«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2007-10-03 | #180, 2007-10-04 | #181, 2007-10-05


ԹՈՇԱԿԱՌՈՒՆ «ԿԱՇԱՌՈՒՄ Է» ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Կառավարության առջեւ երեկ միայնակ բողոքի ակցիայի էր ելել 80 տարեկան թոշակառու Անժիկ Շահինյանը եւ վզից կախած դիմումներով, եռագույնով սպասում էր վարչապետի հետ հանդիպմանը: Տկն Անժիկն «Ազգին» ասաց, որ վարչապետին խնդրում է վերականգնել խնայբանկի իր իրավունքները:

«2005-2006 թվականներին նախկին կառավարության կոպիտ սխալի զոհը դարձավ իմ ավանդը: Այսօր որպես անպետք թղթի կտոր իմ ավանդի գրքույկն ընկած է բարձիս տակ` սպասելով արդարադատության: Այդ 8-րդ հոդվածն իմՙ 80 տարեկան վատառողջիս ոտնահարված հույսի ու հավատի, արժանապատվության կործանման դրսեւորումն է: Ուստի խնդրում եմ ձեզ, պարոն վարչապետ, վերացրեք այդ 8-րդ հոդվածը, ճանաչելով իմ ավանդի հաշվարկներն ու վճարումը, քանի որ ես` 80 տարեկանս, չեմ կարող սպասել այլեւս, գերեզման կգնամ անիծելով», գրել է 80-ամյա Անժիկը վարչապետին ուղղված նամակում, որից մեկ օրինակն էլ խմբագրությունում է:

80-ամյա թոշակառու տատիկը վերջում «կաշառում է» վարչապետին` խոստանալով իր խնդրի լուծման դեպքում ընտանիքի 5 անդամներով նրան ընտրել: Եթե ոչ, ապա տկն Անժիկը նշում է, որ կընտրի նրան, ով կպաշտպանի ժողովրդի եւ իր ավանդի շահերը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4