«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2007-09-28 | #177, 2007-09-29 | #178, 2007-10-02


«ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ» ՏՈՆՈՒՄ Է ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 15-ԱՄՅԱԿԸ

1991-ին մի խումբ հայրենասեր, ազգանվեր կանայք ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում հիմնեցին «Հայ կանանց միջազգային միավորումը», 1992-ի հոկտեմբերին նման կառույց ստեղծվեց անկախ Հայաստանի Հանրապետությունում: Այսօր ՀԿՄՄ-ն մասնաճյուղեր ունի Հայաստանի մարզերում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, ԼՂՀ-ում: Միությանն անդամակցում են գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, տնտեսության բնագավառի հարյուրավոր կանայք եւ կարեւոր առաքելություն են իրականացնում հայրենիք-սփյուռք կապերի ակտիվացման, աշխարհասփյուռ հայ կանանց հնարավորությունները մեկտեղելու նպատակով: Ինչպես տեղեկացրեց ՀԿՄՄ նախագահ, ԱԺ պատգամավոր, Հրանուշ Հակոբյանը, անցած ժամանակաշրջանում մի քանի կարեւոր ձեռնարկներ են եղել տարբեր ոլորտների ու խավերի համար: «Մեր նպատակներից է աջակցել եւ հայ կնոջը աշխատելու, գործակցելու լայն հնարավորություններ ստեղծել, ընդգրկել երկրի տնտեսական ու քաղաքական կյանքի զարգացման մեջ»:

Հոկտեմբերի 2-7-ը Երեւանում եւ մարզերում կանցկացվի ՀԿՄՄ 15-ամյակին նվիրված միջոցառումների շաբաթ, որի մեկնարկը հոկտեմբերի 2-ին, ժամը 17-ին կտրվի Երեւանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում «Ամեն ինչ երեխաներին» խորագրի ներքո: Շաբաթվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներից զատ միավորման անդամները կայցելեն Մայր աթոռ Սուրբ Էջմիածին, Ծիծեռնակաբերդի համալիրի տարածքում կկազմակերպվի ծառատունկ: Իսկ անվանի հայուհիներին այցելելը դարձել է միավորման շարունակական ծրագրերից, այս անգամ նրանք կհյուրընկալվեն ժողովրդական նկարչուհի Արմինե Կալենցին, ժողովրդական արտիստուհիներ Օֆելյա Համբարձումյանին, Հրաչուհի Ջինանյանին:

Արդեն Երեւան են ժամանել ՀԿՄՄ սփյուռքի կառույցներից ներկայացուցիչներ, որպեսզի միասին տոնեն միավորման 15-ամյակի միջոցառումներն ու նոր ծրագրերի շուրջ խորհրդակցեն:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4