«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2007-09-28 | #177, 2007-09-29 | #178, 2007-10-02


ԱՆԱՆԴԸ ՇԱԽՄԱՏԻ ԹԱԳԱԿԻՐ ԱՐՔԱ

Մեխիկոյում ավարտվեց շախմատի աշխարհի առաջնությունը: Ինչպես եւ սպասվում էր, ուժեղագույնի տիտղոսը նվաճեց հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը: Ավարտական երկու տուրերում Անանդը ոչ-ոքի ավարտեց պարտիաները Գրիշչուկի եւ Լեկոյի հետ: Հնդիկ գրոսմայստերը 14 հնարավորից վաստակեց 9 միավոր եւ արժանիորեն նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նա միակն էր, որ այդպես էլ չպարտվեց: Անցկացրած 14 պարտիաներից 4-ում Անանդը հաղթեց, 10-ն ավարտեց ոչ-ոքի:

Ինչ խոսք, իր հնարավորություններից ցածր հանդես եկավ Լեւոն Արոնյանը, որին մասնագետներից շատերը Կրամնիկի եւ Անանդի հետ համարում էին հաղթողի հիմնական հավակնորդներից մեկը: Նախավերջին տուրում Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Սվիդլերի հետ, իսկ ավարտական պարտիայում սեւերով զիջեց Վլադիմիր Կրամնիկին: Արդյունքում, Արոնյանը 6 միավորով Ալեքսանդր Մորոզեւիչի հետ բաժանեց 6-7-րդ տեղերը: 14 պարտիաներում Արոնյանը տոնեց ընդամենը 2 հաղթանակ (Լեկո, Գրիշչուկ), 8 անգամ հաշտություն կնքեց, կրեց 4 պարտություն (Անանդ, Կրամնիկ, երկու անգամ` Գելֆանդ):

Անանդից մեկ միավորով հետ մնացին եւ 2-3-րդ տեղերը բաժանեցին Բորիս Գելֆանդն ու Վլադիմիր Կրամնիկը: Գելֆանդը նախավերջին տուրում ոչ-ոքի խաղաց Կրամնիկի հետ, վերջին տուրում միավորը կիսեց Մորոզեւիչի հետ: Միայն վերջին տուրում անդրանիկ հաղթանակը տոնեց Պյոտր Սվիդլերը` պարտության մատնելով Ալեքսանդր Գրիշչուկին: 4-րդ տեղը 7 միավորով զբաղեցրեց Պետեր Լեկոն, որին հաջորդում է Պյոտր Սվիդլերը (6,5 միավոր): Աղյուսակը 5,5 միավորով եզրափակեց Ալեքսանդր Գրիշչուկը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4