Քաղաքական դաշտը եթե ոչ ցնցված, ապա զարմացած է շաբաթ օրը տեղի ունեցած պատմական մի իրադարձությունից` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ այցելեց ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոն` հանդիպելով բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ: Զարմացած է` նկատի ունենալով տասնամյակից ավելի միմյանց հետ այս երկու կուսակցությունների տածած թշնամանքը, 1994-ի դեկտեմբերի 28-ի գիշերը ՀՅԴ գրասենյակներում կատարված խուզարկություններն ու ձերբակալությունները, թերթերի փակումը, հետագա դատավարություններն ու մինչեւ այսօր մամուլի մակարդակով գոնե փոխադարձ ցեխշպրտոցները միմյանց վրա` ահա այդ զարմանքի աղբյուրը: Բայց տեսեք, որ չկան հավերժական թշնամիներ ու բարեկամներ: Ու երկու նախկին թշնամի ուժերի առաջնորդները 40 րոպե հանգիստ խոսել ու պայմանավորվել են մնալ քաղաքական-գաղափարական պայքարի մակարդակի վրա, հասկանալի՞ է: Հանդիպման նախաձեռնությունը Լ. Տեր-Պետրոսյանինը լինելը նշանակում է, որ ՀՀՇ-ն, այնուամենայնիվ, հաշվի է նստում հասարակական պահանջի հետ` անցյալի սխալները ընդունելու վերաբերյալ, եւ մենք այդպիսի նոր քայլերի ականատես կլինենք: Իսկ հանդիպման առաջարկը չմերժելը Հրանտ Մարգարյանի խոսքում արդեն բացատրություն ունի. «Մենք մեր հերթին անձնական օրինակ ցույց տալու խնդիր ունեինք` երկրում համերաշխության, հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու, քաղաքական մշակույթ ձեւավորելու»:
Մինչդեռոչ ՀՀՇ-ն եւ ոչ էլ ՀՅԴ-ն անցյալում երբեք չեն փայլել քաղաքական կուլտուրայով: ըստ երեւույթին, 3-րդ կողմն է նրանց ստիպել իրար մոտ գալ:
Իհարկե, ՀՅԴ ղեկավարությունն այդպիսի մշակույթ ձեւավորելիս պետք է դեռ իր շարքերին մանրամասն բացատրի` ինչո՞ւ շատ դաշնակցականների կյանքը ժամանակին բարդացրած, նրանց հետապնդած ՀՀՇ-ին` այդպիսի հանդուրժողական վերաբերմունք: Մի կողմից լավ է` նախագահական ընտրությունների շեմին կանգնած երկրում հանդուրժողականության օրինակ են ցույց տալիս` մի քանի օր առաջ վարչապետը, վերջին օրերին` ՀՅԴ-ն ու ՀՀՇ-ն, վերջինս ձեռի հետ էլ ընդդիմադիր մյուս գործիչներից խլում է բանակցությունները գործնական փուլ մտցնելու նախաձեռնությունը: Մյուս կողմից` թաքնված «երեւույթ մը» եւս կարող է լինել այս բոլորի տակ, ինչու մեկը` երկուսը. հանդիպումների սայրը ուղղել մեկ երրորդ կողմի` ամենայն հավանականությամբ ՀՀԿ-ի դեմ, փորձել սասանել նրա թեկնածուի նախագահական հիմնական ֆավորիտ լինելու հանգամանքը, սա մեկ, երկրորդ` ժողովրդի մեջ առաջին նախագահի սեպտեմբերքսանմեկյան ելույթից հետո բարձրացած քննադատության ալիքն այսպիսով կարող է մեղմվել այս մտայնությամբ` եթե ՀՀՇ-ից ժամանակին տուժած ՀՅԴ-ն է նրան ընդունում, ուրեմն կարելի է նաեւ մի փոքր ներողամիտ վերաբերվել նրան: Վերջինս հաստատ պետք է ՀՀՇ-ին, բայց ՀՅԴ-ին էլ է պետք, եթե նա ցանկություն ունի նախագահացուների դասավորություն փոխել: Իսկ հանդիպմանը մասնակցած ՀՀՇ-ական մյուս լիդերը` Ա. Արզումանյանը չի վարանել հաճոյախոսել ՀՅԴ-ին. «ՀՀՇ-ն Դաշնակցությանը համարում է լուրջ դերակատարություն ունեցող քաղաքական ուժ, եւ ըստ այդմ` Դաշնակցության թեկնածուն կարող է լուրջ դերակատարություն ունենալ նախագահական ընտրությունների ժամանակ»: Ասենք` փոխադարձ ռեւերանսների պակաս այդ երկու ուժերի ներկայացուցիչների ասուլիսներում վերջերս չէր նկատվում` երկու կողմն էլ նախագահական ընտրություններին միմյանց թեկնածուների հնարավոր մասնակցությունը շատ գաղափարական երեւույթ էին դիտում: Շաբաթօրյա հանդիպումից հետո դաշնակցական լիդերների տպավորությամբ` առաջին նախագահը լրջորեն մտադիր է դնել իր թեկնածությունը, իսկ ընդհանուր լրատվությամբ` Տեր-Պետրոսյանը շարունակելու է հանդիպել մյուս քաղաքական ուժերի հետ, առջեւում ՕԵԿ-ի հետ հանդիպումն է, համենայն դեպս` երեկվա դրությամբ ՕԵԿ-ին այդպիսի առաջարկ արվել է: Երեկ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը լրագրողներին ասել է. «Հանդիպման առաջարկ լինի, կքննարկենք», իսկ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը մեջբերել է Գագիկ Ծառուկյանի տեսակետը, որ նորմալ է վերաբերվում թե՛ Տեր-Պետրոսյանի, թե՛ մյուս թեկնածուների առաջադրմանը նախագահական ընտրություններում:
Երեկ ՀՅԴ-Տեր-Պետրոսյան հանդիպմանն արձագանքել են հանդիպմանը չմասնակցած դաշնակցական լիդերներ: ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն, օրինակ, ոչ թե հանդիպումն է ունիկալ գնահատել, այլ` որ 13-14 տարի միմյանց հետ չտեսնվելուց հետո Տեր-Պետրոսյանն է եկել ՀՅԴ գրասենյակ, «ինչը մի բան նշանակում է»: Այդպիսով, հենց Վահան Հովհաննիսյանի հայտարարությամբ, ՀՅԴ դռները բաց են ՀՀՇ ղեկավարության առաջ: Խեր լինի: «Ոչ մի միության մասին խոսք չկա, բայց հնարավոր է համաձայնեցված աշխատանք առանձին հարցերում, օրինակ` նորմալ նախագահական ընտրությունների անցկացման, քաղաքակիրթ երկխոսության մշակույթի ձեւավորման նպատակով»: Բայց, օրինակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը նաեւ հիշեցրել է, որ Դաշնակցությունը չի տառապում մոռացությամբ եւ չի մոռացել ՀՀՇ-ի արածը` ուղղակի քաղաքականությունը որոշակի կանոններ ունի ու զգացմունքային մոտեցումները տեղ չունեն քաղաքականության մեջ:
ՍՈՒՐԵՆ ՄՇԵՑՅԱՆ