Պայմանավորվել են ՀՅԴ-ն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը
«Դաշնակցությունը ՀՀՇ-ին չի անի այն, ինչ չէր ցանկանա, որ ՀՀՇ-ն աներ իր հետ: Լեւոն Տեր-Պետրոսյանն իր այցով ՀՅԴ գրասենյակ ցույց տվեց, որ լուրջ է տրամադրված քաղաքական գործընթացների նկատմամբ, իսկ նրան էլ ընդունելով` ՀՅԴ-ն ցույց տվեց, որ իր դիրքորոշումները զգացմունքային տեսանկյունից չեն», երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի պաշտոնաթերթ «Երկիր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Սպարտակ Սեյրանյանը: Շաբաթ օրը Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանի հետ: Սպարտակ Սեյրանյանը հայտարարեց, որ հանդիպման ժամանակ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն ասել է, որ մտադիր է առաջադրվել: ՀՅԴ ներկայացուցիչներն ու առաջին նախագահը, Սեյրանյանի փոխանցմամբ, հիմնականում խոսել-պայմանավորվել են նախագահական ընտրություններում գաղափարների հարթության վրա պայքարելու մասին: Սպարտակ Սեյրանյանի խոսքով, հանդիպմանն անդրադարձ չի եղել ՀՅԴ-ՀՀՇ անցյալի հարաբերություններին, այդ խութերը գիտակցաբար անտեսվել են, բայց պետք չէ մոռանալ, որ «ՀՅԴ-ում ոչ մեկը հիշողության կորստով չի տառապում, իսկ խոսակցության թեմա` հատկապես Ղարաբաղի հարցով, ՀՅԴ-ն ՀՀՇ-ի հետ շատ ունի»:
«Հայելի» ակումբում նախագահական ընտրություններից առաջ տեղի ունեցող գործընթացների մասին միմյանց հետ բանավիճող Սպարտակ Սեյրանյանն ու Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության (ՀԱԱԿ) նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն համակարծիք էին այն հարցում, որ նախագահական ընտրությունները պետք է լինեն գաղափարական պայքարի հենքի վրա: ՀԱԱԿ առաջնորդը համոզված է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը գաղափարականություն կմտցնի նախագահական ընտրապայքարում, քանի որ առաջին նախագահն իր վերադարձով կհամախմբի բոլոր լիբերալ ուժերին: Սպարտակ Սեյրանյանը հակված է կարծելու, որ լիբերալ ուժերի չմիավորման պատճառը այդ միակ անձի բացակայությունը չի եղել, այնպես որ հիմա էլ առանձնակի երաշխիք չկա, որ լիբերալները կհավաքվեն առաջին նախագահի շուրջը: Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձով էլ, «Երկիր»-ի խմբագրի համոզմամբ, նախագահական ընտրություններում գաղափարական պայքարը ոչ կակտիվանա, ոչ էլ կնսեմանա: Սպարտակ Սեյրանյանը շատ քիչ է հավատում կոռեկտ, գաղափարական պայքարին. «Նախորդ նախագահական ընտրություններից ավելի գաղափարական կլինի, բայց ոչ այնքան, որքան ցանկալի է»:
Հովհաննես Հովհաննիսյանն իշխանությունների «ամենամեծ սրիկայությունը» համարեց «ազգին փչացնելը»` նկատի ունենալով, որ ընտրություններում փողն է հաղթում, հայաստանյան ընտրական համակարգը դեգրադացիա է ապրում: ՀՅԴ-ական Սպարտակ Սեյրանյանն էլ նկատեց, թե այլասերումը միակողմանի չէ եւ մեր պատկերացրած ամենադեմոկրատական երկրում էլ ընտրությունների ժամանակ փող բաժանվում է. «Փող կբաժանվի այնքան ժամանակ, քանի դեռ վերցնող կա»:
ՀԱԱԿ ղեկավարը Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը շատ կոռեկտ եւ ազնիվ գնահատեց, փոխարենը կոռեկտությունից դուրս համարեց հաջորդ օրը նախագահ Քոչարյանի հայտարարությունը: «Ի՞նչ է նշանակում շարքային ընդդիմադիր, կա՞ VIP կամ էլիտար ընդդիմություն», լրագրողներին հարցրեց Հովհաննիսյանը:
Հարցին, թե ՀՅԴ-ն իրեն ավելի զորեղ մրցակից առաջին նախագահին է համարում, թե՞ Սերժ Սարգսյանին, Սեյրանյանը պատասխանեց, որ մրցակիցը զորեղ կամ թույլ չի լինում, եւ հետո` ինքն էլ չի կարծում, որ առաջին նախագահը ՀՅԴ-ի համար ամենաուժեղ գաղափարական մրցակիցն է:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ