Իսկ Երեւանի քույր քաղաքները 24-ն են
Աշխարհի 15 քաղաքներից պատվիրակություններ կժամանեն մասնակցելու «Երեւանի օր» տոնակատարությանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 11-13-ին: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երեւանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գեւորգյանը: Դրանք Երեւանի «քույր» կամ գործընկեր քաղաքներն են: Մասնավորապես սպասվում են հյուրեր Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Վոլգոգրադից, Դոնի Ռոստովից, Մագնիտոգորսկից, Մինսկից, Սպահանից, Օդեսայից եւ այլ քաղաքներից: Հյուրերն այս տարի ավելի շատ կլինեն նախորդ տարվանից: Վարչության պետը նշեց, որ որպես կանոն այդ քաղաքների պատվիրակություններից յուրաքանչյուրը կցվում է Երեւանի համայնքներից մեկին եւ մասնակցում հանդիսություններին այդ համայնքում: Մոսկվան մշտապես Կենտրոն համայնքի հետ է մասնակցում եւ այլն: Տեղեկացվեց նաեւ, որ հյուրերին դիմավորելու եւ նրանց կեցության ծախսերը հոգալու համար հատկացվել է 25 մլն դրամ:
Իսկ ընդհանրապես Երեւանը համագործակցության պայմանագրեր ունի 24 քաղաքների հետ, որոնցից ոմանց հետՙ դեռ խորհրդային ժամանակներից: Այդպիսի օրինակ էր Չեռնոգորիայի Տիտոգրադ քաղաքը: Ինչ մնում է մեր ժամանակներին, ապա Երեւանին «քույր» դարձած վերջին քաղաքը ֆրանսիական Նիցցան էր, որին նախորդել էր ամերիկյան Լոս Անջելեսը: Ըստ Դավիթ Գեւորգյանի, առավել ակտիվ համագործակցություն կա ֆրանսիական Լիոնի եւ Մարսելի, ԱՊՀ երկրներիցՙ Մոսկվայի հետ: Դրանք տարվում են տարբեր ոլորտներումՙ սկսած տեխնիկական համագործակցությունից մինչեւ կրթական ծրագրեր: Նիցցան, օրինակ, հայկական կողմին հետաքրքրում է զբոսաշրջության առումով:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ