«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2007-09-28 | #177, 2007-09-29 | #178, 2007-10-02


ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված գրող Էդուարդ Միլիտոնյանը իր մտահոգությունը հայտնեց այսօրվա հայ մտավորականության մասին: Նա նկատեց, որ ոմանց կողմից արդի հայ գրականության լուրջ անունները դարձել են «բերանի ծամոն», «ձեռք առնելիք»: Լուրջ մտավորականն էլ ասում է, որ մտավորականություն չունի: «Մտավորականության հիմքը միտքն է, ով խիղճ ունի, մտածում է: Իսկ հայ մտավորականության ասպարեզը լայն է: Ունենք նկարիչներ, գրողներ, որոնք նույնպես վառ ներկայացուցիչն են մեր մտավորականության: Լավագույն գնահատական տալու համար հարկավոր է տեսնել գրողի, մտածողի ստեղծածը: Բայց միեւնույն ժամանակ չտառապել լավատեսությամբ»:

Միլիտոնյանը նշեց մի կարեւոր հանգամանք եւս, որ կռապաշտվում, ֆետիշացվում է անցյալի գոյաբանական վիճակը: Ժամանակին Թումանյանին անվանել են գրագող, պատճառաբանելով, թե մշակել է ուրիշի ստեղծագործությունը: Մեկ ուրիշ հսկայիՙ Չարենցին էլ իր ընկերները տարան կառափնարան: Այսինքն մեծերի կողքին հայտնվում են փոքրերը եւ սկսում են քարկոծել մեծերին: Մինչեւ այսօր Հայաստանին պահողն ու առաջ տանողը հոգեւոր աշխատանքն է եղել, մեր մտավորականության դերը, նրա առաջընթաց գործունեությունը:

Իսկ թե ո՞րն է պետական, քաղաքական բնագավառում մտավորականության դերը, գրողն այսպես պատասխանեց. «Ստեղծագործողը վեր է ամեն մեխանիզմից, պետությունիցՙ իր ստեղծած ժողովրդից, բայց սա չի նշանակում, որ ժողովուրդը ի վիճակի չէ ընդհանրական վիճակ ստեղծելու: Անհատը շատ հզոր երեւույթ է եւ եթե հիշում եք, Պիկասսոն ավելի բարձր էր, քան կուբիզմը»: «Նժդեհը ստեղծում էր գաղափարներ, բայց չպետք է ասել, որ նա պարտադիր դրոշակակիր էր: Սոլժենիցինը 10 քաղաքական ուժ արժեր: Ռուսաստանն էլ իր հերթին Պուշկինի գաղափարախոսության շնորհիվ դարձավ հզոր կայսրություն: Եթե մտավորականը համոզված է, որ ինքը կարեւոր է որեւէ կուսակցական ուժի համար, ապա նրան չպետք է վարկաբեկել: Գունտեր Գրասը մասնակցում էր ընտրություններին: Քաղաքականությունը պետք է հասկանա մտավորականին: Նախկինում կուսակցական գործիչները մտածում էին մտավորականների մասին, նստում-ելնում էին նրանց հետ: Քաղաքական պայքարում մտավորականն իր խոսքը պիտի ասի հանրությանը, պետք է կողմնորոշի ժողովրդին: Եվ խոհեմությունն այն է, որ հասարակության մեջ էլ ստեղծեն մի մթնոլորտ, ներկայացնելով հստակ ծրագիրՙ իրագործելի, որպեսզի ժողովուրդը իմանա, թե ով է ավելի նախընտրելի: Իսկ այսօր ընտրում են մարդկանց, որոնք չունեն ծրագիր, չունեն հստակ պատկերացում, թե ո՞ւր են գալիս, ինչի՞ համար»:

Մտավորականի մղումը քաղաքականություն

Քաղաքական գործիչների մեծ մասը մտավորական է: Սակայն չփորձենք «սեւ PR-ը» դարձնել հիմնական զենք: Եթե պրպտենք քաղաքական գործչի անցյալը, ապա կտեսնենք, որ մտավորականի կյանքով ապրած մարդը այսօր քաղաքական գործիչ է դարձել:

«Ազգի» այն հարցին, թե ունե՞ք հրատարակված այնպիսի գրքեր, որոնք վաճառվում են, եւ ի՞նչ քանակի ընթերցող ունեք, գրող Միլիտոնյանն այսպես ասաց. «Հարցը մի քիչ անձնական է, ասեմ, որ գրել սկսել եմ մանկուց, 35-ից ավել գիրք ունեմ, իսկ ընթերցողներիս մեծ մասը պատկանում է փոքր եւ միջին տարիքային խմբերին, 10-15 տարեկան այն դպրոցականներն են, որոնց մոտ դեռեւս նոր է ձեւավորվում հոգեբանությունը կյանքի նկատմամբ: Եվ սա կարեւոր է, քանի որ դպրոցներում նկատելի է ավելի շատ չսովորելու միտումը, գիտակցությունը դպրոցներում պասսիվանում է, առաջ են գալիս տղայական խնդիրներ, հակումը դեպի այլ բարքեր»:

Արդյոք մտադի՞ր է օրհներգի տեքստ գրելուն, Միլիտոնյանն այսպես ասաց. «Հազար ու մի մրցույթի եմ մասնակցել ու մրցանակ եմ ստացել: Այս մրցույթները մի տեսակ լոբբիինգի են ենթարկվում, որը մի կողմից լավ է, քանի որ մյուսները ձգվում են: Եթե Հայաստանում մեկը մրցանակ է ստանում, մյուս անգամ չպետք է ստանա, քանի որ մեկ հատ արդեն ունի: Իսկ գրողները Մոսկվայում վեպ են ներկայացնում եւ ամեն անգամ ստանում իրենց մրցանակը: Մրցանակը գրքին պետք է տալ, ոչ թե հեղինակին: Ուրախանալ, որ ամեն անգամ նորն է ստեղծվում: Իսկ մեր գրականագետների մեծ մասն այսօր աբիտուրենտների հետ է պարապում»:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4