«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2007-09-28 | #177, 2007-09-29 | #178, 2007-10-02


ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԳՐՈՂԻ ՎԱՍՏԱԿԻՆ

Գեւորգ Դեւրիկյանի 70-ամյակը

Ստեղծագործական հարուստ կենսագրություն, հագեցած աշխատանքային գործունեություն, գրական առատ հունձք. արձակագիր, հրապարակագիր Գեւորգ Դեւրիկյանը հիրավի հայրենական գրականությանն իր ուրույն ձեռագիրն ու ոճը բերեց, իր մտածողական համակարգը: Խորհրդային իրականության մեջ գրողական, մտավորական միջավայրին հատուկ գաղափարախոսության կարծրատիպերից դուրս եկողներին այլախոհական բախտ էր վիճակվումՙ համապատասխան հետեւանքներով: Բայց եւ տիրող ընդհանուր մտածողական, անգամ ճաշակի ու կրթության համահարթված տխուր ֆոնին կային առանձին մարդիկ, որոնք լինելով համակարգի ոլորտում, երբեմն էլ կարծես ամբողջովին ինտեգրված դրան, իրենց խորքում սակայն ազգային արժեքների եւ մշակույթի ազնիվ ընտրություն էին կատարել, ինչը եւ արտահայտություն էր գտնում թե՛ ստեղծագործական մակարդակներում, թե՛ կյանքում:

Հրատարակչական եւ խմբագրական աշխատանքային երկար ճանապարհ է անցել Գեւորգ Դեւրիկյանը, որի սկիզբը «Երեկոյան Երեւան» թերթն էր, ապա Մամուլի պետական կոմիտեն, հետո «Հայաստան», «Սովետական գրող», «Արեւիկ» հրատարակչությունները, որոնցում նա գլխավորում էր ստեղծագործական աշխատանքները:

Արձակագրի իր տարերքը պատմագրության ժանրն էր. պաթոսըՙ ազգային-հայրենասիրականը, ներշնչումները, իր ներաշխարհային մթնոլորտըՙ ազգային կյանքի, բառ ու բանի, սովորույթների, մշակույթի, լեզվի ու պատմության խորը հետաքրքրությունները, որոնց գրավոր արձագանքները տեղ գտան հրապարակագրություններում:

Առաջին գեղարվեստական ծավալուն վեպը «Վիրավոր կռունկ»-ն էր, մինչ այդ լույս էին տեսել գեղարվեստական-վավերագրական ակնարկները: 1975-ին տպագրվեց «Սրբացած հուշարձան» էսսէների ժողովածուն, 1980-ինՙ «Մաքառում» պատմվածքների ժողովածուն, 1983-ինՙ «Տրդատ ճարտարապետ» պատմավեպը, 1987-ինՙ «Գոյամարտ» վեպը, այսպես երկար կարելի է շարունակել: Իր գրիչը, իրոք, բեղուն էր հրատարակչությունում («Արեւիկ») կոլեգաները կատակում էին, թե Դեւրիկյանի գրիչն ուղղակի սահում է թղթի վրայով: Դա իմացության, գիտելիքի, կուտակված պաշարի հետեւանք էր: Ինքս աշխատել եմ իր ղեկավարած հրատարակչությունում, գրողական այդ միջավայրում նա առանձնանում էր խոհեմ ղեկավարի, լրջախոհ մտավորականի, շրջահայաց խմբագրի, միաժամանակ ավագ ընկերոջ բարի խորհրդատուի շնորհներով:

Հոկտեմբերի 1-ին լրացավ Գեւորգ Դեւրիկյանի 70-ամյակը, նա շուտ հեռացավ կյանքից, ստեղծագործական կյանքը դեռ «հետապնդում էր» իրեն, 60 չկար: «Մաքառում» խորագրով գիրք գրեց, ինքը, սակայն, անկարող եղավ մաքառելու դաժան հիվանդությունների դեմ: Գրողներից մեկը ի շարս բազում բարեմասնությունների, աշխատասիրությունը եւս նշեց ու ասաց, որ Երեւանից դուրս հանդիպումների ժամանակ էլ դատարկ տեղ չէր թողնում, գիշերներն անգամ շարունակում էր անավարտ վեպը: Գուցե շտապում էր, գուցե նախազգում, որ իրեն սահմանված տարիները կարճ են:

Գ. Դեւրիկյանի հոբելյանը երեկ նշվեց Գրողների միության կլոր սրահում, աշխատանքային, ուսանողական գրչակից ընկերների ներկայությամբՙ Սուրեն Մուրադյան, Արեւշատ Ավագյան, Լեւոն Անանյան, Համլետ Կարճիկյան, Լիպարիտ Սարգսյան, Վարդան Վանատուր, Էդվարդ Ավագյան, Ավիկ Իսահակյան, որոնք հիշեցին անցյալից դրվագներ, արժեւորեցին նրա վաստակը, հրատարակչական ներդրումները: Առաջարկություն եղավ պետպատվերով գրողի երկերի ընտրանու հրատարակության: «Նա ստեղծում էր առողջ, կենսական մթնոլորտ, իր մեջ զուգորդում էր հանգիստ ու զուսպ պետական մտածողի եւ ժողովրդական դիվանագիտություն կրողին» (Ա. Ավագյան): «Գոց գիտեր մեր պատմությունը, եկեղեցիների ու հնավայրերի արձանագրությունները, իր նախնիների հոգեւոր ժառանգորդն էր, հայրենի պատմության փայլուն գիտակը. երեք այդպիսի մտավորականի գիտեմՙ Հայր Ղեւոնդ Ալիշան, Հայկ Խաչատրյան, Գեւորգ Դեւրիկյան» (Սուրեն Մուրադյան): «Զորավար Անդրանիկ» միության նախագահ Նորայր Մուշեղյանը հիշեց, թե ինչպիսի աջակցություն ցույց տվեց Դեւրիկյանն Անդրանիկ Զորավարի գրքի հրատարակությանը եւ թե ինչպես գրքի 25.000 օրինակը «փրկվեց» նրա ջանքերովՙ Կարեն Սիմոնյանի մի արկածախնդրությունից: Ի նպաստ հայապահպան իր առաքելությանՙ Ն. Մուշեղյանը գրողի տիկնոջը հանձնեց միության հուշամեդալը:

Գեւորգ Դեւրիկյանի հետ աշխատանքային համագործակցության տարիները հիշեց նաեւ Սեն Արեւշատյանըՙ Գլաձորի համալսարանի 700-ամյակի եւ գրերի գյուտի հոբելյանական մի տարեդարձի առիթով: «Գեղարվեստական գրականության մեջ իր տեղը նվաճած անձ, բարի եւ իմաստուն մարդ եւ ի՜նչ մեծ սեր ու հետաքրքրություն գիտական աշխատանքի հանդեպ: Իր այդ պրպտումների, անցյալի պատմական փաստերի ուսումնասիրությունները դրսեւորվեցին գրական ստեղծագործություններում: Իր ձեռքով կերտած արձանը, իբրեւ մնայուն արժեք թողեց հայ մշակութային իրականությանը»: Ինչպես Սեն Արեւշատյանը, շատերը իրենց գոհունակությունը արտահայտեցին Դեւրիկյանի գրական ժառանգության արժանի շարունակողիՙ ավագ որդուՙ Վարդանի գործունեության վերաբերյալ: Հոգեւոր- մշակութային ազգային կյանքում արժեքավոր ուսումնասիրություններով, գիտահանրամատչելի հրապարակախոսությամբ, գրքերով Վարդան Դեւրիկյանը («Էջմիածին» հանդեսի գլխ. խմբագիր, Մատենադարանի ավագ գիտաշխատող) տարիներ ի վեր հայրենի մշակի ազնիվ աշխատանք է կատարում:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4