Սիրիահայ բարերար Գաբրիել Չեմբերջյանը համարվում է լաբորատորիաների սարքավորումներ պատրաստող միջազգային մասնագետ: Հազարավոր լաբորատորիաներ ստեղծող մասնագետը մայր հայրենիքի դպրոցներին է նվիրաբերել 150 տարբեր լաբորատորիաներ: «Ազգի» հետ զրույցում պրն Չեմբերջյանը նշեց. «Այս անգամ, անկախության 16-ամյակի կապակցությամբ Հայաստանի դպրոցներին նվիրեցինք ֆիզիկայի, քիմիայի եւ կենսաբանության 200 լաբորատորիաներ ամբողջ սարքավորումներով»: «Իսկ առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք» հարցին պրն Գաբրիել Չեմբերջյանը պատասխանեց. «Վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ որոշեցինք ստեղծել 10 խոշոր կենտրոնացված լաբորատորիաներ, որտեղ տարբեր դպրոցներից միաժամանակ կօգտվեն ու իրենց նախընտրած մասնագիտությունը կուսումնասիրեն աշակերտները, նաեւ ուսանողները»: Պրն Չեմբերջյանը տեղեկացրեց, որ անկախության 16-րդ տարեդարձի առիթով Դեր Զորում կատարել են հիվանդանոցի եւ ծննդատան շինարարության հիմնարկեքը, որպես երախտագիտություն արաբ ժողովրդին: Դրանք անվճար ծառայություններ են մատուցելու: «Մենք հոն մեռանք եւ հոն պիտի ծնինք», նշեց պրն Չեմբերջյանը եւ տեղեկացրեց, որ հաջորդ տարի կլինի բուժհիմնարկների բացումը վարչապետի մասնակցությամբ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ