Եթովպիայի ուղղափառ Թեւահեդո եկեղեցու գահակալ Նորին սրբություն Պաուլոսի հրավերով Ադիս Աբեբայում օրերս տեղի է ունեցել Եթովպիայի Հազարամյակի գագաթաժողովը, որին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ մասնակցել են Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Ոսկան արք. Գալփաքյանը եւ Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Աշոտ եպս Մնացականյանը: Գագաթաժողովին մասնակցել է նաեւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ը:
Օսկանյանը Նյու Յորքում
Այսօր նախարար Վարդան Օսկանյանը հանդիպելու է Թուրքիայի իր գործընկեր Ալի Բաբաջանի հետ: Իսկ հոկտեմբերի 3-ին նախատեսված է նրա ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում:
Պուտինը վարչապե՞տ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իրական է համարում 2008-ին ղեկավարել կառավարությունը, եթե ընտրություններում հաղթանակ տանի «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը: Այս առաջարկը նրան արվել է «Միացյալ Ռուսաստան» կուսակցության համագումարի ժամանակ: Վլադիմիր Պուտինը համաձայնել է ղեկավարել կուսակցության ընտրական ցուցակը դեկտեմբերին սպասվելիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Կասպարովը միասնական թեկնածու
Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գ. Կասպարովը «Քաղաքացիական միացյալ ճակատի» կողմից ընտրվել է որպես ընդդիմության միասնական թեկնածու 2008-ի նախագահական ընտրություններում: Կասպարովն այս պայքարում հաղթել է ընդդիմության մյուս թեկնածուներինՙ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովին, Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Վիկտոր Գերաշչենկոյին եւ այլն:
ՕԵԿ-ը իր թեկնածուով
«Օրինաց երկիր» կուսակցության վարչության ընդլայնված նիստում որոշում է ընդունվել 2008-ի նախագահական ընտրություններին առաջադրել Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը: Վերջինիս թեկնածությունը կհաստատվի նոյեմբերին սպասվելիք համագումարում:
Բրիտանացի լրագրողի բացահայտումները
Բրիտանացի լրագրող Թոմաս դե Վալը իր` «Սեւ այգի» կոչվող գրքի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը համաձայնության է եկել Ադրբեջանի հետ տարածքների հանձնման շուրջ: Ըստ նրա, Ռոբերտ Քոչարյանը նման հայտարարություն չի անում վախենալով արժանանալ Լեւոն Տեր-Պետրոսյանի ճակատագրին: Թոմաս դե Վալն ընդգծել է, որ երկու երկրների ղեկավարներն անկեղծ չեն իրենց ժողովուրդների առաջ, հետեւաբար խնդրի կարգավորումը ձգձգվում է: Որպես օրինակ նշեց Իլհամ Ալիեւի լոնդոնյան ելույթը, որտեղ նա ամենաբարձր ինքնավարություն է խոստացել Ղարաբաղին, սակայն նույն հայտարարությունը, երբեք չի անի Բաքվում:
Մեր վաղվա համարում
«Ազգի» վաղվա համարը լույս կտեսնի 24 էջով. 16 էջանոց ներդիրը նվիրված է Գերմանիայի վերամիավորման 17-րդ տարեդարձին, որին նվիրված ողջույնի խոսք է ստորագրել Հայաստանում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորին: Մյուս էջերում ընթերցողը կծանոթանա Հայաստանում գործող գերմանական ընկերությունների կամ դրանց ներկայացուցչությունների գործունեությանը, ներդրումներին, խորհրդատվական, կրթական, բարեգործական, գիտական կազմակերպությունների կատարած աշխատանքին: