Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի խաղացանկով աղյուսակում առաջին չորս հորիզոնականները զբաղեցնող թիմերը մրցեցին հաջորդ տեղերը զբաղեցնող ակումբների հետ եւ հաղթանակներ տոնեցին:
Պայքարի լարվածությամբ եւ գոլերի առատությամբ առանձնացավ «Արարատի» եւ «Գանձասարի» հանդիպումը: Վերջին չորս հանդիպումներում արարատցիներն անհաջող էին հանդես եկելՙ վաստակելով ընդամենը մեկ միավոր: Իսկ ահա «Գանձասարը» վերջին շրջանում վերելքով է խաղում եւ փորձում է խառնվել մրցանակային տեղերի համար մրցավեճին: Խաղասկիզբը խոստումնալից էր արարատցիների համար, որոնք արդեն 4-րդ րոպեին բացեցին հաշիվը: Գոլի հեղինակը Նշան Էրզրումյանն էր: Սակայն «Գանձասարին» ոչ միայն շուտով հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը (Բենիամին Մանուչարյան), այլեւ ռումինացի լեգեոնական Կոնստանտին Պաունեսկու ջանքերով հաշվի մեջ առաջ անցնել: Ճիշտ է, մինչեւ ընդմիջում արարատցի Վահագն Մինասյանը հավասարեցրեց հաշիվը:
2-րդ խաղակեսը բավական հաջող դասավորվեց արարատցիների համար: Նախ Նշան Էրզրումյանը մեն-մենակ հայտնվելով դարպասապահի դիմացՙ կրկին առաջ մղեց իր թիմին, ապա ընդամենը մեկ րոպեի ընթացքում փոխարինման մտած Գեւորգ Նռանյանը երկու անգամ գրավեց «Գանձասարի» դարպասըՙ հաշիվը դարձնելով 5-2: Թվում էր, թե արարատցիները խոշոր հաշվով կհաղթեն, բայց պաշտպանների ու դարպասապահի անփույթ խաղի հետեւանքով խաղավերջին երկու գոլ բաց թողեցին: Հյուրերից աչքի ընկան Էդգար Սաֆարյանն ու Վալերի Ալեքսանյանը: Ինչեւէ, «Արարատին» վերջապես հաջողվեց ընդհատել անհաջողությունների շարքը եւ 5-4 հաշվով հաղթանակ տոնել:
Առաջնության հետնապահներից մեկըՙ «Ուլիսը» մինչ «Փյունիկի» հետ մրցախաղը տոնել էր 3 հաղթանակ, 2 հանդիպում ավարտել էր ոչ-ոքի: Բայց չեմպիոնի հետ մրցավեճում ուլիսցիներին չհաջողվեց շարունակել անպարտելի խաղերի շարքը: «Փյունիկի» գերակշռությունը մրցակցի նկատմամբ արտահայտվեց 3 անպատասխան գոլով, որոնց հեղինակները դարձան Լեւոն Փաչաջյանը, Ֆելիքս Հզեյնան ու Վարդան Պետրոսյանը: «Փյունիկն» ամրապնդեց առաջատարի դիրքերը:
Առաջնության վերջնագծում արդյունավետ խաղ է ցուցադրում «Բանանցը», որը շրջանցելով «Արարատին», այժմ «Փյունիկի» հետ պայքարում է չեմպիոնության համար: Հերթական հաղթանակը «Բանանցը» տոնեց «Շիրակի» նկատմամբ (2-0): Աչքի ընկան Արսեն Բալաբեկյանը եւ Արամ Հակոբյանը (11 մ հարվածով): «Բանանցը» 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ այդ հանդիպումներում դարպասը պահելով անառիկ:
Մրցանակային տեղերի համար պայքարում հերթական 3 միավորը վաստակեց «Միկան», որը սեփական հարկի տակ 3-1 հաշվով պարտության մատնեց «Կիլիկիային»: Հաշիվը 17-րդ րոպեին բացեց «Միկայի» երիտասարդ հարձակվող Նարեկ Բեգլարյանը: Ընդմիջումից հետո «Միկայից» աչքի ընկան Ալեքսն ու Տիգրան Դավթյանը, իսկ «Կիլիկիայից» միակ գոլը խփեց «Արարատից» հարազատ թիմ վերադարձած Հարություն Հովհաննիսյանը:
Առաջնության հերթական տուրը կկայանա հոկտեմբերի 3-ին: Այդ օրը տեղի կունենա «Փյունիկ»-«Բանանց» սկզբունքային հանդիպումը: «Փյունիկի» հաղթանակի դեպքում չեմպիոնի հարցը կարելի կլինի լուծված համարել, իսկ եթե հաջողությունն ուղեկցի «Բանանցին», ապա ոսկե մեդալների համար մրցավեճը նոր ուժով կբորբոքվի:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Փյունիկ | 21 | 15 | 2 | 4 | 51-15 | 47 |
2. Բանանց | 22 | 13 | 4 | 5 | 42-20 | 43 |
3. Արարատ | 22 | 13 | 3 | 6 | 38-31 | 42 |
4. Միկա | 21 | 10 | 6 | 5 | 37-22 | 36 |
5. Գանձասար | 22 | 9 | 5 | 8 | 26-24 | 32 |
6. Շիրակ | 22 | 6 | 6 | 10 | 20-30 | 24 |
7. Ուլիս | 22 | 4 | 4 | 14 | 12-41 | 16 |
8. Կիլիկիա | 22 | 1 | 2 | 19 | 7-50 | 5 |
Ռմբարկուները
Մարկոս | «Արարատ» | 17 |
Գեւորգ Ղազարյան | «Բանանց» | 11 |
Արսեն Բալաբեկյան | «Բանանց» | 11 |
Լեւոն Փաչաջյան | «Փյունիկ» | 9 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ