«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2007-09-28 | #177, 2007-09-29 | #178, 2007-10-02


ԱԿԱՆԱՎՈՐ ԳԻՏՆԱԿԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՔԱՂԱՔԱՑԻ

Ակադեմիկոս Կ. Գ. Ղարագյոզյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

2007-ի սեպտեմբերի 29-ին լրացավ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանում լիպիդային քիմիայի եւ թաղանթային լիպիդաբանության հիմնադիր, հանրաճանաչ նեյրոքիմիկոս, գիտության անխոնջ մշակ Կոնստանտին Գրիգորիի Ղարագյոզյանի ծննդյան 80 ու գիտամանկավարժական գործունեության 57-ամյակը:

Պատանի Կոնստանտինի նախասիրությունների ձեւավորման գործում մեծ դեր է խաղացել նրա հայրը` իր ժամանակին Երեւանի հայ մտավորականության փայլուն ներկայացուցիչներից մեկը , ճանաչված գիտնական, մանկավարժ եւ մասնագիտական գրականության տաղանդավոր թարգմանիչ Գրիգոր Ղարագյոզյանը:

Ակադեմիկոս Կ. Գ. Ղարագյոզյանն իր բազմակողմանի, արդյունավետ, ակտիվ գիտական եւ հասարակական գործունեությամբ մշտապես ապացուցել է իր անսահման սերն ու նվիրվածությունը Երեւան քաղաքին, Հայաստանին եւ հայ ժողովրդին: Դեռեւս Երեւանի պետական բժշկական ինստիտուտի 2-րդ կուրսից Կ. Ղարագյոզյանն անմնացորդ նվիրվեց իր սիրած մասնագիտությանը` կենսաքիմիային: Գիտության նկատմամբ նրա մեծ սերն իր վրա սեւեռեց ինչպես նրա ուսուցչի` գիտական ղեկավար, ակադեմիկոս Հր. Բունիաթյանի, այնպես էլ ականավոր ֆիզիոլոգ, ակադեմիկոս Լ. Օրբելու ուշադրությունը եւ շարունակական աջակցությունը: Ինստիտուտն ավարտելով, ասպիրանտուրայի տարիներին Կ. Ղարագյոզյանն իրականացրեց մեծ հետաքրքրություն ներկայացնող գիտական թեզըՙ «Արյան մակարդման պայմանական անդրադարձային կարգավորումը» թեմայով, որը եւ 1954-ին փայլուն պաշտպանեց: Թեկնածուական թեզում առաջ քաշված դրույթների հետագա զարգացումը հիմք դարձավ նոր գիտական ուղղության ձեւավորմանը: Առաջին անգամ Կ. Ղարագյոզյանը բացահայտեց ախտաբանական տարբեր վիճակների ժամանակ տարաբնույթ լիպիդների եւ, հատկապես, ֆոսֆոլիպիդների, ազատ ռադիկալային գերօքսիդացման արգասիքի, մոլեկուլային մակարդակով ենթաբջջային տարրերի կառուցվածքային տեղաշարժերի առանձնահատկությունները: Այդ հետազոտություններին մեծ թափ հաղորդեց 1961-ին ներկայումս ՀՀ ԳԱԱ Հր. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի կազմակերպումը, որի ստեղծման գործում անգնահատելի է հոբելյարի անմիջական մասնակցությունը: Հետագայում նույն ինստիտուտում նա վարում էր գիտության գծով փոխտնօրենի պաշտոնը: Գիտական կազմակերպչի նրա տաղանդը իր շարունակական զարգացումը ստացավ ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում 1986-2006 թթ. տնօրենի եւ լիպիդների կենսաքիմիայի ու մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայի ղեկավարի պաշտոններում, որը ղեկավարում է մինչ օրս:

Կ. Գ. Ղարագյոզյանի գիտահետազոտական գործունեության արդյունքներն իրենց ամբողջական, ամփոփիչ ձեւավորումը գտան «Գլխուղեղի, ողնուղեղի հեղուկի, արյան եւ լյարդի ֆոսֆոլիպիդները օրգանիզմի տարբեր ֆունկցիոնալ վիճակների ժամանակ» դոկտորական թեզում, որի փայլուն պաշպանությունը 1968-ին մեծ իրադարձություն էր գիտական հանրության շրջանում: Շատ չանցած` 1972-ին նա ստացավ պրոֆեսորի կոչում:

Կ. Գ. Ղարագյոզյանի բազմաբեղուն գիտական գործունեությունն ըստ արժանվույն գնահատեց ՀՀ ԳԱԱ-ն, 1986-ին նրան ընտրելով ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1994-ին` իսկական անդամ: Նա գիտելիքների իր հարուստ պաշարը մեծ սիրով հաղորդում է երիտասարդ սերնդինՙ զուգակցելով գիտական եւ մանկավարժական աշխատանքներըՙ Հայկական բժշկական ինստիտուտի կենսաքիմիայի ամբիոնի վարիչի պաշտոնը: Բավական է նշել, որ նա հեղինակ է ավելի քան 550 գիտական հրապարակումների, այդ թվումՙ 2 մենագրությունների: Կ.Գ.Ղարագյոզյանի ղեկավարությամբ պաշտպանվել են 82 թեկնածուական եւ 13 դոկտորական ատենախոսություններ: Նրա աշակերտներից շատերը ներկայումս հանրապետության խոշոր գիտահետազոտական հաստատությունների եւ բուհերի ամբիոնների ղեկավարներ են:

Կ. Գ. Ղարագյոզյանի գիտական եւ գիտակազմակերպչական գործունեությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց բժշկակենսաբանական գիտության տարբեր բնագավառների մասնագետների շրջանում, որն իր հերթին բերեց արդյունավետ եւ լայն ընդգրկում ունեցող համագործակցություններ: Կ. Գ.Ղարագյոզյանի գիտական ներդրումները կենսաքիմիայի, նեյրոքիմիայի, մոլեկուլային սրտաբանության, թունաբանության, արյունաբանության ոլորտներում նրան բերեցին հիրավի մեծ ճանաչում եւ գիտական հեղինակություն ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Ռումինիայի, Ճապոնիայի, Իսրայելի եւ այլ երկրների գիտական կենտրոնների շրջանում: Տարիներ շարունակ նա հրավիրվել է դասախոսություններ կարդալու եւ համատեղ հետազոտություններ իրականացնելու Քյոլնի ֆիզիոլոգիական քիմիայի ինստիտուտում (Գերմանիա), Բորդո (Ֆրանսիա), Արեւմտյան Օնտարիո (Կանադա) քաղաքների համալսարաններում, Լոնդոնի համալսարանի կենսաքիմիայի ամբիոնում եւ թագավորական քոլեջում (Մեծ Բրիտանիա), Նեյրոքիմիական հետազոտությունների ինստիտուտում (Ստրասբուրգ, Ֆրանսիա):

Տարբեր առիթներով Կ. Գ. Ղարագյոզյանի գիտակազմակերպչական հմտությունների եւ Հայաստանում գիտական մտքի զարգացման ու քարոզչության գործում մեծ ներդրման համար նրան բարձր է գնահատել ակադեմիկոս Ս. Խ.Ավդալբեկյանը. «Անգնահատելի են ակադեմիկոս Կ. Գ. Ղարագյոզյանի բացառիկ ունակությունները հայկական բժշկակենսաբանական գիտությունների նվաճումները մերձավոր եւ հեռավոր արտերկրներում տարածելու եւ քարոզելու գործում, որի վկան եղել եմ ես ԱՄՆ-ում, Լոս Անջելեսում անցկացվող բժիշկների հերթական միջազգային ֆորումում: Նրա քաղաքացիական պատասխանատվությունը, գիտական ազնվությունը եւ բնավորության շատ այլ դրական հատկանիշներ թույլ են տալիս դասել նրան հայկական գիտական հանրության լավագույն ներկայացուցիչների շարքում»: Մեր ժամանակների ականավոր գիտնական եւ պետական գործիչ ակադեմիկոս Է. Ս. Գաբրիելյանի բնորոշմամբ, Կ. Գ. Ղարագյոզյանը տիրապետում է գիտական բացառիկ ինտուիցիայի, որը հնարավորություն է տվել նրան ճիշտ ժամանակին կողմնորոշվելու գիտական տեղեկատվական հորձանուտում եւ ընտրելու մեր հանրապետության ու բժշկակենսաբանության համար առավել հրատապ ուղղությունները:

Կ. Գ. Ղարագյոզյանը Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայկական բաժանմունքի ակադեմիկոսն ու փոխնախագահն է, նա անդամակցում է նեյրոքիմիայի համաշխարհային, եվրոպական եւ ամերիկյան գիտական ընկերություններին, օրգանական քիմիայի համաշխարհային ասոցիացիային, Հայաստանի նեյրոքիմիկոսների ընկերության նախագահն է, Հայաստանի բժշկական գիտությունների իսկական ակադեմիայի իսկական անդամը, «Նեյրոքիմիա» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալը, բազում գիտական խորհուրդների, մասնագիտական խորհուրդների, մասնագիտական գիտական ամսագրերի խմբագրական կոլեգիաների անդամ է: Կ. Գ. Ղարագյոզյանի ուշադրությունից անմասն չի մնացել նաեւ մեր երկրի պաշտպանությանը վերաբերող ոլորտը` նա ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ակադեմիայի գիտխորհրդի ակտիվ անդամներից է:

Իր գիտակազմակերպչական եւ հասարակական գործունեության համար Կ. Գ.Ղարագյոզյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Ռ. Ս. Քոչարյանի կողմից պարգեւատրվել է Անանիա Շիրակացու շքանշանով, ՀՀ Ազգային ժողովի խոսնակի շնորհակալագրով, ինչպես նաեւ Ռոբերտ Կոխի, Պաստյորի Աշխարհի ժողովուրդների հոգեւոր միասնության միջազգային ակադեմիայի պատվավոր մեդալներով:

Կ. Գ. Ղարագյոզյանը ակտիվ հասարակական գործիչ է, նրա անհրաժեշտությունը զգացվում է ամենուրեք, որտեղ կա խրթին խնդիրների լուծման, մարդկանց օգնելու անհրաժեշտություն: Նա գիտի լսել մարդկանց, չվիրավորել գործընկերոջ արժանապատվությունը եւ լինել սկզբունքային, եթե դա են պահանջում գործը եւ երկրի շահերը: Նա երիտասարդական ավյունով եւ միշտ աշխատանքային տրամադրությամբ ոգեւորում է իր աշակերտներին եւ գործընկերներին եւ միշտ մատնանշում է գիտական արդյունավետ գործունեությունում մարդկային բարյացակամ փոխհարաբերությունների դերը:

Իր ծննդյան 80-ամյակին ակադեմիկոս Կ. Գ.Ղարագյոզյանը լի է նոր գիտական մտահղացումներով, մտահոգություններով գիտության զարգացման ուղիների ճիշտ, իրատես ընտրության վերաբերյալ եւ անսահման լավատեսությամբ մեր հայրենիքի ապագայի նկատմամբ:

Սրտանց շնորհավորում ենք ակադեմիկոս Կ. Գ. Ղարագյոզյանին եւ ցանկանում նրան քաջառողջություն, երկար տարիների կյանք, նորանոր հաջողություններ եւ երջանկություն անձնական կյանքում:

ՀՀ ԳԱԱ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4