիներում գտնվող բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման» առանձին ծրագրի շրջանակներում: Ա. Մովսիսյանի տեղեկացմամբ, «ՀՀ տարածքում հակասողանքային առաջնահերթ միջոցառումներ» ծրագրի շարունակման համար ՀՀ կառավարության 17.06.2004 թ. թիվ 985-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2005-2007 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ-ի) 2006 թ. 112 մլն դրամ եւ 2007 թ. 112 մլն չափաքանակները ներկայացվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության ՀՀ 2006-2008 թթ. եւ ՀՀ 2007-2009 թթ. ՄԺԾԾ-ի հայտերում, սակայն չեն ընդգրկվել ՀՀ բյուջետային ծախսերի ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակներում:
Այնուամենայնիվ, նշված ծրագրի հիման վրա ՀՀ քաղաքաշինության նախարարության ձեռնարկած քայլերով հաջողվել է 2004-ի մարտից 2006-ի մարտ ժամանակահատվածում որոշ աշխատանքներ իրականացնել: Դրանք կատարել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը, բարեգործական հիմունքներով: Մասնավորապես իրականացվել է «ՀՀ-ում սողանքային աղետի կառավարման ուսումնասիրություն» ծրագիրը: Նշված ծրագրի շրջանակներում գործակալությունը կատարել է մի շարք հետազոտություններ: Իրականացվել են նաեւ պիլոտային նախագծեր Տավուշի մարզի Գոշ եւ Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղերում, Կապան քաղաքի Մ. Հարությունյան փողոցին հարող եւ Երեւանի Նուբարաշենի գերեզմանոցի տարածքներում, իսկ Գոշի եւ Մարտունու տարածքներում կատարվել են նաեւ սահմանափակ ծավալի հակասողանքային միջոցառումներ:
Ճապոնացի մասնագետների ուսումնասիրություններով պարզվել է, որ հանրապետությունում կա տարբեր չափերի առնվազն 2504 սողանք` 1216 քառ. կմ ընդհանուր մակերեսով: Թերեւս բավական է միայն ասել, որ 2004-ի դրությամբ սողանքային երեւույթների հետեւանքով ՀՀ սոցիալ-տնտեսական կառույցներին հասցված ուղղակի վնասը կազմում է ավելի քան 43 մլն ԱՄՆ դոլար, իսկ անուղղակի վնասը` 53,3 մլն դոլար:
Քաղաքաշինության նախարարությունը մարզպետարաններից, համայնքներից, բնակիչներից, գերատեսչություններից եւ ԱԺ պատգամավորներից տարեկան ստանում է մի քանի տասնյակ ահազանգեր` սողանքային երեւույթների եւ դրանցից սպառնացող վտանգների կանխման անհրաժեշտության վերաբերյալ:
Մեր հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող հիմնախնդրի լուծման նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարությունում մշակվել եւ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում ներառվել է «Հայաստանի Հանրապետության սողանքային աղետի կառավարման հայեցակարգը»: Այն ՀՀ կառավարության 2007-ի հունվարի 11-ի նիստում արժանացել է հավանության: Նշված փաստաթղթով նախատեսված է 2008-2010 թթ. առավել ռիսկային 69 սողանքային տեղամասերի ինժեներական հետազննությունների եւ ռեժիմային դիտարկումների տվյալների հիման վրա մշակել սողանքային աղետի դեմ պայքարի նպատակային համալիր ծրագիր:
Վերոհիշյալ 69 տեղամասերում նախատեսված միջոցառումները «Սողանքային աղետի դեմ պայքար» ծրագրով ներկայացված են ՀՀ 2008-2010 թթ. ՄԺԾԾ-ի ՀՀ քաղաքաշինության նախարարության հայտում հետեւյալ կողմնորոշիչ չափաքանակներով. 2008 թ.` 419 մլն դրամ, 2009 թ.` 528 մլն դրամ, իսկ 2010 թ.` 1074 մլն դրամ: Սակայն, ըստ հիշյալ վարչության պետի, նշված ծրագրի իրականացումը տեղ չի գտել ՀՀ կառավարության 2007 թ. հունիսի 21-ի նիստով հաստատված ՀՀ 2008-2010 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում: Այդ կապակցությամբ լրացուցիչ առաջարկություն է ներկայացվել ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն:
Ըստ Ա. Մովսիսյանի, հաշվի առնելով վերոհիշյալը, մեր երկրում սողանքային աղետի դեմ պայքարին նման մոտեցումը թույլ չի տա 2008-2010 թվականներին իրականացնել անհրաժեշտ ծավալի ինժեներական հետազննական աշխատանքներ ու դրանց հիման վրա մշակել նպատակային համալիր ծրագիր: Ծրագիր, որը հնարավորություն կընձեռի հակասողանքային միջոցառումների իրականացման բնագավառում ներդնել միասնական համակարգված մոտեցում, այսինքն` կատարել սողանքային գործընթացների զարգացման կանխատեսումներ, բարձրաձայնել հակասողանքային միջոցառումների հիմնավորվածության աստիճանը, իրականացնել առավելապես կանխարգելիչ միջոցառումներ, ռացիոնալ օգտագործել ներդրվող ֆինանսական միջոցները եւ ժամանակին ահազանգել սպասվող վտանգի մասին:
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ