Սեպտեմբերի 29-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում` վեհարանի հանդիսությունների դահլիճում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան հանձնեց «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանին` բարձր գնահատելով նրա ազգօգուտ ու եկեղեցաշեն արդյունաշատ վաստակը:
Շքանշանի հանձնման հանդիսությունը բացվեց Տ. Պարույր քահանա Ավետիսյանի ողջույնի խոսքով: Այնուհետեւ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը ներկայացրեց մեծարյալի կյանքի ուղին եւ արդյունաշատ վաստակը:
Ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո ներս բերվեց հայրապետական սրբատառ կոնդակը եւ ընթերցվեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի կողմից:
Հայրապետական կոնդակում ի մասնավորի ասվում է. «....Երկար տարիներ ճանաչում ենք հավատավոր հայորդուդ եւ քաջածանոթ ենք Ձեր զորեղ հավատքին, զոհողության պատրաստակամությանը, մեր հայրենիքի կյանքին բերած ձեր վաստակին: Հասարակական կյանքում հասնելով հաջողությունների, դուք գնահատելի ծառայություններ եք մատուցում մեր ժողովրդին` սատարելով հայորդյաց բարօրությանն ուղղված տարբեր ծրագրերին: Գոհություն ենք մատուցում առ Աստված, որ ազգանվեր ու հայրենասեր ոգին զորեղ է հայորդյաց սրտերում` առաջնորդելով բարի իրագործումների:
Որդիական ջերմ սիրով դուք նախանձախնդիր եք նաեւ Առաքելական մեր Սուրբ եկեղեցու շինությանն ու պայծառությանը: Շարունակելով մեր եկեղեցուն օգտակար լինելու պայծառ ավանդները, որոնք դարերով խնամվել ու պահպանվել են մեր ժողովրդի հոգում` Դուք հավատավոր ու ազնիվ ոգով ստանձնեցիք Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Վազգենյան մուտքի կառուցման հովանավորությունը, որով առավել բարեզարդվեց ու գեղեցկացավ Մայրավանքի շրջակայքը: Մեր Սուրբ եկեղեցուն մատուցած Ձեր ծառայություններն արդյունաշատ են նաեւ Սուրբ Էջմիածնի հրատարակչական առաքելությանը «Տիգրան Մեծ» տպարանի բերած կարեւոր աջակցությամբ: Հիրավի, Ձեր ընտանիքի անունն այլեւս անբաժան է Սուրբ Էջմիածնի պատմությունից եւ մշտապես աղոթքով ու բարեմաղթանքներով պիտի հիշվի երախտագետ հայորդյաց կողմից»:
Կոնդակի ընթերցումից հետո Նորին սրբությունը մեծարյալի կուրծքը զարդարեց Հայ եկեղեցու բարձրագույն` «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով:
Շքանշանի հանձնումից հետո երախտագիտության խոսք ասաց տիար Վրեժ Մարկոսյանը` խորին շնորհակալություն հայտնելով Վեհափառ հայրապետին ընծայված մեծ պատվի համար:
Հանդիսությունը փակվեց Ամենայն հայոց հայրապետի օրհնության խոսքով: Վեհափառ հայրապետը, անդրադառնալով մեծարյալի արժանիքներին եւ եկեղեցուն ու ազգին բերած ծառայություններին, գոհունակությամբ արձանագրեց. «Բարեգործությունը հոգեկերտվածք է: Շատ անձեր կարող են ունենալ նյութական հարստություն, բայց բարեգործ լինելու համար պետք է ունենալ սեր, անվերապահ սեր ազգի, հայրենիքի եւ եկեղեցու նկատմամբ: Այդ սիրով է հատկանշված անունը տիար Վրեժ Մարկոսյանի»:
Հանդիսության ընթացքում հայ եւ եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններով ելույթ ունեցավ մայր տաճարի երգչախումբը` ղեկավարությամբ Ռուբեն Շարբաթյանի: